«Հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականության գերակա գաղափարախոսության է վերածվել». Հ. Նաղդալյանի ելույթը Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում
«Նորվեգիայի թագավորության մայրաքաղաք Օսլոյում Սեպտեմբերի 10-13-ը տեղի են ունենում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքները, որին Հայաստանից մասնակցում են ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, և ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը::
ԱԺ փոխխոսնակն այսօր հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց Հայաստանի զարգացումները Անկախության շրջանում, որի 23-ամյակը նշվելու է օրերս` հանգամանորեն նկարագրելով իրականացված քաղաքական և տնտեսական բարեփոխումների արդյունքում Հայաստանի ընթացքը քաղաքացիական ինստիտուտների կայացման, համաեվրոպական արժեքների և ժողովրդավարության հաստատման ուղով:
Ներկայացվեցին մեր երկրում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի, ազատ տնտեսական մրցակցության, պետական հաստատությունների գործունեության թափանցիկության ապահովումը, խոսքի ազատության երաշխավորումը և այն ամենը, ինչ արվում է Հայաստանում` առաջադիմության և խաղաղ զարգացման ապահովման ուղղությամբ:
Ընդգծելով մեր երկրի ձգտումը և գլխավոր առաջնահերթությունը խաղաղ զարգացման և առաջադեմ արժեքների ամրապնդման գործում, ԱԺ փոխխոսնակը անդրադարձավ այն արտաքին դժվարություններին, որոնք էապես խոչընդոտում են Հայաստանի զարգացման ընթացքը , մասնավորապես հարևան Թուրքիայի կողմից 20 տարի շարունակ իրականացվող շրջափակումը, որը շարունակում է մնալ արտառոց երևույթ ժամանակակից քաղաքակրթության համար:
Հերմինե Նաղդալյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրության կողմից սատարում գտած հայկական նախաձեռնությունը` նորմալ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարևան պետության հետ, առաջ չի գնում Թուրքիայի անընկալության պատճառով: ԱԺ փոխխոսնակը ներկայացրեց հարևան Ադրբեջանի կողմից պատերազմի մշտական հրահրումը և ազգային ատելության բորբոքումը , ինչը այլատյացության, քսենոֆոբիայի հստակ դրսևորում է, որի մասին հաճախ խոսում են եվրոպացի քաղաքական գործիչները, և այս համաժողովում ևս իրենց ելույթներում շատերն անդրադարձան, հատկապես ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը և Նորվեգիայի խորհրդարանի խոսնակ Օլեմիկ Թոմմեսենը: Գլոբալիզացիայի և ինտեգրացիայի հաղթարշավի այս դարում, ըստ Նաղդալյանի, սա բացարձակ ետքայլ է, որ դուրս է դնում տարածաշրջանը ժամանակակից զարգացումների միտումներից:
Հերմինե Նաղդալյանը Օսլոյի համաժողովի ամբիոնից հայտարարեց, որ հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականության գերակա գաղափարախոսության է վերածվել, երկրում իշխող քարոզչության գլխավոր բաղադրիչը: Կազմվում են Արցախ այցելած քաղաքական գործիչների, լրագրողների, սպորտի, մշակույթի գործիչների «սև ցուցակներ», որոնց մեջ ընդգրկված անձանց թիվը գնալով ավելի ընդլայնվում է ի հաշիվ այն ազնիվ անհատների, ովքեր գալիս են իրենց աչքերով տեսնելու` ինչ կյանքով է ապրում անկախացած Արցախի ժողովուրդը: Այս երկրում երկու ժողովուրդների միջև կապեր ստեղծելու, իրադրության լարվածությունը թուլացնելու ցանկացած փորձ քրեորեն պատժվում է, գործիչները դատապարտվում են ծանր հոդվածներով:
Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրման հետ կապված` ելույթի մեջ ուղղակիորեն շեշտվեց, որ մարդկային բազմաթիվ զոհերի հանգեցնող հրադադարի հաճախացած խախտումները և պատերազմի հետևողական նախապատրաստությունը միջազգային հանրության կողմից անհրաժեշտ գնահատականը չի ստանում, անուղղակիորեն նպաստելով ամենաթողության և ագրեսիվության բորբոքմանը:
Ադրբեջանը ավելացրել է իր պատերազմական ծախսերը ավելի քան 20 անգամ, դրանով ստեղծելով տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող իրական, մեծ վտանգ: Այս խնդիրներն այսօր առանձնապես վտանգավոր են այն պատճառով, որ սպառնում են ապահավասարակշռել ոչ միայն տարածաշրջանը, այլև ողջ մայրցամաքը:
Տիկին Նաղդալյանը մեզ տեղեկացրեց նաև, որ իր ելույթից առաջ հանդես է եկել նաև Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը, որի ելույթի հիմնական դրույթները վաղուց ծանոթ էին համաժողովի մասնակիցներին, ինչպես միշտ՝ ազգերի ինքնորոշումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության սկզբունքի ներքո, ազգերի ինքնորոշման իրավունքը հաճախ քողարկում է անջատողականությունը, ահաբեկչությունը, չմոռանալով հերթական անգամ մեղադրանքներ հնչեցնել Եվրոպայի հասցեին, թե իբր վերջինս աչք է փակում այն փաստի վրա, որ Հայաստանը իբր 20 տարի է ինչ օկուպացրել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը:
Ուկրաինայում այսօր կատարվող իրադարձություններից իրենց օգուտը քաղելու միտումով, հույս ունենալով, որ այս պահին համախոհներ կունենան ինչպես խնդրով շահագրգիռ երկրների, այնպես էլ հակառուսական դիրքորոշում ունեցողների թվում, Ասադովը առաջարկում է, իր խոսքով` «սպեկուլյացիաներին վերջ տալու համար» հատուկ կոնվենցիայի միջոցով ամրագրել, որ ինքնորոշման իրավունքը կարող է տեղի ունենալ միայն տարածքային ամբողջականության տիրույթներում:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը մեկնաբանում է, որ փաստորեն, դիկտատորների կողմից ժողովուրդների ազատության և անկախության ձգտումը սեպարատիզմ է որակվում, իսկ միջազգային իրավունքի կողմից ճանաչված նորմերին անդրադարձը համարվում սպեկուլյացիա»: