Բաժիններ՝

Թութուն ցանեք ու ռուսերեն սովորեք

«Այս անգամ ոչ մի հույս չկար»,- կարծեմ այսպես պիտի հնչի Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիների» հայկական թարգմանությունը: Պատկերացրեք ընթերցողի հոգեվիճակը, որ վերցրել է հանրահայտ գրողի նույնքան հանրահայտ գիրքն ու հենց առաջին տողից իմացել, որ ոչ մի հույս չկա: Նույն զգացողությունն ունեցա, երբ լսեցի, թե ինչ բանաստեղծություն է անգիր սովորում ավագ դպրոցի 12-րդ դասարանցի դուստրս: Ռուսերեն բանաստեղծությունը կոչվում էր «Հայրենիք»:

Անկեղծ ասած, այդ թեմայով ռուսական պոեզիայից բավական բանաստեղծություններ եմ հիշում: Լավ բանաստեղծություններ: Բայց այս մեկն անհասկանալի էր: Հայաստանցի աշակերտին հանձնարարվել է անգիր սովորել խորհրդային «բանաստեղծուհի», մանկագիր, լրագրող Զինաիդա Ալեքսանդրովայի ստիխը: Բանաստեղծության, կամ նման մի բան հիշեցնող տեքստում ասվում է, որ «Հայրենիք» ասելով` ամեն մարդ մի բան է հիշում: Մեկն` ինչ-որ գործարան, մյուսը` գետափնյա կեչի, երրորդն` իր մոսկովյան բակը: Չեմ թաքցնում, որ պոեզիայի նկատմամբ թուլություն ունեմ ու գնահատում եմ ռուսական պոեզիան: Բայց որքան հիշում եմ, սույն տիկինը` Զինաիդա Ալեքսանդրովան, ընդամենը մեկ հանրահայտ ու խիստ մանկական բանաստեղծությամբ է հայտնի:

Հետևաբար հետաքրքիր էր, թե ինչպե՞ս է նրա ստիխը հայտնվել ավագ դպրոցի ավարտական դասարանի ռուսաց լեզվի դասագրքում: Եվ, որ ավելի անհասկանալի է, ինչո՞ւ պիտի հայ երեխան «Հայրենիք» ասելով` մոսկովյան բակ հիշի: Ինքնին հասկանալի է, որ այս հարցերը հռետորական են: Ոչ ոք դրանց հոդաբաշխ պատասխանը չի տա: Ո՛չ դասագրքի հեղինակները, ո՛չ այն հաստատող Կրթության նախարարությունը` իր բազում կառույցներով: Բազում ու բազմամարդ: Սույն թեմային չէի անդրադառնա:

Ի վերջո, ինքս եմ հետևել, որ դուստրերս ռուսական գրականություն ու, մասնավորապես, պոեզիա կարդան: Բայց «Ռուսաց լեզվի» դասագրքային հանձնարարությունը, որ պարտադրվում է հայ դպրոցի ավարտական աշակերտին, մեղմ ասած, զգլխիչ էր: Այն կարծես բոլորովին այլ նպատակ ունի: Տիկիններ Ռուզաննա Ռուբենովնա Գրդզելյանի և Ռուբինա Անուշավանովնա Տեր-Առաքելյանի հեղինակած դասագրքի հենց առաջին էջերից սովորեցնում է աշակերտին դպրոցի տնօրենին ռուսերեն նամակ գրել, լիազորագիր տալ որևէ առիթով, ստացական գրել: Հիշեցնեմ` խոսքը հայկական դպրոցի աշակերտներին սովորեցնելու մասին է: Ու ոչ թե ռուսաց լեզու սովորեցնելու, այլ` պաշտոնական գրություններ գրելու:

Երևի դասագրքի հեղինակներն ու այն հաստատած ՀՀ կրթության նախարարությունը ՌԴ «Հայրենակիցներ» հանրահայտ ծրագրի շրջանակներում իր վրա է վերցրել արտագաղթը խրախուսելու պարտականությունը: Ասել է թե` մեր ավագ դպրոցի շրջանավարտն իր գրագիտական ցենզով լիովին պատրաստ է ՌԴ միգրացիոն ծառայությունների անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելու:

Այլապես, դժվար թե որևէ մեկի մտքով անցներ հայ դպրոցի աշակերտին սովորեցնել պաշտոնական գրություններ գրել ռուսերեն: Համեմատեք ու ինքներդ կտեսնեք, որ, ասենք, անգլերենի դասագրքերը երեխաներին սովորեցնում են անձնական կամ գործնական նամակներ գրել: Բայց ոչ երբեք` պետական, պաշտոնական ու իրավական գրություններ: Զարմանալի է, թե սույն դասագրքի հեղինակ տիկնայք ե՞րբ և ինչպե՞ս են գլխի ընկել, որ ռուսաց լեզուն մեզ պարտադրվում է` որպես պետական լեզու: Մենք, ախր, նույնիսկ սրսուռ խորհրդային 1977 թվականին կարողացանք ՀԽՍՀ (չնայած ստույգ չեմ հիշում` 1977-ին մեր երկրի անունը ՀԽՍՀ է՞ր, թե՞ ՀՍՍՀ) Սահմանադրության մեջ ամրագրել հայոց լեզվի պետական կարգավիճակը: Ու հիմա ՀՀ դպրոցական դասագրքերում Ռուսաց լեզուն պորոպագանդվում է, որպես մայրենի լեզու: (Տես` մեր կրության նախարարության հաստատած սույն դասագրքի 59 էջը):

Կարող եք համոզվել, որ «Մշակույթների խաչմերուկ» բաժնի 7-րդ տեքստը վերնագրված է` «Քեզ` իմ Պետերբուրգ»: Խորհրդային տարիներին ստացած իմ դպրոցական կրթությունը բավական համեստ ծավալներ էր հատկացնում հայ ժողովրդի պատմությանը: Բայց անգամ այդ համեստ գիտելիքներով կարող եմ պնդել, որ Պետերբուրգը երբեք մերը չի եղել: Ի վերջո, այն ընդամենը 1703թ. է հիմնադրվել: Իսկ մեր աշխարհակալ արքաները` Արտաշես Ա-ն ու Տիգրան Բ-ն, այդ ուղղությամբ արշավանքներ չեն կատարել: Իսկ եթե ավելի լուրջ` թերթեք այս դասագիրքը ու տեսեք, թե հզոր ռուսական գրականությունն ինչպես է ներկայացված այնտեղ:

Մեկ կամ երկու դասականի բանաստեղծություն ու արձակ տեքստ կգտնեք: Փոխարենը` անհեղինակ ոտանավորներ կան, որոնք մեջբերված են համացանցից: Հենց այդպես էլ գրված է` «Համացանցի նյութերից»: Եթե ուզում եք, որ ձեր զավակներն իմանան Նիկոլայ Օլեյնիկովի, Իգոր Սևերյանինի կամ, ասենք, Վելիմիր Խլեբնիկովի մասին, ինքներդ պիտի ձեր երեխաներին Ռուսաց լեզու և գրականություն դասավանդեք: Մեր դպրոցի դասագրքերի ու ՀՀ կրթության նախարարության հետ հույսեր կապել պետք չէ: Նրանք մեր երեխաներին ընդամենը ռուսերեն պաշտոնական գրագրություն կսովորեցնեն: Հուսանք, որ այդ հմտությունը նրանց երբեք պետք չի գա:

Հ.Գ. Եթե ՀՀ Կրթության ու գիտության նախարարության որևէ աշխատակցի որևէ մեկը պատմի այս հոդվածի մասին, և այն շարժի այդ պաշտոնյայի հետաքրքրությունը` թող դիմեն: Պատրաստ եմ հոդվածս թարգմանել իրենց մայրենի լեզվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս