ՀՅԴ-ն դուրս կգա՞ քառյակից

Երկուսուկեսամսյա ընդմիջումից հետո՝ վաղը, տեղի է ունենալու խորհրդարանական քառյակի հերթական հավաքը: Այս հավաքը քառյակի և նրա հետագա գործունեության համար կարող է ճակատագրական լինել: ՀԱԿ և ԲՀԿ ներկայացուցիչները խոսում են քառյակի՝ ճամփաբաժանի մոտ կանգնած լինելու մասին: Առաջիկայում քառյակի օրակարգի հիմնական հարցը ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն տեսնում են պայքարը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման դեմ և այդ առթիվ համաժողովրդական շարժման կազմակերպումը:

Ինչպե՞ս կարող է քառյակն իր ներկա կազմով նման խնդիր իրականացնել, եթե քառյակի անդամ կուսակցություններից երեքը քարոզում են ընդդեմ սահմանադրական փոփոխությունների իրականացման, իսկ ՀՅԴ-ն կողմ է այդ փոփոխությունների գաղափարին և պատրաստ է բանակցել իշխանության հետ նոր Սահմանադրության նախագծում որոշ կետեր իրենց ուզածով շարադրելու համար:

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» պատրաստվում են արդեն սեպտեմբերի կեսերից սահմանադրական փոփոխությունների դեմ քարոզչություն իրականացնել: Տեղերում կազմակերպվելու են հանդիպումներ, հանրահավաքներ, որոնց ընթացքում բացատրվելու է սահմանադրական փոփոխությունների վտանգավորությունը և դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը:

ԲՀԿ ներկայացուցիչները չեն համարձակվի նոր Սահմանադրության ընդունման դեմ կտրուկ խոսել, բայց նրանց փոխարեն դա կանեն ՀԱԿ-ը և, հնարավոր է՝ «Ժառանգությունը»: Նրանց հիմնական հակափաստարկը սահմանադրական փոփոխությունների դեմ լինելու է այն, որ դրանով Սերժ Սարգսյանը փորձելու է հավերժականացնել իր իշխանությունը: Նոր Սահմանադրության դեմ պայքարող ուժերը փորձելու են հասարակությանը համոզել, որ այս փոփոխությունների նպատակն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո պահպանի պետության ղեկավարի փաստացի լիազորությունները՝ ընտրվելով խորհրդարանի ղեկավար: Եվ քանի որ նոր Սահմանադրությամբ ամբողջ իշխանությունն անցնում է խորհրդարանական մեծամասնությանը, Սերժ Սարգսյանը լինելով իշխող քաղաքական ուժի ղեկավար և միաժամանակ զբաղեցնելով խորհրդարանի ղեկավարի պաշտոնը՝ կշարունակի լինել երկրի փաստացի ղեկավարը:

Բացի այդ, նոր Սահմանադրությամբ երկրի նախագահն ընտրվելու է ոչ թե անմիջական ընտրությունների միջոցով, այլ խորհրդարանի կողմից: Եթե սրան էլ գումարում ենք այն, որ խորհրդարանն է նշանակելու վարչապետին և հաստատելու կառավարության նոր կազմը, փաստացի կստացվի, որ խորհրդարանի ղեկավարն է որոշելու՝ ում նշանակել նախագահ, իսկ ում՝ վարչապետ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նրանց ազատել զբաղեցրած պաշտոններից:

«Եթե այսպիսի սկզբունքային հարցում մենք ընդհանուր մոտեցում չունենք, մնացած մանր հարցերում համագործակցությունն անհնարին է: Մենք պետք է հասկանանք՝ ովքեր են մեր դաշնակիցները, իսկ ովքեր են, որ չեն կիսում մեր մոտեցումները»,- ասում են ՀԱԿ ներկայացուցիչները: Նրանք առայժմ չեն ուզում հանդես գալ հրապարակային և քննադատել ՀՅԴ պահվածքը՝ ասելով, որ չեն ցանկանում ՀՅԴ-ին հնարավորություն տալ ասելու, որ իրենք են նախաձեռնել քառյակի պառակտումը: Նրանք ուզում են, որ ՀՅԴ-ն ինքը կողմնորոշվի և հայտարարի քառյակի կազմից իր դուրս գալու մասին: Վաղը ՀՅԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, և, եթե այդ կուսակցությունը շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունների կողմնակից, հնարավոր է, որ հենց վաղը հայտարարվի այս կառույցից ՀՅԴ-ի դուրս գալու մարին:

Ի դեպ, հենց այս հակասություններով է բացատրվում նաև այն, որ ՀՅԴ-ն չի դիմում Սահմանադրական դատարան «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին հարցով: ԲՀԿ-ն, որ մի պահ կարծես դեմ չէր այդ գաղափարին, հիմա ուզում է, որ ՀՅԴ-ն նախ՝ կողմնորոշվի նոր Սահմանադրություն հարցով, հետո միայն իրենք կորոշեն մնացած հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս