
Ինչպե՞ս է իրականացվելու ապրանքների տեղափոխումը Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու դեպքում

«Ինձ թվում է՝ ինչ-որ համաձայնությունների վրա հույս դնելը մի քիչ միամիտ էր, որովհետև ակնհայտ է, որ այն, ինչ ցանկանում էին Հայաստանում և այն, ինչ ներկայացնում էին անմիջապես սեպտեմբերի 3-ից հետո, թե՝ բոլոր բեռները, որոնք գալու են Ռուսաստանից Հայաստան, կամ տեղափոխվելու են Հայաստանից Ռուսաստան մաքսազերծում չեն անցնելու Հայաստանի և Վրաստանի կամ համապատասխանաբար Ռուսաստանի և Վրաստանի սահմանում, պարզ է, որ Վրաստանը դրան չէր համաձայնվելու և երբևէ չի էլ համաձայնվի»,- այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուց հետո Հայաստանի և Վրասատնի հարաբերությունները, ապրանքի տեղափոխումն ինչպե՞ս է լինելու, որովհետև երբ Վրաստանի վարչապետը եկավ Հայաստան, այդ հարցով որևէ համաձայնություն ձեռք չբերվեց:
Բ. Նավասարդյանը կարծում է, որ ամեն դեպքում բոլոր սահմանային ընթացակարգերն անցնելու են սկզբում մեկ սահմանում, հետո՝ մյուս սահմանում. «Դա, իհարկե, բեռների տեղափոխման արագության համար բավականին լուրջ դժվարություն է, և այդ խնդրի լուծումն ակնկալել Վրաստանից՝ այսօր շատ միամիտ կլիներ: Այսինքն՝ այդ դժվարությունների հետ ուզում ենք, թե ոչ, հանդիպելու ենք»: