Տուժողի գլխարկը հանել, դրել է դեմքին և այդպես պահել է մի քանի վայրկյան. դատարանն անչափահասին մեղավոր է ճանաչել սպանության մեջ

Առաջին ատյանի դատարանը անչափահաս տղային մեղավոր է ճանաչել սպանության մեջ և դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման:
Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղակատվական համակարգում տեղադրված դատարանի վճռից, նախաքննության մարմնի կողմից անչափահասին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ կնոջ տան հյուրասենյակում, անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել տան տիրոջ հետ, որի ընթացքում ապօրինաբար նրան կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է նրա դեմքին, գցել գետնին, այնուհետև ոտքերով հարվածներ է հասցրել գլխի, դեմքի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում, որից հետո ձեռքերով սեղմել նրա պարանոցը, պատճառելով կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնասի հատկանիշներ ունեցող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով տուժողը մեխանիկական շնչահեղձությունից և գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, արտաքին շնչական անցքերի փակման և պարանոցի օրգանների ձեռքերով սեղման-խեղդման և գանգուղեղային փակ, բութ վնասվածք ստանալու պատճառով մահացել է:

Ինչ է ապացուցված համարել դատարանը
Իր վճռում առաջին ատյանի դատարանը նշել է, որ դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարում, որ 2014թ. հունվարի 22-ին, ժամը 11:30-ի սահմաններում, անչափահաս, այդ ժամանակ տասնհինգ տարեկան, ամբաստանյալն իր ընկերոջը հանդիպելու նպատակով գնացել է Երևանի փողոցներից մեկում գտնվող տուժողի տուն, որտեղ բնակվելիս է եղել նաև նրա ընկերը, ով տանը չի եղել։ Տուժողը դժգոհություն է հայտնել ամբաստանյալի և նրա ընկերոջ վարքից, ամբաստանյալից պահանջել դուրս գալ իր տնից։ Ամբաստանյալը չի ենթարկվել տուժողի պահանջին, մնացել է նրա տան հյուրասենյակում և հեռուստացույց է դիտել։ Տուժողն անջատել է հեռուստացույցը։

Դատարանն ապացուցված համարել, որ ամբաստանյալն իրեն վիրավորված զգալով` զայրացել է և ապօրինաբար տուժողին կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է նրա դեմքին, գցել գետնին, ոտքերով հարվածներ է հասցրել նրա գլխի, դեմքի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններին, որից հետո ձեռքերով սեղմել է նրա պարանոցը։ Այնուհետև ամբաստանյալը դեպքի վայրից հեռացել է` բանալիով փակելով տան մուտքի դուռը։ Ստացած, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասի հատկանիշներ ունեցող վնասվածքների, մեխանիկական շնչահեղձության, գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման, արտաքին շնչական անցքերի փակման և ձեռքերով պարանոցի օրգանների սեղմման-խեղդման, գանգուղեղային փակ, բութ վնասվածքի պատճառով տուժողը մահացել է։

Ինչ ապացույցներով է դատարանը հաստատված համարել նշված հանգամանքները

Կարդացեք նաև

1. Վկա, ամբաստանյալի ընկերոջ ցուցմունքով այն մասին, որ մոր մահից հետո տուժողն իրեն տարել է իր տուն և խնամել որպես հարազատ թոռան։ Տուժողի հետ գտնվել է լավ հարաբերությունների մեջ, քանի որ վերջինս իրեն մայրություն է արել։ Նա թոշակառու է եղել և նրա ապրուստի հիմնական միջոցն է եղել տունը վարձակալական հիմունքներով հանձնելը։ 2013թ. ապրիլին տան մի սենյակը վարձակալությամբ հանձնվել է Արթուր անվամբ մի անձի։

Նրա հետ, մոտ 15 օր, սակայն ոչ մշտապես այդ սենյակում բնակվել է նաև ամբաստանյալը, ում հետ ծանոթացել է այդ ժամանակ։ Այդ ընթացքում տուժողը և ամբաստանյալը գտնվել են նորմալ հարաբերությունների մեջ։ 2014թ. հունվարի 19-ին Երևանի Օպերայի թատրոնի մոտ գտնվող ինտերնետային ակումբի մոտ պատահաբար հանդիպել է ամբաստանյալին, ով իրեն հայտնել է, որ տանը չի բնակվում, գիշերում է ինտերնետային ակումբներում։

Դեպքին նախորդող չորս օրերի ընթացքում ամբաստանյալը երկու կամ երեք անգամ այցելել է իրենց տուն, տուժողը նրան կերակրել է, նույնիսկ իր անձնական իրերից կոշիկներ է տվել նրան, սակայն թույլ չի տվել գիշերել իրենց տանը` առաջարկելով վերադառնալ իր տուն։

Դեպքի օրը տուն վերադառնալու ճանապարհին իր հեռախոսին զանգահարել է տուժողի տան վարձակալներից մեկը և հայտնել, որ տան մուտքի դուռը, որը մշտապես բաց է եղել` գտնվում է փակ վիճակում, որի պատճառով չեն կարողանում օգտվել ընդհանուր օգտագործման զուգարանից։ Հասնելով տուն` տեսել է, որ տան մուտքի դուռը փակ է։

Մտածել է, որ տուժողը կողպել է դուռը, գնացել է տանից, իսկ բանալին պահել է մուտքի դռան փալասի տակ, որտեղ սովորաբար պահվում էր։ Փնտրել է բանալին, բայց չի գտել։ Դրանից հետո վարձակալների օգնությամբ միջանցքի պատուհանից մտել է տուն։
Հյուրասենյակի հատակին տեսել է տուժողին` գետնին ընկած վիճակում։ Այդ պատճառով վախեցել է, գոռացել, սակայն որևէ արձագանք չի ստացել։ Վարձակալները կոտրել են մուտքի դուռը, մտել են ներս և տեսնելով տուժողին գետնին ընկած վիճակում, իրեն թույլ չեն տվել մոտենալ նրան։ Հարևանները զանգահարել են շտապօգնություն և ոստիկանություն:

2. Վկաներից մեկի ցուցմունքներով այն մասին, որ վարձակալությամբ բնակվել է տուժողին պատկանող տան առանձնացված սենյակներից մեկում։ Դեպքի օրը ցանկացել է հանդիպել տուժողին, սակայն վերջինիս տան մուտքի դուռը փակ է եղել։ Դրանից հետո գնացել է զբոսնելու, տուն է վերադարձել ժամը 23:10-ին։ Դրսից ձայներ լսելով` դուրս է եկել բակ, տեսել է իր հարևանությամբ, վարձակալությամբ բնակվող անձանցից մեկին, իսկ տան ներսից լսել է ամբաստանյալի ընկերոջ բղավոցներն այն մասին, որ տատիկը մահացել է և որ չի կարողանում բացել տան մուտքի դուռը։ Հարևանին խորհուրդ է տվել տան խորդանոցից բերել մետաղյա ձող և դրա օգնությամբ բացել դուռը։ Հարևանը բերել է մետաղյա ձողը, տվել է իրեն, ինքն էլ դրանով բացել է դուռը։ Ներս են մտել և հյուրասենյակում, հատակին ընկած վիճակում տեսել են տուժողին` առանց կենդանության նշանների։ Վերջինիս դեմքին եղել են վնասվածքներ։ Դրանից անմիջապես հետո հարևաններն ահազանգել են ոստիկանություն:

3. Վկա, քրեական գործով տուժողի քրոջ թոռան ցուցմունքներով այն մասին, որ 2014թ. հունվարի 22-ին, ժամը 23։00-ի սահմաններում իր բարեկամուհուց տեղեկացել է, որ տուժողն իր տան մեջ մահացել է։ Գնացել է վերջինիս տուն և տեսել նրան հյուրասենյակի գետնին ընկած վիճակում` դեմքի շրջանում մարմնական վնասվածքներով։ Հաջորդ օրը իմացել է, որ վերջին օրերին տուժողին այցելել է միայն ամբաստանյալը։ Ինքը նրան չի ճանաչել։

4. Տուժողին պատկանող տան առանձնացված սենյակներից մեկում վարձակալությամբ ապրող անձանցից մեկի ցուցմունքով. որ տան զուգարանն ընդհանուր լինելու պատճառով մուտքի դուռը մշտապես գտնվել է բաց վիճակում։ Դեքպի օրը վերադարձել վերադարձել են տուն և նկատել են, որ տան մուտքի դուռը փակ է։ Այդ հանգամանքն իրենց համար անհարմարություններ է ստեղծել, քանի որ չեն կարողացել օգտվել տան զուգարանից և ջրից։ Դրանից հետո գնացել են աշխատանքի։ Տան մուտքի դուռը դարձյալ փակ է եղել։ Զանգահարել են տուժողի թոռանը, որ գա և տան դուռը բացի։

Վերջինս հայտնել է, որ գտնվում է տաքսի ավտոմեքենայի մեջ և վերադառնում է տուն։ Թոռը փնտրել է մուտքի դռան բանալին, սակայն չի գտել և իր օգնությամբ, միջանցքի պատուհանից ներս է մտել։ Քիչ անց լսվել են վերջինիս բղավոցները, որ «տատիկը մահացել է»: Նա չի կարողացել ներսի կողմից բացել տան մուտքի դուռը, ինքը խորդանոցից վերցրել է մետաղյա ձողը, տվել է հարևանին, ով դրա միջոցով բացել է տան մուտքի դուռը։ Ներս են մտել և տեսել հյուրասենյակի հատակին ընկած վիճակում տուժողին՝ առանց կենդանության նշանների։

5. Տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա մահը վրա հասել` մեխանիկական շնչահեղձությունից և գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, արտաքին շնչական անցքերի փակման և պարանոցի օրգանների ձեռքերով սեղման-խեղդման և գանգուղեղային փակ, բութ վնասվածք ստանալու հետևանքով, որոնք էլ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ, մահվան անմիջական պատճառների հետ:

6. Դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված գլխարկի և տուժողի ձախ ձեռքի եղնգային կտրվածքների վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվեց արյան առկայություն, որը պատկանում է մարդու և առաջացել է ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի 0 խումբ ունեցող որևէ անձից, կամ անձանցից, այդ թվում նաև կարող էր առաջանալ տուժողից, բայց չէր կարող առաջանալ ամբաստանյալից:

7. Մանրաթելերի դատաքրեագիտական փորձաքննության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված ամբաստանյալի հագուստների վրա հայտնաբերվել են օտար բնական և քիմիական մանրաթելեր, որոնցից բնական բրդյա դարչնագույն կարմիր, սև գույների և քիմիական հարթ կապույտ գույնի մանրաթելերը ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն տուժողի հագուստների գործվածքների կազմի մեջ մտնող բնական բրդյա դարչնագույն, կարմիր, սև գույների և քիմիական հարթ կապույտ գույնի մանրաթելերի հետ: Տուժողի հագուստների վրա հայտնաբերվել են օտար բնական և քիմիական մանրաթելեր, որոնցից բնական բամբակյա կապույտ գույնի մանրաթելերը ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն ամբաստանյալի հագուստներից անդրավարտիքի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա կապույտ գույնի մանրաթելերի հետ:

8. Ստացիոնար դատահոգեբուժուկան և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ ամբաստանյալի «վարքի և էմոցիաների խառը խանգարում» ախտորոշմամբ պայմանավորված այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են` ագրեսիվությունը, իմպուլսիվությունը, հուզական անկայունությունը, դյուրագրգռվածությունը, ազդել են նրա վարքի վրա հետազոտվող իրավիճակում:

9. Անչափահաս ամբաստանյալի՝ որպես կասկածյալ տված նախաքննական ցուցմունքով, որ 2014թ. հունվարին իր տանը չի բնակվել և գիշերել է տարբեր ինտերնետային ակումբներում։ Հունվարի 22-ին, ժամը 11:30-ի սահմաններում իր ծանոթին հանդիպելու նպատակով գնացել է տուժողի տուն, որտեղ բնակվելիս է եղել նաև իր ծանոթը, սակայն նա տանը չի եղել։ Նրա տատը՝ տուժողը, սկսել է դժգոհություն հայտնել իր ծանոթի և իր վարքից և իրեն առաջարկել է դուրս գալ իր տնից։ Ինքը չի ենթարկվել տուժողի պահանջին, մնացել է վերջինիս տան հյուրասենյակում և դիտել հեռուստացույց։

Տուժողն անջատել է հեռուստացույցը և իրեն վիրավորել, ինչից ինքը զայրացել է, ձեռքով հարվածել է նրա դեմքին, գցել գետնին, այնուհետև ոտքով հարվածել դեմքին, որից հետո, վերցնելով գետնին ընկած տուժողի գլխարկը` այն սեղմել է նրա դեմքին և պահել մի քանի վայրկյան, որպեսզի վերջինս չբղավի և հարևանները նրա ձայնը չլսեն։ Այդ ընթացքում տուժողը պայքարել է իր հետ և իրեն հասցրել վնասվածքներ` դեմքի շրջանում։ Դրանից հետո դուրս է եկել տնից և գտնվելով շփոթված վիճակում` դրսից կողպել է տան մուտքի դուռը, իսկ բանալին նետել Կոնդ թաղամասի աստիճաններին։ Տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել, իսկ գլխարկով վերջինիս բերանը փակել է, որպեսզի հարևանները չլսեն նրա ձայնը:

Անչափահաս ամբաստանյալը դատարանում ցուցմունք է տվել, որ շուրջ մեկ տարի տաս ամիս առաջ իր մոտ առաջացել են առողջական խնդիրներ։

Ժամանակ առ ժամանակ երևակայությունից դուրս գործողություններ է կատարել։ Ներկայումս նույնպես տարբեր իրավիճակներում իրեն կառավարել, իր կատարած գործողությունների համար պատասխան տալ չի կարողանում։

Դեպքից մի քանի ժամ առաջ եղել է ինտերնետ ակումբում։ Այնտեղ է եկել նաև իր ծանոթը։ Մի քանի ժամ միասին գտնվել են այդ ինտերնետ ակումբում։ Անդրանիկ Դանիելյանը գտնվել է հարբած վիճակում։ Նկատել է, որ նա դուրս է եկել ակումբից։ Մտահոգվելով նրանով` ինքը նույնպես դուրս է եկել այդ ակումբից և գնացել նրանց տուն։ Իր ծանոթը տանը չի եղել։ Դուրս է եկել տնից և ծանոթին սպասելու նպատակով նորից վերադարձել է, նստել է տան հյուրասենյակում և դիտել հեռուստացույց։ Այդ ընթացքում և մինչ այդ էլ տուժողը դժգոհել է իր ծանոթի վարքից, ասել է, որ իրենք կոնֆլիկտներ են ունենում նրա հետ վերջինիս` ոգելից խմիչք օգտագործելու, գումար տուն չբերելու, վարձակալների կողմից տրված վարձավճարները ծախսելու, տան գույքը վատնելու պատճառով և այս անգամ էլ նրան իր այդ պահվածքի պատճառով տնից դուրս է արել։

Տուժողն իրեն հորդորել է չշփվել ծանոթի հետ` ասելով, որ «փորձանքի կգաս»: Այնուհետև տուժողն անջատել է հեռուստացույցը, սկսել է դժգոհել նաև իրենից, վիրավորել և դուրս է հրավիրել տնից։ Ինքը մեկ անգամ տուժողին զգուշացրել է, որ չվիրավորի, սակայն վերջինս շարունակել է վիրավորել իրեն։ Դրանից զայրացել է, մոտեցել և հրել է նրան։ Այդ ընթացքում տուժողը ճանկռել է իրեն։ Ինքը մեկ անգամ հարվածել է տուժողի դեմքին։ Տուժողը վայր է ընկել։

Գետնին ընկած վիճակում մեկ անգամ էլ ոտքով է հարվածել, որից հետո տուժողը սկսել է բղավել։ Որպիսի տուժողի ձայնը հարևանությամբ բնակվող անձանց կողմից չլսվի` նրա գլխարկը հանել, դրել է դեմքին և այդպես պահել մի քանի վայրկյան։ Գլխարկը թողնելով դեմքին, ստուգելով տուժողի զարկերակը, տեսնելով, որ նա ողջ է, շնչում է` հեռացել է տնից։ Քանի որ այդ տան մուտքի դռան բանալին եղել է դռան վրա` ինքը դրսի կողմից բանալիով փակել է այդ դուռը, բանալին նետել է այդտեղ գտնվող աստիճանահարթակի վրա և իր անձնական գործերով գնացել է Երևանի Մաշտոցի պողոտա։

Տուժողի` վայր ընկնելուց հետո նրան օգնություն չի ցուցաբերել, նրա վիճակի մասին չի հետաքրքրվել, քանի որ չի մտածել, որ նման դեպք կարող էր լինել նրա հետ։ Ինքը տուժողին ընդամենը հարվածել է երեք անգամ, նրան չի ծեծել։ Չի կարծում, որ իր այդ արարքը կատարելու պահին գտնվել է ֆիզիկապես անկայուն վիճակում։ Իրեն առաջադրված մեղադրանքում նշված փաստական հանգամանքներն ըստ էության ընդունում է, սակայն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ինքը տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել։

Դատարանի իրավական վերլուծությունները

Վերլուծելով ամբաստանյալ Արսեն Արմենի Քյաբաբչյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների հետ, դատարանը գտել է, որ անչափահաս ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքները` տուժողին սպանելու դիտավորություն չունենալու մասով, իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են վերոհիշյալ ապացույցներով։

Վերլուծելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, նրա ցուցմունքները և գործով ձեռք բերված ապացույցները` դատարանը գտել է, որ նրա կողմից, նրա մեղավորությամբ, ապօրինաբար տուժողին դիտավորությամբ կյանքից զրկելը, այսինքն սպանություն կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել հանցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս` տասնհինգ տարեկան լինելը, իսկ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի արձանագրել:

Դատարանը վճռել է ամբատսանյալին դատապարտել 7 տարվա ազատազրկման, խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ամբաստանյալի օրինական ներկայացուցչից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 552.374 դրամ՝ որպես դատական ծախսեր:

Նշենք, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ դեռ չի մտել. հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

Պատրաստեց՝ ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս