«Իսլամականացումը նաև որոշակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար». Սարգիս Գրիգորյան
«13 տարի առաջ Միացյալ նահանգները ենթարկվեց աննախադեպ հարձակման: Աննախադեպ, քանի որ իսլամական մի արմատական կառույց մարտահրավեր նետեց գերհզոր մի պետության, և հիրավի շատերը 21-րդ դարը սկսում են հաշվել հենց այդ իրադարձություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Արաբագետը նկատեց, որ 13 տարի առաջ հայտարարված պայքարը իսլամիստ ծայրահեղականների դեմ չի տվել իր արդյունքները: Այս ամենի մասին, նրա խոսքով, կարելի է հասկանալ երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տարածած հայտարարությունից, որ ԱՄՆ-ն նորից կանգնած է մի նոր մարտահրավերի, մի նոր սպառնալիքի առաջ.
«Իսլամիստ ծայրահեղականների կառույցի դեմ նորից պետք է ձևավորվի կոալիցիա, նորից պետք է պայքար սկսվի և այլն: Պետք է արձանագրել նաև, որ նրանց դեմ այդ պայքարն այնուամենայնիվ որոշակի արդյունքներ տվեց, քանի որ մեծ վնաս հասցվեց Ալ- Քաիդային. ռազմական ճամբարները վերացվեցին, Ալ-Քաիդան գլխատվեց և այլն:
Բայց սրան զուգահեռ ի հայտ եկան հակառակ միտումներ. Ալ-Քաիդան դարձավ ցանց, այն ստեղծեց իր ճյուղավորումները աշխարհի տարբեր հատվածներում, ձևավորվեցին սրան հարող իսլամական ծայրահեղ արմատական այլ ուժեր:
Կարծում եմ՝ 13 տարի առաջ հայտարարված այդ պայքարն իր արդյունքը չտվեց, քանի որ ԱՄՆ-ն ու ողջ Արևմուտքը լավ չգնահատեցին, չգիտակցեցին այն միտումները, որոնք այսօր առկա են մուսուլմանական աշխարհում, ճիշտ չգնահատվեց ստեղծված իրավիճակը, այլ վերաբերմունք դրսևորվեց ընդհանրապես իսլամի նկատմամբ՝ մասնավորապես իսլամական արմատականության և ծայրահեղ արմատականության նկատմամբ: Փաստորեն ԱՄՆ-ն նոր սպառնալիքի առաջ է և եթե այդ բացթողումները չշտկվեն, կարծում եմ՝ պատմությունը նորից կարող է կրկնվել»:
Սարգիս Գրիգորյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանը իսլամականացվում է, և դա արդեն վտանգ է ներկայացնում.
«Եթե ժամանակին Ալ-Քաիդան ջիհադական պայքարը դարձրեց ցանցային, այսինքն՝ ջիհադական պայքարն ուղղեց դեպի դուրս մուսուլմանական աշխարհից, ապա այժմ այս նոր կառույցը՝ Իսլամական պետությունը, փորձում է ջիհադական ներուժը համախմբել և ուղղել մի կետի, մի տարածաշրջանի. դա Մերձավոր արևելյան տարածաշրջանն է: Ահա այս իսլամականացումը նաև որոշակի սպառնալիք է այդ տարածաշրջանին մոտ գտնվող Հայաստանի Հանրապետության համար:
Նշեմ, որ մեր հարևանները՝ ադրբեջանցիները, բավական ակտիվ ներգրավված են այդ պայքարում, բավական մեծ թվով իսլամականներ կռվում են Իսլամական խալիֆայության կազմի մեջ, և սա իր հետ այդ վտանգներն է բերում: Չմոռանանք, որ այնտեղ մենք ունենք նաև հայկական համայնքներ և կարծում եմ՝ հայ համայնքն այնտեղ ապահովագրված չէ այդ կառույցի հետագա ծայրահեղ, մոլեռանդ դրսևորումներից»: