Ավետիք Իշխանյան. Եթե Սուրիկ Խաչատրյանին նորից նշանակեն մարզպետ, կնշանակի՝ ՀՀ իշխանությունները ձեռնոց են նետում բոլորիս
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը չի ուզում հավատալ, որ Սուրիկ Խաչատրյանը կարող է նորից Սյունիքի մարզպետ նշանակվել: «Եթե Սուրիկ Խաչատրյանին նորից նշանակեն մարզպետ, դա նշանակում է՝ Հայաստանի իշխանությունները ձեռնոց են նետում բոլորիս՝ հասարակությանը: Դուք կարող եք ասել, որ շատ են եղել նման դեպքեր: Այո´, գուցե շատ են եղել, բայց սա նշանակում է ձեռնոց նետել և ասել՝ ժողովուրդ, եթե քո մեձ դեռևս արժանապատվություն կա, կարո՞ղ ես ձեռնոցը վերցրու, հետս մենամարտիր: Թե չէ, դու ողորմելի ստրուկ ես և ես քեզ որպես ստրուկ պետք է պահեմ: Ես համարում եմ՝ եթե Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակեն, դա կլինի նորից ձեռնոց նետելը մեզ բոլորիս՝ հասարակությանը: Կվերցնե՞նք մենք այս ձեռնոցը, թե՞ ոչ, դրանից կհետևի, թե Հայաստանն ընդհանրապես՝ որպես պետություն, արժանի՞ է գոյություն ունենալու, թե՞ ոչ՝ որպես արժանապատիվ ժողովուրդ: Սա կլինի բացահայտիչ, ինդիկատոր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ավետիք Իշխանյանը:
«Միայն այն բանը, որ մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նա դարձավ Հանրապետական կուսակցության տեղի՝ Սյունիքի խորհրդի նախագահը, դա արդեն ցույց է տալիս, թե ինչպիսի իշխանություն մենք ունենք, որը լավագույն դեպքում կտրված է հասարակությունից, այսինքն՝ չի պատկերացնում՝ ինչ է կատարվում ժողովրդի մեջ, կտրված է և իրենց թվում է, թե հասարակությունը, ժողովուրդն իրեն շատ լավ ընդունում է: Սա լավագույն դեպքում, ինչին ես քիչ եմ հավատում: Իսկ ավելի ճիշտ, որ ընդհանրապես արհամարհում են և թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա, և ընդհանրապես չեն սիրում իրենց ժողովրդին և չեն սիրում իրենց երկիրը: Սա գուցե ավելի ճիշտ է: Կամ՝ երկուսը միասին»,- հավելեց Ավետիք Իշխանյանը: