
Ոստիկանությունը չգիտի՞ Վալերի Օսիպյանի եղբորորդու գտնվելու վայրը, իսկ նրա փաստաբանը գիտի՞

Այսօր Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ոստիկանությունը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդուն հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ասել էր, թե արվում են «բոլոր տեսակի միջոցառումները՝ առաց որևէ կաշկանդվածության»: «Այս պահին Ոստիկանությունը իր հայտնաբերման վայրիի մասին դեռևս տեղեկություններ չունի»,- ասել էր Աշոտ Կարապետյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես ոստիկանությունը չգիտի Վալերի Օսիպյանի եղբորորդու գտնվելու վայրը, եթե նրա փաստաբանը հայտնում է, որ նա Հայաստանում է և բաժին կներկայանա քննչական գործողությունների ավարտից հետո:
«Փաստաբանը կատարում է իր փաստաբանական գործունեությունը, ես կխնդրեմ այդ հարցով դիմեք փաստաբանին, եթե ինքը գիտի՝ ինչո՞ւ չի իրավապահ մարմիններին հայտնում: Չէ՞ որ փաստաբանի գործառույթների համար մեկ խնդիրը իրավաբանների հետ, իրավական մարմինների հետ աշխատելն է: Ես չեմ կարծում, որ ինքը տեղը գիտի ու չի հայտնում, իսկ ոստիկանությունն այսօր տեղի հայտնաբերման հետ կապված այս պահին դեռևս տեղեկություններ չունի: Եվ խնդրում եմ, որ դա պետք չէ քաղաքականացնել, որովհետև Վալերի Օսիպյանի և մնացած բոլոր ոստիկանության աշխատակիցների մերձավորներն էլ կարող են հանցագործություն կատարել, որի պատասխանը նաև չկարողանա տալ հենց ինքը՝ ոստիկանը»,- ի պատասխան ասաց Աշոտ Կարապետյանը:
Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, որ քաղաքացի Սմբուլ Հովհաննիսյանն ասել է, որ փոխոստիկանապետն իրեն հանցավոր գործարք է առաջարկել, Աշոտ Կարապետյանն ասաց. «Դրանով Հատուկ քննչական ծառայությունում, ձեր ասած թեմայով, կա հարուցված քրեական գործ, և ես Հատուկ քննչական ծառայության քրեական գործերով չեմ կարող մեկնաբանություններ ասել, ուղղակի կարող եմ ասել, որ իմ տեղակալը բազմիցս Հատուկ քննչական ծառայությանը ցուցմունք է տվել: Եթե կա արարք, խնդրեմ, մեղադրանք թող առաջադրվի, համապատասխան հետևություններ ոստիկանության ղեկավարությունը կանի»: