Ողջի գետը մահանում է (տեսանյութ)
Փոքր ՀԷԿ-երը եւ հանքարդյունաբերությունը Ողջի գետը վերածում են մեռյալ գետի: Ողջիի աղետալի վիճակը ԷկոԼուրի տեսախցիկը ֆիքսեց օգոստոսի վերջին`Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ: Կապանի և Քաջարանի միջև ընկած հատվածում՝ չհասած Ողջիի կոնսերվացված պոչամբար, գետն ամբողջովին ջրազրկված է:
«Մի քանի մարդիկ ջուրը վերցնում են և էլեկտրաէներգիա են ստանում, և տեսեք, թե ինչ վիճակում է այս լեռնային գետը՝ ջուր չկա»,-ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Նշենք, որ, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների, Ողջի գետի վրա կառուցված են «Ողջի 2» և «Ողջի 3» ՓՀԷԿ-երը, որոնք շահագործում է «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ն:
Հակոբ Սանասարյանը նշեց, որ ՀԷԿ-երից բացի Ողջի ջուրն օգտագործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը:
«Քանի որ նրանք, կարելի է ասել, օրեցօր իրենց հզորությունները մեծացնում են, արդեն Որոտանի ջուրն իրենց այլևս չի բավարարում, նրանք գետի առջև կառուցված ջրամբարն ուզում են օգտագործել որպես ջրային աղբյուր՝ ծրագիրն ընդլայնելու համար: Իրենք ուզում են ավելի մեծ քանակությամբ հանքաքար մշակել, հետևաբար ավելի շատ ջուր է պետք: Ըստ ինձ հասած տեղեկությունների` յուրաքանչյուր 1 խ/մ ջրի համար վճարում են 0,5 դրամ: Կա տեսակետ, որ դա էլ չի վճարվում», – ասաց Հակոբ Սանասարյանը՝ նշելով, որ Ողջին արդեն մեռյալ գետ է և իր մոտ 300 միլիոն խմ տարեկան ջրային հոսքը դուրս է գալիս Հայաստանի ջրային համակարգից և միաժամանակ դառնալու է թունավորման աղբյուր: Իսկ գետի կենսաբազմազանության մասին խոսք անգամ չի կարող լինել՝ ձկնաշխարհը նույնպես մեռած է:
Ողջի գետը գոյանում է Կապուտջուր և Քաջարանց գետերի միախառնումից և ԼՂՀ-ի տա-րածքում ձախից թափվում Արաքսի մեջ: Երկարությունը 82 կմ է: