Աշոտ Աղաբաբյան. Ժողովրդի ինչի՞ն է պետք հասկանա, թե Աղաբաբյան Աշոտն ով է
Ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 66 պատգամավոր, նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում՝ 70-ից 35-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 21-ը: parliamentmonitoring.am-ը հարցազրույցների շարք է սկսել խորհրդարանում ակտիվությամբ չառանձնացած պատգամավորների հետ: Կայքի զրուցակիցը Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է:
– Պարոն Աղաբաբյան, Դուք Հանրապետական խմբակցության այն պատգամավորներից եք, ովքեր աչքի չեն ընկնում իրենց օրենսդրական ակտիվությամբ՝ նիստերի ժամանակ հարցեր չեք տալիս, ելույթներ չեք ունենում և օրինագծեր չեք հեղինակում: Ինչո՞վ եք դա բացատրում:
– Եթե մարդը պատգամավոր է, դա չի նշանակում, որ պետք է անընդհատ խոսի, հարցեր տա, անընդհատ իրեն ցույց տա: Մենք ունենք խմբակցություն, որտեղ քննարկում ենք բոլոր հարցերը: Խմբակցության, հանձնաժողովների նիստերում հարցերի քննարկումներ լինում են, և ես դրանց ակտիվ մասնակցում եմ: Բայց դա չի նշանակում, որ ես պետք է լիագումար նիստերի ժամանակ էլ հարցեր տամ և այլն: Խմբակցությունը մի ընտանիք է, որը ղեկավարվում է մեր քաղաքական ղեկավարների կողմից: Եվ իմ այս տարիքում պարտադիր չեմ համարում, որ ասեմ, թե այս հարցը տվեք ես զեկուցեմ, այդ հարցը տվեք ես տամ: Դրա համար կան երիտասարդներ, ես ուղղակի ցանկություն չունեմ: ԱԺ նիստերի համար մենք ունենք մարդիկ, ովքեր ակտիվ մասնակցում են, ավելի մասնագիտական մոտեցումներով, բառապաշարով են խոսում, քան մենք կարող ենք:
– Այսինքն խմբակցությունո՞ւմ է որոշվում, թե նիստերի ժամանակ ով ելույթ ունենա, ով ինչ հարց տա:
– Իհարկե, բա եթե խմբակցությունը չկազմակերպի իր աշխատանքը ԱԺ նիստերին, բա այդ խմբակցությունն ինչի՞ համար է:
– Իսկ որևէ օրինագծի քննարկման ժամանակ Դուք հրապարակավ հարցեր տալու կամ ելույթ ունենալու անհրաժեշտություն չե՞ք ունենում:
– Բայց ինչի՞ պիտի ունենամ: Ես ուզում եմ հասկանալ, ժողովրդին պետք է, որ ես խորհրդարանում հարցե՞ր տամ, խոսե՞մ: Ինձ դա պետք չէ: Ինձ հետաքրքիր չէ, թե ժողովուրդն իմ մասին կմտածի՝ ես ԱԺ-ում խոսացո՞ղ եմ, հարց տվո՞ղ եմ, թե՞ ինչ եմ: Ինձ հետաքրքիր է, որ ժողովուրդն իմ մասին մտածի, թե հասարակական կյանքում, հասարակությանը, իմ պետությանը իմ գործունեությամբ ինչքանով եմ պիտանի:
– Իսկ ժողովուրդն ինչպե՞ս պետք է հասկանա՝ պիտանի՞ եք, թե՞ ոչ:
– Ժողովրդի ինչի՞ն է պետք հասկանա, թե Աղաբաբյան Աշոտն ով է:
– Բայց Դուք պատգամավոր եք` այդ նույն ժողովրդի կողմից ընտրված: Ժողովուրդը պե՞տք է հասկանա, թե իր ընտրյալն ԱԺ-ում ինչով է զբաղված:
– Այդ ընտրողը գիտի, որ իր անձնական, իր գյուղի խնդիրների համար ես միշտ կանգնած եմ և ամեն ինչ անում եմ: Գիտի նաև այն, որ ես չեմ կարող որոշ մարդկանց, օրինակ, Մարգարյան Հովիկի նման, մեջտեղ ընկնել: Նա իմ ընտրատարածքում արդեն քանի տարի է փորձում է ընտրվել, բայց չի ստացվում: Ինչո՞ւ: Որովհետև այդ ժողովուրդն ինձ է սիրում, իրեն չի սիրում: Որովհետև այդ ժողովրդի ականջը ինքն է լցնում, բարոյական, հոգևոր արժեքները ես եմ լցնում: Բա ինչո՞ւ են ինձ անընդհատ ձայն տալիս:
– Բայց չէ՞ որ պատգամավոր լինելը ենթադրում է նաև օրենսդրական աշխատանք, ինչով Դուք չեք զբաղվում:
– Իհարկե: Բայց ինչո՞ւ է բացակայում: Եթե դուք մոնիթորինգ եք անում, թե որ պատգամավորի գործունեությունն ինչպես է, և իմ անունը հնչում է, անկեղծ եմ ասում, դա ինձ հետաքրքիր չէ:
– Այդ դեպքում ինչո՞ւ չեք զբաղվում միայն Ձեր բիզնեսով ու բարեգործությամբ:
– Ես ինչ ուզում եմ, դառնում եմ, որովհետև ես կյանքով պայքարում եմ դրա համար` բարոյական, ազնիվ ու անկեղծ ճանապարհով: Ուզում եմ պատգամավոր դառնալ, դառնում եմ: Ուզեմ նստել այստեղ ու անընդհատ օրենքների վրա աշխատել, դա կանեմ, բայց դա իմ աշխատաոճը չէ, որովհետև ես դրա համար չեմ ծնվել: Դրա համար ծնված գիտե՞ս ինչքան մարդ կա, թող նստեն ու գրեն: Իսկ իմ ընտրողների հետ կապված օրենսդրական խնդիրները ես ներկայացնում եմ խմբակցություններում ու հանձնաժողովներում, և դրանք լուծում են ստանում: Եթե այդ խնդրի լուծումը գործադիրում է, ես նրանց մոտ եմ դա բարձրացնում: Չի լինում դեպք, որ ինձ նամակ գա, ու ես այդ խնդրով վերադասին կամ իմ գործընկերներին չդիմեմ:
– Պարոն Աղաբաբյան, ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ ձեր կուսակցության խորհրդի նիստի ժամանակ ԱԺ-ն համեմատեց խրամատի, իսկ խրամատը լքողներին` դասալիքների հետ: Եթե Դուք ԱԺ աշխատանքներին չեք ցանկանում մասնակցել, նշանակում է լքո՞ւմ եք խրամատը:
– Յուրաքանչյուր հայ նախ ինքն իր մեջ պետք է ռազմիկ լինի, զինվոր լինի: Հրամանատար լինի տանը և իր խոսքի մեջ ունենա հրամայականը, եթե ինքն իր հայրենիքը շատ է սիրում: Ես հարցնում եմ, Քոչարյանի՞ ժամանակ էր լավ, հիմա՞ է լավ: Իսկ այդ որտե՞ղ է լավ: Գնացեք` տեսեք, թե այլ երկրներում ինչ է կատարվում: Այն լավը, որ այսօր այստեղ կա, չնկատել և վատի՞ վերածել: Այդպես չէ: Ես Էկվադոր եմ գնացել, ոչ հզոր երկիր է, նավթի ու ոսկու հարուստ պաշարներ ունի, բայց մեր մուրացկանները նրանց աղքատների մոտ կհամարվեն միջին դաս:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: