ՀՅԴ-ն կողմնորոշվելու համար ժամանակ է վերցրել

Այսօր խորհրդարանական քառյակն իր հերթական անպտուղ հանդիպումն անցկացրեց: Անպտուղ այնքանով, որ այս հանդիպման ժամանակ ևս որևէ հարցի վերաբերյալ որոշում չկայացվեց: Մասնավորապես՝ քառյակը պետք է որոշեր, թե ինչպիսին է նրա անդամների ընդհանրական դիրքորոշումը քառյակի կողմից կառավարությանն առաջադրված պահանջների կատարման հարցի վերաբերյալ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է, որ 12 կետերի կատարման ընթացքի վերաբերյալ քառյակի կուսակցությունների դիրքորոշումները համընկնում են, սակայն չի մանրամասնում, թե որոնք են այդ մոտեցումները:

Մյուս հարցը վերաբերում է նախապես հայտարարված հանրահավաքի օրվա ճշգրտմանը: Հակոբյանն ասում է, որ այս հարցով իրենք որոշում կայացրել են, բայց այդ որոշումը կհրապարակեն հինգ օր հետո՝ սեպտեմբերի 17-ին: Եթե որոշումը կա, ապա անհայտ է, թե ինչո՞ւ չեն հրապարակում այն:

Այս անորոշությունների պատճառը ՀՅԴ դիրքորոշումն է կամ դիրքորոշման բացակայությունը: Քառյակի անդամ երեք կուսակցություններն էլ կողմ են հոկտեմբերի 17-ին հանրահավաք հրավիրելու որոշմանը, և սեպտեմբերի 17-ին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի, որ հանրահավաքը հրավիրվելու է ուղիղ մեկ ամիս անց: Քառյակի նիստերին մասնակցող ՀՅԴ անդամ պատգամավորներն ասում են, որ իրենք չեն կարող հանդես գալ կուսակցության անունից, և պետք է սպասել, մինչև Գերագույն մարմինը կքննարկի և այս հարցով որոշում կկայացնի: Սեպտեմբերի 17-ին ՀՅԴ անդամները կունենան ԳՄ որոշումը և կկարողանան ասել՝ իրենք մասնակցո՞ւմ են քառյակի հանրահավաքին, թե՞ ոչ: ԳՄ-ում պետք է քննարկվի 12 կետերի կատարման ընթացքը և գնահատական տրվի:

Բայց ո՛չ ՀՅԴ-ում, և ո՛չ էլ քառյակի անդամ մյուս երեք կուսակցություններում չի քննարկվում շատ ավելի կարևոր հարց. Ո՞րն է լինելու հանրահավաքի օրակարգը: Քառյակի անդամ բոլոր կուսակցություններում էլ կա դժգոհություն կառավարության գործողություններից, քանի որ քառյակի պահանջներից և ոչ մեկը չի կատարվել: Բայց քառյակի անդամ կուսակցություններից ոչ մեկը չգիտի, թե խոսելով իրենց պահանջների չկատարման և կառավարության քայլերից իրենց դժգոհության մասին՝ իրենք ի՞նչ են առաջարկելու հանրությանը: Քառյակի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներն ասում են, որ եթե իրենք քառյակի նիստում փորձեն անդրադառնալ այդ հարցին, ապա մոտեցումներն այնքան հակադիր կլինեն, որ, միևնույն է, որոշում չի կայացվի:

Դրա համար որոշել են ընդհանրապես չքննարկել հետագա գործողությունների ծագիրը և այդ հարցը որոշել հընթացս: Օրինակ՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է, որ իրենք առաջնորդվելու են ժողովրդի կամքով, և կախված հանրահավաքի եկածների տրամադրություններից՝ կորոշեն, թե ինչ անել հանրահավաքից հետո:

Հնարավոր է այլ տարբերակ ևս. քառյակի նիստերին մասնակցողներն իրականում ոչինչ էլ չեն որոշում, նրանք ընդամենը ֆոն են ստեղծում, թե քաղաքական հարցերը քննարկվում և որոշվում են հենց այդ ֆորմատով, մինչդեռ իրականում հարցերը լուծվում են ավելի բարձր մակարդակով, իսկ քառյակը հետագայում դրանք ընդամենը հրապարակայնացնում է:

 

 

Տեսանյութեր

Լրահոս