Ըստ էության, Պուտինը նոր Նապոլեոնն է, իսկ Ուկրաինայի ճգնաժամը` նրա Աուստերլիցը. Forbes
2014 թվականի սեպտեմբերի 4-ին ամերիկյան Forbes պարբերականում հրապարակվել է Իմոն Ֆինգլթոնի «Երեք պատճառ, թե ինչու է Պուտինը ծիծաղում Ամերիկայի անզորության վրա» խորագրով հոդվածը, ինչը որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի Ուկրաինայի համար դիմակայությունը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունն ամրապնդվելու է զգալիորեն: Պուտինը, ըստ էության, նոր Նապոլեոնն է, իսկ ուկրաինական ճգնաժամը նրա դիվանագիտական Աուստերլիցն է:
(1805 թվականի աշնանը տեղի ունեցած Աուստերլիցի ճակատամարտում, որն անվանում են նաև երեք կայսեր ճակատամարտ, Նապոլեոն Բոնապարտին հաջողվել է հաղթանակ տանել Ռուսական ու Ավստրիական կայսրությունների ավելի մեծաթիվ զորքերի նկատմամբ, որոնց գլխավորել են ռուս ցար Ալեքսանդր I-ը և Ավստրիայի առաջին կայսր Ֆրանց II-ը – 168.am):
Պուտինը կպահպանի Ղրիմը և զգալիորեն կբարձրացնի Ուկրաինայի արևելյան մարզերի ռուսալեզու փոքրամասնության` Կիևին ընդդիմանալու կարողությունները: Մինչդեռ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշի մասին ավելի լավ է չհարցնել: Google-ում կարելի է գտնել ավելի մեկ միլիոն արդյունք, եթե որոնես Obama + wimp արտահայտությունը (wimp բառն անգլերենից թարգմանվում է որպես թուլամորթ):
Սակայն խնդիրը ոչ թե Օբամայի անձնական թերությունների, այլ` Ամերիկայի ներկայիս վիճակի մեջ է: Վերջին 60 տարվա և մասնավորապես 30 տարվա ընթացքում Ամերիկան հրաժարվել է գրեթե բոլոր լծակներից, որոնց շնորհիվ նա տոն էր տալիս համաշխարհային դիվանագիտությունում:
Ներկայումս Ամերիկայի մերձակա դաշնակիցները պատրաստ են քիչ թե շատ անտեսել նրա ցանկությունները: Այժմ Ամերիկայի բավական հարգալից դաշնակից Հարավային Կորեան պատրաստ չէ աջակցել Ռուսաստանի դեմ Օբամայի պատժամիջոցներին, իսկ Ճապոնիան սառնորեն է վերաբերվում դրանց:
Դա հասկանալի է` հաշվի առնելով, որ ճգնաժամից առաջ Ճապոնիան մոտ է եղել Ռուսաստանի հետ 70-ամյա տարածքային վեճի կարգավորմանը (փետրվարին ճապոնացիներն ու ռուսները հայտարարեցին, որ տարածքային վեճի շուրջ գագաթաժողով են անցկացնելու հոկտեմբերին կամ նոյեմբերին):
Անգամ Եվրոպայում Ամերիկայի դաշնակիցների միայն մի մասն է պատրաստ ծանր աշխատանք կատարել Օբամայի համար: Իտալիան, Իսպանիան, Կիպրոսը, Հունաստանը և անգամ Բուլղարիան հարաբերականորեն համակրում են Ռուսաստանին: Միայն Լեհաստանը, Լատվիան, Լիտվան ու Էստոնիան են լրջորեն մտահոգված Պուտինի գործողություններից:
Եվ ինչո՞ւ Ամերիկան գրեթե կորցրեց իր դիվանագիտական ազդեցությունը: Դա ունի երեք հիմնական պատճառ.
ա) Արտադրական տեխնոլոգիաներ – Ժամանակին ԱՄՆ-ը համաշխարհային առաջնորդ էր արդյունաբերության գործնականում բոլոր ոլորտներում: Մյուս երկրները, որոնք ցանկանում էին ամերիկյան արդյունաբերական առավել արդյունավետ նոու-հաուներ ստանալու միջոցով բարձրացնել իրենց արտադրողականությունը, շողոքորթում էին Ամերիկային:
Այժմ ամեն ինչ այլ է: Խնդիրն այն է, որ եթե դուք շատ բան չեք արտադրում, ապա դուք կարիք չունեք բազմաթիվ արտադրական տեխնոլոգիաների: Այժմ ավելի առաջադեմ արտադրական տեխնոլոգիաները բաժին են ընկնում Ճապոնիային ու Գերմանիային:
բ) Ֆինանսներ – Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը սկզբնական շրջանում կապիտալի խոշորագույն արտահանողն էր աշխարհում, սակայն վաղուց նա արդեն վերածվել է դրա ներկրողի: Ներկայումս նրա մաքուր արտաքին պարտավորություններն խոշոր պետությունների թվում իրականում ամենամեծն են` սկսած Օսմանյան կայսրության կործանման ժամանակաշրջանից:
Ճակատագրի հեգնանքով Օբամայի պատժամիջոցներից մեկն առնչվում է ամերիկյան կապիտալի շուկա ռուսական խոշոր ընկերությունների մուտքը փակելուն: 2013 թվականին Ռուսաստանն արտահանել է 75 միլիարդ դոլար, որոնց մեծ մասը բաժին են ընկել ամերիկյան պարտատոմսերին, մինչդեռ ԱՄՆ-ի կողմից կապիտալի մաքուր ներկրումը կազմել է 361 միլիարդ դոլար:
Այդ ԱՄՆ-ը կարիք ունի ռուսական կապիտալի, և ոչ թե ընդհակառակը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ֆինանսական ծառայությունների մատչելիությանը, ապա Օբամայի վարչակազմը հավանաբար կատարում է Պուտինի աշխատանքը, երբ Ռուսաստանից վտարում է ուոլ-սթրիթյան մանրէներին:
գ) Առևտուր – Նախկինում, երբ ԱՄՆ-ը պաշտպանում էր իր շուկաները, նրա դաշնակիցներն ու օտար մյուս պետությունները, մրցակցում էին միմյանց հետ` այդ շուկաներ արտոնյալ մուտք ստանալու համար: ԱՄՆ-ն այլևս չի պաշտպանում իր շուկաները: Անդամակցելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)` Վաշինգտոնը միակողմանի հրաժարվել է առևտրային հարաբերություններում ունեցած բոլոր վիթխարի լծակներից»: