
Ռուսաստանը զորքերի 70 տոկոսը դուրս է բերել Ուկրաինայի տարածքից. Պորոշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին օրինագիծը հաջորդ շաբաթ կներկայացվի Գերագույն ռադայի դիտարկմանը: Այս մասին կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Պորոշենկոն չի բացառել, որ մոտ ժամանակներս իրենք հարկադրված կլինեն հատուկ ռեժիմ սահմանել հակաահաբեկչական գոտուն հարակից գոտիներ քաղաքացիների մուտք գործելու համար: Պորոշենկոն նաև հրապարակել է երկրի արևելքի իրավիճակի մասին հետախուզության վերջին տվյալները:
Դրանց համաձայն, Ռուսաստանն իր զորքերի 70 տոկոսը դուրս է բերել Ուկրաինայի տարածքից: Պորոշենկոյի խոսքերով՝ Ուկրաինան հայտնվել է տևական ռազմական սպառնալիքի առջև, իսկ ներկայումս ընթանում է Ուկրաինայի անկախության համար պատերազմ: