Քաղաքացիները տուգանվելու մասին կծանուցվեն ինտերնետով և հեռախոսով
Հայաստանի քաղաքացիները վերջին մի քանի ամիսներին բախվում են տեսախցիկների և արագաչափերի գործունեության հետ կապված ամենատարբեր խնդիրների: Մեկ այդ սարքերի կողմից արձանագրված խախտումների համար կազմված տուգանքների մասին ծանուցումները քաղաքցիներին չեն հասնում, մեկ պարզվում է, որ տուգանքը եռապատկվել ու հնգապատկվել է, մեկ էլ ԴԱՀԿ-ն է առանց դատարանի որոշման 15 կամ 20 հազար դրամ տուգանքի համար կալանք դնում քաղաքացու ամբողջ հաշվի վրա:
Խորհրդարանականները որոշել են զբաղվել այս խնդրի լուծմամբ: Այսօր ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ իրենք ստորագրահավաք են կազմակերպում՝ սեպտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու պահանջով, որպեսզի օրենսդրական այնպիսի փոփոխություներ իրականացնեն, որոնք թույլ չեն տա ԴԱՀԿ-ին արտադատարանական բռնագանձումներ իրականացնել:
ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկում է փոփոխություն կատարել, որով պարտավորեցվում է վարչական մարմնին պատշաճ ծանութացել քաղաքացուն նրա նկատմամբ կազմված տուգանքի արձանագրության մասին: Այդ փոփոխությունը առաջին ընթերցմամբ ընդունվել է, իսկ երկրորդ ընթարցման քվեարկությունը կլինի հաջորդ քառօրյայում:
Մեկ այլ փոփոխությամբ, որտեղ Արփինե Հովհանիսյանը համահեղինակ է, նախատեսվում է տուգանել այն բանկերին, որոնք կալանք կդնեն քաղաքացու ամբողջ բանկային հաշվի վրա, և ոչ թե տուգանքի չափով:
Քանի որ Արփինե Հովհանիսյանը ամենալավատեղյակն է այս ոլորտում իրականցվող օրենսդրական փոփոխություններից, փորձեցինք նրանից ճշտել, թե ընդունվող փոփոխությունները ինչպե՞ս կարող են ավելի քիչ սղոցել տուգանված քաղաքացիների նյադրերը:
– Գործող կարգով՝ Ոստիկանությունը տուգանքի մասին ծանուցումը ուղարկում է քաղաքացու հաշվառման վայրի հասցեով և եթե անգամ քաղաքացին այդ հասցեում չի բնակվում և ծանուցումը չի ստանում, միևնույն է՝ Ոստիկանությունը համարում է, որ պատշաճ ծանուցել է քաղաքացուն տուգանքի մասին: Դուք ի՞նչ փոփոխություն եք առաջարկում:
– Մեր կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283 հոդվածում առաջարկվող փոփոխությունը նախատեսում է ծանուցման առձեռն հանձնելու սկզբունքը: Բայց եթե անգամ քաղաքացուն հնարավոր չի եղել գտնել, օրենքը թույլ չի տա, որ նա համարվի ավտոմատ ծանուցված: Մենք նախատեսում ենք, որ երկրորդ անգամ վարչական մարմինը գործադրի ողջամիտ ջանք քաղաքացուն գտնելու համար:
Բացի այդ՝ մենք նախատեսում ենք, որ քաղաքացիները իրենց ցանկությամբ կարող են ծանուցվել ինտերնետի`իրենց էլեկտրոնային փոստի և հեռախոսի միջոցով ուղարկվող հաղորդագրության միջոցով:
Սա շատ կարևոր փոփոխություն է, քանի որ հնարավորություն է տալիս քաղաքացուն կամավորության սկզբունքով դիմել վարչական մարմին`տվյալ դեպքում ոստիկանություն, որպեսզի տուգանքների մասին նրան ծանուցում ուղարկվի կամ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային հաղորդագրության միջոցով:Եվ երբ քաղաքացին կստանա նման նամակ կամ հաղորդագրություն, դրան հաջորդող օրվանից նա կհամարվի ծանուցված:
– Դուք, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի հետ ներկայացրել եք օրենսդրական մեկ այլ փոփոխություն որը բանկերի համար պատասխանատվություն է սահմանում այն դեպքերի համար, երբ նրանք կալանք են դնում ամբողջ հաշվի վրա, և ոչ թե ԴԱՀԿ-ի կողմից բռնագանձման ենթակա գումարի չափով:
– Սա վերաբերում է այն դեպքերին, երբ, ի վերջո, քաղաքացին տուգանվել է և նա չի վճարել այդ գումարը, իսկ ԴԱՀԿ-ն էլ բանկ է ուղարկել արգելանքի որոշում: Մեր մյուս նախաձեռնությամբ մենք պատասխանատվություն ենք սահմանում, եթե բանկը արգելանք է դնում ոչ թե ԴԱՀԿ-ի որոշմամբ նախատեսված գումարի , այլ քաղաքացու ամբողջ հաշվի վրա:
– Այսօր ՕԵԿ խմբակցությունը ներկայացրեց այս հարցի լուծման ավելի արմատական մոտեցում:Նրանք առաջարկում են ԴԱՀԿ-ին զրկել արտադատարանական բռնագաձման իրավունքից, դուք չե՞ք կիսում այս մոտեցումը:
– Սա շատ հայեցակարգային առաջարկ է, և այս մոտեցումը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում: Ես համարում եմ, որ այս պահին պետք է ձեռնպահ մնալ այդ առաջարկի քննարկումից, քանի որ այս հարցի սահմանադրականության քննարկումը գտնվում է Սահմանադրական դատարանի վարույթում: Եվ ես, և մեր բոլոր գործընկերները, այդ թվում և՝ ՕԵԿ, երբ խոսում ենք այս կարգի փոփոխման անհրաժեշտության մասին, հղում ենք կատարում Սահմանադրության 31-րդ հոդվածին, ըստ որի՝ նախատեսվում է քաղաքացուն սեփականության իրավունքից դատարանի որոշմամբ զրկելու կարգ,հետևաբար արտադատարանական բռնագանձումները համարում ենք, որ սահմանադրականության հետ խնդիր ունեն:
Այս հարցի լուծումը կարող է տալ միայն Սահմանադրական դատարանը: Քանի որ մարդու իրավունքների պաշտպանը այս հարցով հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան, և ՍԴ-ն նոյեմբերին քննելու է այս գործը, այդ պատճառով ես համարում եմ, որ ավելի օրինաչափ և ճիշտ կլինի սպասել ՍԴ որոշմանը, հետո նոր անդրադառնալ օրենքի փոփոխություններին: Հակառակ պարագայում կարող ենք «հետաքրքիր» իրավիճակում հայտնվել: Օրինակ, ՍԴ-ն կարող է որոշել, որ արտադատարանական բռնագանձումները օրինական են և մենք ստպված կլինենք կրկին անգամ վերանայել օրենքը: Դրա համար կարելի է սպասել մինչև նոյեմբեր, մինչև ՍԴ որոշումը, մանավանդ որ մեր կողմից առաջարկվող փոփոխությունները ծանուցման և բանկերի կողմից հաշիվների վրա կալանք դնելու մասով, հնարավորություն կտան քաղաքացիներին պաշտպանել իրենց իրավունքները, մինչև մենք հարցին ավելի արմատական և կոնցեպտուալ լուծում կտանք: