Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներն արդեն սկսել են անդրադառնալ Հայաստանի վրա. Անուշ Սեդրակյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը վստահ է, որ Արևմուտքի կողմից սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի դեմ արդեն սկսել են անդրադառնալ Հայաստանի վրա:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ Հայաստանն այդ պատժամիջոցներից օգտվելու մեկ տարբերակ ունի. «Այսինքն՝ վերցնել և դառնալ այն փաթեթավորող, միջնորդ երկիրը, որը կկարողանա տանել ապրանքը, մտցնել Ռուսաստան՝ իբր թե հայակական ապրանքի տեսքով:
Այս սպեկուլյատիվ ապրանքաշրջանառությունից մենք ինչ-որ բան կարող ենք շահել, բայց ես չեմ կարծում, որ հարցը այս ապրանքային սանկցիաների մեջ է, ավելի լուրջ սանկցիաներ են տեղի ունենում՝ դա նավթի էժանացումն է, գազի էժանացումն է»,- ասաց նա: Ըստ Սեդրակյանի, ասյօր Ռուսաստանն ունի պետական գույք ու սեփականություն Արևմուտքի բոլոր երկրներում.
«Դրանք փայաբաժիններն են նավթավերամշակման, արդյունաբերական կազմակերպություններում, դրանք պետական գույք են, պետակցիաներ են տարբեր խոշոր պետական կորպորացիաներում: Եւ սանկցիայի վերջին փաթեթն ուղղակի ուղիղ խփում է այդ պետական գույքի շահագործմանն ու ընդհանուր շափաբաժնին»:
Ա. Սեդրակյանի խոսքով հիմա արդեն Արևմուտքն ընկալել է Ռուսաստանը՝ իբրև վտանգ և դնում է Ռուսաստանը վերջնականապես տնտեսապես և քաղաքականապես ծվատելու խնդիրը. «Ընդ որում, այդ ծրագիրը Ամերիկայի նախագահը գրեթե բառ առ բառ հնչեցրեց, որ այլևս Ռուսաստանը որևէ կերպ չի կարող համարվել նույնիսկ ՆԱՏՕ-ի նեյտրալ գործընկեր: Իսկ դա թարգմանաբար նշանակում է, որ այսուհետ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի թշնամին է, և դա արվում է ամենաբարձր ատյանների մակարդակով»: Ա. Սեդրակյանը կարծում է, որ աշխարհը դնում է տնտեսական և քաղաքական բարիկադներ ու մենք հայտնվում ենք բարիկադների ոչ բարենպաստ կողմում.
«Եթե անգամ մենք որոշակի պահի շանեք միջնորդ-փաթեթավորողի ֆունկցիայից (եթե մեզ թույլ տան, եթե մեր մաքսատուրքերը ԵՏՄ-ն այնքան չբարձրացնի, որ այդ սպեկուլյատիվ լուսանցքից էլ մենք ոչինչ չշահենք), գլոբալ առումով մենք շատ տուժում ենք: Եւ այստեղ պետք է արդեն խորագույնս մտածենք պետական շահի մասին:
Մենք միշտ խոսում ենք անվտանգության մասին՝ ի նկատի ունենալով առաջին էտապի ռազմական արձագանքը, այսինքն՝ ռազմական անվտանգությունը, երբ որ մենք արդեն մոռանում ենք զուտ էլեմենտար սոցիալ- տնտեսական, առողջապահական անվտանգության մասին, որովհետև լուրջ քննարկվում է ոչ թե վիզաների տրամադրման խնդիրը, այլ այն խնդիրը, որ նույնիսկ Արևմուտքի հետ այդ մարդկանց փոխանակությունն էլ կարող է շատ դժվարանալ:
Մինչդեռ, Հայաստանը, ցավոք, միգրանտական շուկա է, մենք աշխատուժ ենք արտահանում և կարող ենք կանգնել նաև այն փատսի առաջ, որ սկսած առողջապահական խնդրից, վերջացրած աշխատանքային խնդրով՝ այլևս չկարողանանք լուծել»: