Կ. Մանոյան. Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վերակենդանացնելու մասին որոշ ակնարկ կա
«Պետք է ասեմ, որ այդ հանդիպումը ինչ-որ տեղ Միացյալ նահանգների շահագրգռվածության արտահայտությունն էր, և չեմ կարծում, որ բանակցությունների գործընթացի վրա ուղղակի, անմիջական ազդեցություն ունեցել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ խոսելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:
Կ. Մանոյանի համար պարզ է, որ բանակցություններն առ այսօր առաջ չեն շարժվում հիմնականում Ադրբեջանի կեցվածքի, պահվածքի պատճառով. «Բայց ինչպես երևում է նախագահ Պուտինի միջնորդությամբ կայացած հանդիպումից, այս հանդիպումից, ինչպես նաև հոկտեմբերին նախատեսվող Ֆրանսիայի միջնորդությամբ նախագահների հանդիպումից, միջնորդ պետությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի պատերազմի հավանականությունը նվազագույնի իջնի»:
Տարածաշրջանում երկրորդ կարևոր իրադարձությունը, Կ.Մանոյանի կածիքով՝ Թուրքիայի նախագահի պաշտոնի ստանձնումն էր և Հայաստանի մասնակցությունը, ինչպես նաև այդ արարողությունից հետո Հայաստանի հանրապետության նախագահի կողմից Թուրքիայի նախագահին փոխանցված նամակը, որով հրավիրում է Թուրքիայի նոր նախագահին ներկա գտնվելու 2015 թվականի ապրիլի 24-ի Ծիծեռնակաբերդ.
«Կարծեք, նաև այնտեղ կա որոշ մոտեցում (թեև այդ մասին ուղղակի չի հրապարակվել) Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վերակենդանացնելու մասին որոշ ակնարկ, ու դրա համար այդ այցելությունը չէր կարելի ողջունելի համարել»:
Կ. Մանոյանը նշեց, որ Թուրքիայի նախագահի այս ընտրությունը կարևոր է Հայաստանի համար այնքանով, որ այս նախագահը փորձում է արդեն սահմանադրական փոփոխությունները չկատարված, շարժվել այնպես, կարծես այդ փոփոխությունները կատարվել են. «Հայաստանի հարաբերությունների հարցում չի կարելի ակնկալել, որ լուրջ որևէ տեղաշարժ կլինի այս նախագահի կողմից առաջիկա ամիսներին, որովհետև ինչպես ցույց տվեցին իր առաջին այցելությունները (առաջինը Հյուսիսային Կիպրոս, երկրորդը՝ Ադրբեջան) և այնտեղ իր վերահաստատումն այն քաղաքականությանը, որ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, պատճառ չկա կարծելու, որ իրականում այլ բան կանի»: