«Ակնհայտ է, որ Հայաստանը փորձում է Թուրքիայի նախագահին դժվարին կացության մեջ գցել»
Թեև հեշտ գործ չէ միավորել հայերին՝ Թուրքիայից փոխհատուցման ընդհանուր պահանջների փաթեթի շուրջ, սակայն չափազանց կարևոր է այն իրականացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին:
Այսօրվա հրամայականն է, որ հայերը խոսեն միաբերան՝ աշխարհին լսելի դարձնելով, թե իսկապես ինչ են ուզում Թուրքիայից, որովհետև տարաբնույթ պահանջները խառնաշփոթ ուղերձ կուղարկեն: Որոշ հայեր կբավարարվեն, եթե Թուրքիայի կառավարությունը պարզապես ճանաչի Ցեղասպանությունը և ներողություն խնդրի: Ուրիշները պահանջում են` ֆինանսական փոխհատուցում, բաց սահմաններ, ելք դեպի Սև ծով և Արարատ լեռան վերադարձ: Առավելագույնին ձգտողները, այդ թվում նաև տողերիս հեղինակը, պահանջում են այն ամենը, ինչ հայ ժողովուրդը կորցրել է Ցեղասպանության ժամանակ՝ փոխհատուցում 1.5 միլիոն հայերի սպանության համար, և նրանց ունեցվածքի, բանկային հաշիվների, եկեղեցիների, դպրոցների, գերեզմանոցների ու Արևմտյան Հայաստանի տարածքների վերականգնում: Նախորդ հոդվածներում ես կողմնակից եմ եղել ընդհանուր եզրի՝ «արդարության» ձգտման, մի բառ, որ ընդգրկում է հայ ժողովրդի բոլոր պահանջները Թուրքիայից:
Առավելագույնին ձգտելը ենթադրում է Ցեղասպանության ժամանակ հայերի ոչ միայն ամբողջ կորցրածի վերականգնում, այլև բանակցությունների լավագույն ռազմավարության կիրառում: Ինչո՞ւ պահանջել նվազագույնը և ստանալ նույնիսկ ավելի քիչ: Արդյոք ավելի խելամիտ չէ՞ սկսել առավելագույն պահանջներից և հասնել հնարավորինս լավագույն համաձայնության:
Այսպիսի խոհերի մեջ էի, երբ կարդում էի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի լավ շարադրված հոդվածը՝ «Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը», որն անցյալ շաբաթ հրապարակվել է «Ֆիգարոյում»: Նա ճիշտ է որակել նախագահ Էրդողանի և այլ թուրք պաշտոնյաների՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ վերջերս գործածած «ընդհանուր ցավ» և «արդար հիշողություն» դրույթները որպես «շինծու» և «մոլորեցնող»: Նալբանդյանը նաև մերժել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ «ճշմարտությունը պարզելու համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու» Թուրքիայի առաջարկը: Ցավոք, այս չարաբաստիկ առաջարկն ներառվել էր 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններում, որն արտգործնախարարը շարունակում է պաշտպանել իր հոդվածում: Բացի այդ, Հայոց ցեղասպանությունը ժխտելու և «Ցեղասպանության ճանաչման և դատապարտման» միջոցով «հաշտեցման» ձգտելու համար Թուրքիային պարզապես խարազանելու փոխարեն, արտգործնախարարը պետք է պահանջեր «արդարություն», որն իր մեջ ներառում է բոլոր հայկական պահանջները:
Իր մանրակրկիտ հոդվածի վերջում Նալբանդյանը «Ֆիգարոյի» ընթերցողներին հիշեցնում է, որ նախագահ Սարգսյանը հրավիրել էր նախագահ Էրդողանին «այցելելու Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապացությամբ: Մենք հուսով ենք, որ սա չի լինի կորցված հնարավորություն և Թուրքիայի նախագահն այդ օրը կլինի Երևանում»:
Ակնհայտ է, որ Հայաստանը փորձում է Թուրքիայի նախագահին դժվարին կացության մեջ գցել. կամ նա կմերժի հրավերը՝ աշխարհի աչքի առջև վատ լույսի տակ երևալով, կամ կգա Հայաստան 2015 թ. ապրիլի 24-ին և կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Այս ճարպիկ ծրագիրը հետապնդելու նպատակով, արտգործնախարարն անսովոր քայլի դիմեց՝ օգոստոսի 28-ի մասնակցելով նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը, որպեսզի նրան հանձնի նախագահ Սարգսյանի պաշտոնական հրավերը: Նալբանդյանն այցելեց Անկարա անմիջապես այն բանից հետո, երբ Էրդողանը վիրավորել էր հայերին, բողոքելով թուրքական հեռուստատեսությամբ, որ ոմանք իրեն անվանել են վրացի և «նույնիսկ ավելի վատ, ինձ հայ են անվանել»:
Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Էրդողանը կհայտնվի Երևանում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Եթե նա չգա, ապա հայ պաշտոնյաները կարող են ուրախանալ, որ իրենց հնարքը հաջողվեց՝ Էրդողանին ցույց տալով որպես խափանարարի: Սակայն, ի՞նչ կլինի, եթե հանկարծ Թուրքիայի նախագահն իրոք ժամանի Հայաստան 2015 թ. ապրիլի 24-ին: Էրդողանը կարող է շատ արտառոց բաներ ասել ու անել, սակայն նա խորամանկ քաղաքական գործիչ է և կարող է հեշտությամբ խույս տալ հայկական ծուղակից ու այն օգտագործել ի շահ իրեն: Էրդողանը կարող է այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Երևանում և հայտարարել, որ եկել է Առաջին համաշխարհային պատերազմի բոլոր զոհերի «ցավը կիսելու», այդ թվում՝ թուրքերի և հայերի: Դա շատ հաջող քարոզչական քայլ կլինի Էրդողանի համար…
Հենց միայն անցյալ շաբաթ, Ադրբեջան կատարած այցելության ընթացքում, նախագահ Էրդողանը կոշտ դիրքորոշում դրսևորեց Հայաստանի հանդեպ: Նա Ալիևին ասաց (արդեն հազարերոդ անգամ), որ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետ, քանի դեռ վերջինս դուրս չի եկել Արցախից: Նորանշանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ևս նմանատիպ կտրուկ հակահայկական ելույթներ ունեցան: Իր հերթին նախագահ Ալիևը խոստացավ աջակցել Թուրքիային՝ «հորինված Հայոց ցեղասպանության բացահայտման գործում»:
Պարզ է, որ Թուրքիան և Ադրբեջանը ուժեղացնում են իրենց հակահայ հայտարարությունները և համատեղ ջանքերն ընդդեմ Հայաստանի, և ոչ թե հաշտեցում որոնում: Ստեղծված իրավիճակում, Հայաստանը պետք է համարժեք կոշտ դիրքորոշում որդեգրի թուրքական երկու թշնամական պետությունների հանդեպ՝ սկսած Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից անհապաղ հետ կանչելուց:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի