«Սահմանին կանգնած իմ մեկ զինվորը տասնապատիկ ավելի մեծ արժեք ունի, քան այս կամ այն սեփականատիրոջ «բիրդան աղա» դարձած տղաները»
Ասում է ՔԿԱԳ Թումանյանի տարածքային բաժնի պետ Ռաֆիկ Ղազինյանը
Ժամանակին Ալավերդի քաղաքում որպես ատամնաբույժ ճանաչված Ռաֆիկ Ղազինյանն այժմ ՔԿԱԳ Թումանյանի տարածքային բաժնի պետն է: Նա հայտնի է նաև իր հասարակական-քաղաքական գործունեությամբ: Մասնակցել է Արցախյան ազատամարտին և եղել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Դեռևս 1989թ. հիմնադրել է «Դեբեդ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը` մեծ դեր ունենալով Ալավերդու շրջակա միջավայրի պահպանության գործում: Վերջերս սկսել է զբաղվել ստևիա դեղաբույսի մշակմամբ, որը մեծ դժվարությամբ է ձեռք բերել: Բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի տողերի հեղինակ է, որոնք տպագրվել են տեղական և հանրապետական թերթերում ու ամսագրերում, սակայն դեռևս չի հաջողվել առանձին ժողովածու հրատարակել:
– Բազմաթիվ հետաքրքրություններ, նախասիրություններ ունեք: Ո՞րն է առավել հոգեհարազատ, առաջնային:
– Դժվար հարց է: Ամեն ինչ գալիս է ընտանիքը, երկիրը, հայրենիքը սիրելուց: Հայրենիք ասածն ամեն մարդու համար իր տունն է, իր ընկերները, իր միջավայրը: Մարդը պիտի կարողանա մարդուն սիրել ու հասկանալ, որ մի կարճ կյանք է իրեն տրված, իր ժամանակի մեջ կարողանա, լոռեցու ասած՝ մի հատ «հեյ գիտի» թողնել: Իմ ամենօրյա աշխատանքում սեղանի մի կողմում ծննդյան վկայական եմ կնքում, մյուսում՝ մահվան: Ամեն օր տեսնում եմ ծննդի ու մահվան հակասությունն ու այդ փչությունը, որ այսօր ծնվել ես, վաղն այն կողմում կարող է մահը լինել: Այդ բանը տեսել եմ թե՛ երբ բժիշկ էի աշխատում, թե՛ մարտադաշտում, և առավել խորը, երբ սկսեցի ԶԱԳՍ-ում աշխատել:
Այսինքն՝ այդ գիտակցությամբ պիտի լիարժեք ու մարդավայել ապրել այս կարճ ժամանակահատվածը: Ամեն մարդու մահից հետո կամ «հեյ գիտի» է մնում, կամ՝ հայհոյանք: Ուզում եմ, որ ինչքան հնարավոր է՝ հայհոյանքի քանակը քիչ լինի, «հեյ գիտիներինը»` շատ:
– Բավականին երկար ժամանակ աշխատել եք որպես ատամնաբույժ: Սակայն այժմ այլ ոլորտում եք: Ինչո՞ւ:
– Բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետն եմ ավարտել: Հետագայում՝ պատգամավորության տարիներին, նաև իրավաբանական կրթություն եմ ստացել մասնավոր բուհում: Սակայն իմ բուն մասնագիտությունը կհամարեի բժշկությունը, քանի որ ամբողջ կյանքում, նաև այստեղ աշխատելով, երբ մարդիկ դիմում են որևէ հարցով, ավելի շատ ինձ «բռնացնում եմ» բժիշկ լինելու մեջ: Կարող եմ ցանկացած տեղ նաև իբրև իրավաբան աշխատել, սակայն իմ մեջ ավելի շատ խոսում է Հիպոկրատի երդումը: Այսինքն՝ ԶԱԳՍ մտնող, այստեղից դուրս եկող մարդկանց հետ բժիշկն է խոսում, ոչ թե իրավաբանական չոր փաստաթուղթ լրացնողը: Ալավերդիում մասնագիտությամբ աշխատելով` շատ կարճ ժամանակում կարողացա, ինքս ինձ վրա աշխատելով, վերապատրաստման գնալով, ճանաչում ձեռք բերել, ու եթե ժողովուրդն ինձ որպես լավ բժիշկ չընդուներ, չսիրեր, նաև չէր հավատա ու 88-ի շարժման ժամանակ իմ հետևից չէր գա:
Դա բացատրվում է նրանով, որ ես միշտ անկեղծ եմ եղել մարդկանց հետ, նաև` որպես բժիշկ: Հիմա ցավով եմ հիշում և երազում եմ նորից բժիշկ աշխատել, սակայն արդեն մասնավոր պիտի լինի, իսկ նոր կլինիկա ստեղծելու համար լուրջ գումարներ են պետք, ինչն այսօրվա իմ՝ չինովնիկի սովորական աշխատանքով չեմ կարող վաստակել: Ուրիշի ձեռքի տակ էլ, դժբախտաբար, չեմ ուզում աշխատել:
Եթե կարողանայի լավ կաբինետ ձևավորել, մեծ հաճույքով կզբաղվեի բուն մասնագիտությամբ, քանի որ, կարծում եմ, այդ բնագավառում կիսատ թողած ու ժողովրդին տալու շատ բան ունեմ:
– Ալավերդիում հայտնի եք նաև տարբեր ոլորտներում Ձեր ակտիվ գործունեությամբ:
– Դա գալիս է բանաստեղծություն գրելուց: 1975թ. Ավետիք Իսահակյանի 100-ամյակին նվիրված սիրային պոեզիայի մրցույթի ժամանակ ստացա իմ առաջին մրցանակը: Համո Սահյանն իմ պաշտամունքներից մեկն է հայ պոեզիայում, և ուրախալի էր, որ հենց իր ձեռքից ստացա: Դա այն ժամանակվա երկու կրթաթոշակին համարժեք մրցանակ էր: Դեռ այն ժամանակ Համո Սահյանն առաջարկեց թողնել Բժշկականն ու գնալ բանասիրական կրթություն ստանալ: Չգնացի: Սակայն Բժշկականում սովորելուն զուգահեռ՝ Համալսարանում հաճախել եմ այնպիսի դասախոսների դասերին, ինչպիսիք էին Լևոն Ներսիսյանը, Հրանտ Թամրազյանը, Մկրտիչ Մկրյանը:
«Պապլավոկում», կինո «Մոսկվայում» և այն օրերի եռանկյունին, որ ավարտվում էր «Կազիրյոկով», ավելի շատ կարող էիր կրթություն ստանալ, քան ցանկացած համալսարանում. ամբողջ մտավորականությունն այնտեղ էր լինում: Ես բախտ եմ ունեցել Երվանդ Քոչարի, Համո Սահյանի, Սերո Խանզադյանի, Հովհաննես Շիրազի և մյուս մեծերի կողքին նստել ու լսել, նրանց հետ մի բաժակ սուրճ խմել ու խոսել գրականությունից:
Քեզնից անկախ` էսթետիկայի դասեր էիր առնում: Այդ թվերին ծանոթացել եմ մեր մեծագույն հայերից մեկի` Մուշեղ Գալշոյանի հետ: Ուսանողական տարիներին խիստ ակտիվ էինք, և երբ 1978-ին Բեյրութի ջարդերն էին, մենք կազմակերպեցինք ուսանողական առաջին ցույցը: Դրա պատճառով ես մեկ տարի կորցրի, հետո, իհարկե, տարեկետում ձևակերպվեց:
Հովհաննես Շիրազն էր եկել միջամտելու: Այդ մասին տպագրվել է, չեմ ուզում շատ մանրամասնել: Ակտիվությունը, ընդդիմանալը կար դեռ ուսանող տարիներից:
Հետո`այն ժամանակ Բժշկական ինստիտուտում կար Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, որտեղ ժուռնալիստիկա էին դասավանդում: Բախտ ունեցա «Ապագա բժիշկ» թերթում աշխատել և որպես արդեն գրական աշխատող՝ շփվել Արմեն Շեկոյանի, Հակոբ Մովսեսի, Վանո Սիրադեղյանի, Աշոտ Յորդանյանի և ուրիշների հետ, ովքեր լուրջ գրական քայլեր էին անում և կարևոր դեր ունեցան իմ կյանքում: Բժշկական ինստիտուտի խմբագրությունը դարձել էր նաև գրական միջավայր, որտեղից հետագայում դուրս եկան շատ մեծանուն գրողներ:
– Փաստորեն, Վանո Սիրադեղյանի հետ Ձեր մտերմությունն այդ ժամանակվանի՞ց է սկսվել:
– Մենք նաև համերկրացիներ ենք: Ինքն ավարտել է մեր գյուղի՝ Կողբի միջնակարգ դպրոցը: Այդ ժամանակվանից գիտեինք իրար, հետո դարձանք լավ ընկերներ: Վանո Սիրադեղյանի առաջին երկու պատմվածքների առաջին ընթերցողներից մեկը ես եմ եղել, երբ ինքը թաքուն մեքենագրում էր: Վախով էր վերաբերվում ցանկացած գրական ստեղծագործության, վախենում էր անգամ տպագրության տալ:
Երբ պատմվածքները տպագրվեցին, հիշում եմ՝ Հրանտ Մաթևոսյանի հետ Ժուռնալիստի տանը հանդիպում էր, հարցրին ժամանակակից արձակի մասին, ասաց`մի տղա կա, երկու պատմվածք է տպագրել, անունը` Վանո Սիրադեղյան, նրա հետ եմ կապում արձակի հույսը:
Այսինքն`միանգամից շռնդալից մտավ:
Այն ժամանակ գրամեքենայի խնդիր կար: Շաբաթ-կիրակի օրերին տարբեր արձակագիրներ, բանաստեղծներ գալիս էին Բժշկական ինստիտուտում մեքենագրելու իրենց ստեղծագործությունները: Ես էլ էի օգնում, մեքենագրում էինք և ակամա դառնում առաջին ընթերցողը: Այդպես աստիճանաբար ձևավորվեց կապը:
Մեծանուն գրողներին ճանաչելով, նրանց հետ մտերմություն անելով` կարողացա կարդալ դրսում տպագրված, մի կերպ Հայաստան բերված գրականություն` մեր ֆիդայիների, մեր իրական պատմության, ճշմարտության մասին:
Ալավերդիում ակտիվ էի ոչ միայն՝ որպես բժիշկ, այլև` երիտասարդ ստեղծագործող: Գրական ստուդիա էինք ստեղծել, գրելու շնորհք ունեցող տղերքով հավաքվում էինք, գրական միջոցառումներ էինք անում: Սովետական տարիներին գրողները գործուղումներ էին ունենում շրջաններ, և ես` որպես Գրողների միությունում անընդհատ եղած մարդ, աշխատում էի, որ լավագույն գրական միջավայրը գար Ալավերդի, և ցերեկը՝ աշխատում, իսկ երեկոյան իրենց հետ էի անցկացնում: Այսինքն` երբեք չկտրվեցի գրական միջավայրից: Դժբախտաբար, այսօրվա երիտասարդությունը չի կարդում: Հետագայում, երբ տպագրվեց «Ռանչպարների կանչը», որը հետ հավաքեցին նորից, տպարանում աշխատող ընկերներիս միջոցով 100 օրինակ կարողացա ձեռք բերել, և երբ եկա Ալավերդիում բժիշկ աշխատելու, այն ժամանակ ամոթալի էր, բայց թաքուն «Ռանչպարների կանչ» էի բաժանում: Ակամայից ժողովրդի մեջ հայրենասիրության պրոպագանդա էր արվում:
– Առավել ակտիվ քաղաքական գործունեությունը սկսել եք Արցախյան շարժմա՞ն ժամանակ:
– Շարժման լիդերներն իմ լավագույն ընկերներն էին ուսանողական տարիներից` անկախ տարիքային տարբերությունից: Ալավերդիում ակամայից լիդերը ես դարձա, չեմ ուզում այդ բառն ասել, ժողովուրդն ինքն է ասում: Դժբախտաբար, խորհրդային տարիներին էր. գալիս էին միանում, տղաների մի մասին կանչում էին տարբեր տեղերից, վախեցնում: Հարթակում անընդհատ մարդիկ էին փոխվում` ոչ իմ մեղքով:
Ալավերդիում շարժումը սկսվեց Երևանից 10-15 օր ուշ, բայց ունեցավ ամենաթափով զարգացումը: Երևանից հետո Աբովյանն էին նշում և Ալավերդին: Մենք էինք գնում Վանաձոր, մեր ընկերներին օգնում. այնտեղ վախի մթնոլորտն ավելի մեծ էր:
Քանի որ մենք թուրքաբնակ գյուղերով էինք շրջապատված, մեր «Ղարաբաղ կոմիտեի» խնդրի մեջ մտնում էր Նոյեմբերյանի թուրքաբնակ գյուղերը մաքրելը:
Հասկացանք, որ առանց արյան չի լինելու: Հետագայում, թուրքաբնակ գյուղերը մաքրելուց հետո, այնտեղ հերթապահող տղաների միջոցով ձևավորվեց մեր մարտական ջոկատի բուն կորիզը: Ես արդեն ծանոթ էի Ղարաբաղի «Կռունկ» կոմիտեի լիդերների հետ, բավականին մտերիմ էի Ռոբերտ Քոչարյանի, Ռոլես Աղաջանյանի, Ռազմիկ Պետրոսյանի և ուրիշների հետ, ովքեր հետագայում ՀՀ Գերագույն խորհրդի դեպուտատ դարձան:
Հունիսի վերջին-հուլիսի սկզբին սկսեցինք Լենինականից օգնություն տանել Ղարաբաղ: Իհարկե, շատերին թվում էր, թե մենք շաքարավազ կամ ալյուր ենք տանում, բայց, իհարկե, տարվում էր զենք-զինամթերք, «ՅԱԿ 40»-ով՝ Լենինականից ուղիղ Խոջալու: Երբ առիթ եղավ, բոլոր չեկերը ստուգեցի, 1221 ռուբլի կազմեց:
Տարբեր հիմնարկներ փոխանցում էին, մի մասը՝ սիրով, մի մասն էլ` միտինգներից վախենալով: Իհարկե, ամեն մի գնալ-գալը վտանգավոր էր: Ոչ միայն կարող էին խփել, այլև ցանկացած պահի կարող էինք բռնվել:
Հուլիսի կեսերին այսպիսի խնդիր առաջացավ: Ղազանչի գյուղ կա, կողքին Կիչանն է, 20-25 հոգի էր ապրում: Եթե քարտեզին նայենք, Ստեփանակերտից Մարտակերտ գնացող միակ ճանապարհն անցնում էր Կիչանով, ներքևում թուրքաբնակ Սրխավենդ գյուղն էր, այն կողմում էլի թուրքական գյուղեր էին: Եթե Կիչանն ու Ղազանչին հանում էինք, Ղարաբաղն ուղիղ կիսվում էր, երկու մասերն իրարից բաժանվում էին:
Ռոլես Աղաջանյանը, Մուրադ Պետրոսյանը և Համլետ Գրիգորյանն ասացին՝ կարո՞ղ ես ջոկատ բերել: Նախապատմությունն այդ կերպ է սկսվել: Հուլիսի կեսերին էր, երբ հունձի ժամանակ մեր կոմբայնավարին վիրավորել էին: Եկա և հաջորդ գնալու ժամանակ ինձ հետ գիտակցաբար «ՅԱԿ 40»-ով տարա նաև իմ ընկեր Սասուն Սիմոնյանին:
Այնքան էի տղաների մեջ եփել այդ ոգևորությունը, որ ասում էին` ե՞րբ ենք գնում կռվելու: Սասունը որոշ գյուղեր, դիրքեր այցելելուց հետո եկավ այն տրամադրությամբ, որին և սպասում էի, ու ասաց`ի՞նչ ես ասում, ե՞րբ ենք հետ գալիս: Ասացի` գնում ենք ջոկատը կազմակերպենք և գանք: Հիմնականն Աքորու ջոկատն էր` Անդրանիկ Պետրոսյանի, Շամլուղինը` Միշայի, Ալավերդունը` Սասունի գլխավորությամբ: Գնացինք:
– Նշվում է, որ առաջինն ալավերդցի կամավորներն են մեկնել ռազմաճակատ: Փաստորեն, առաջիններից մեկը ձեր ջոկատն էր:
– Առաջին ձևավորված մարտական ջոկատն էինք Հայաստանից: Մենք չէ, ղարաբաղցիներն են ասում, հետո ժամանակագրությունն էլ` 1989թ. սեպտեմբերի 8-ին առաջինը մեր ջոկատն է մտել Ղարաբաղ: Մեկ շաբաթ հետո, հիմնականում շամլուղեցիներից կազմված երկրորդ ջոկատով գնացի, և առաջին փուլում մենք այնտեղ ունեինք 27 հոգի: Մեր ջոկատի խնդիրը պահակությունն էր, եթե համեմատենք հետագա կռիվները: Բայց այն, որ մենք այնտեղ էինք, և թուրքերը գիտեին, որ Հայաստանից ջոկատներ են եկել, և երբ տեսան, որ իրենց կրակոցին մենք տասնապատիկ ենք պատասխանում, դա նրանց համար զսպաշապիկ դարձավ, և Արցախի այդ հատվածը երկու կես չեղավ:
Սեպտեմբերից մինչև հաջորդ տարվա մարտի վերջը Ղազանչիում ձևավորեցինք արդեն նաև իրենց մարտական ջոկատը, տարած զենքերը թողեցինք գյուղում: Մեզնից ոգևորված՝ Հրազդանում, Երևանում ապրող շատ ղազանչեցիներ, երիտասարդներ վերադարձան, մի մասն ընտանիքներով այնտեղ էլ ապրում են: Հիմա Ղազանչին արդեն ազատագրված Սրխավենդ գյուղի տարածքում է տեղավորված: Մենք, որպեսզի չձերբակալվենք սաֆոնովների օրոք, բոլորս գրանցումից դուրս եկանք և Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի գրանցում ստացանք:
Եվ այդպես ղազանչեցիներ դարձանք, տղաներով իրար երբեմն այդպես ենք դիմում: Մարտական գործողության առաջին մեծ մկրտությունը ստացանք Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս-Այրում, Ոսկեպար հատվածներում: Դրանից հետո սկսվեց մարտական գործողություններին մեր ջոկատի լուրջ մասնակցությունը: Կամավորների մի մասը դարձան Դաշնակցության ջոկատի մասնիկ և կամավոր մնացին, մի մասը հատուկ գնդի Ալավերդու վաշտի անդամները դարձան, մի մասն էլ հետագայում մահապարտների խումբը համալրեց: Մեր ջոկատի ծիլերից տարբեր տիպի ջոկատներ ձևավորվեցին, բայց հիմնական մասը մնաց Դաշնակցության կազմում` կամավորական: Բազմաթիվ անհատ տղաներ էլ այլ ջոկատների հետ գնացին կռվելու: Ալավերդին ու մեր շրջանն ընդհանրապես լուրջ մասնակցություն է ունեցել, քչերը կարող էին հպարտանալ:
Սեպտեմբերին լրանում է մեր առաջին մարտական ջոկատի 25 տարին: Տղաներով որոշակի պայմանավորվածություն ենք ձեռք բերել բանակի հետ և ուզում ենք ամսի 8-ին գնալ սահման:
Ղազանչին այլևս սահման չունի, բարեբախտաբար, նույնիսկ Արցախի կենտրոնում է գտնվում: Մեր ջոկատի մի մասը եղել է նաև «Եղնիկներում» միակ պարտիզանական ջոկատի կազմում, այսինքն` «Եղնիկների» հիմնադիրներն ենք: Որոշել ենք Արցախի պաշտպանության այսօրվա ամենաբարդ հատվածում` «Եղնիկներում», մեկ հերթափոխ մնալ մեր տղաների հետ: Ինքներս զենքից հետ ենք վարժվել, կսովորենք, հետո ճիշտ է, որ նախկին ազատամարտիկները գնում են դիրքեր, ոչ այնքան մեկ զինվորի փոխարեն քո կրակելն է, որքան որ այդ 18-20 տարեկան երեխաներին ոգևորել, նրանց բացատրել, ծնողի, դաստիարակի, երեկվա կռվողի, հայրենիքը սիրողի դեր կատարել:
Ստեփանակերտում կան որոշակի պայմանավորվածություններ, երբ հստակեցվի, նաև կդիմենք մեր տեղական ղեկավարությանը` մարզպետին, քաղաքապետին: Ալավերդցիներն իրավունք ունեն և՛ Դրմբոնը շահագործել, և՛ Կաշենը, քանի որ Մարտակերտի պաշտպանությանը մեծ դեր են ունեցել: Վստահ եմ, որ մարզպետն անպայման մասնակցություն կունենա, և հույս ունեմ, որ ԷՅ-ՍԻ-ՓԻ-ն էլ կաջակցի մեզ: Իսկ եթե չէ` այն ժամանակ մենք մեր գումարով ենք առել մեր զենքն ու զինամթերքը, հիմա էլ մեր հաշվին, ոտքով էլ լինի, կգնանք, որովհետև մեր 25-ամյակն է:
– Երբ այս ամռանն ակտիվացան սահմանային միջադեպերը, արդյոք առաջին մարտական ջոկատը ցանկություն ունե՞ր կրկին առաջինը մեկնել սահման:
– Առաջին իսկ օրերին գնացինք Նոյեմբերյան, տեսանք, որ մեզ անելիք չկա: Իհարկե, դիմեցինք Ղարաբաղի պատերազմի վետերանների միությանը: Տղաներն ասացին` պատրաստ եղեք Շամշադին կամ Ղարաբաղ մեկնելու համար: Ի տարբերություն որոշ նկարվողների և հեռուստատեսությամբ հայտարարություն տարածողների, մենք ընդամենը կապվեցինք և պատրաստ էինք:
Յուրաքանչյուրին անձամբ ես եմ զանգել, որևէ մեկը չի տրտնջացել, նույնիսկ Թեղուտում աշխատող մեր Բաբկենին տղերքից մեկն ասաց` բա որ գործից հանե՞ն, ասաց` ջհանդամին հանեն, ձեզ մենակ թողնում եմ գնաք, ես չգա՞մ: Սիրտը վիրահատած Բաբկենը՝ 25 տարի առաջվա պատանեկան ոգևորությամբ, մյուսներն էլ պատրաստ էին գնալու: Շատ քիչ կան ֆիլմեր և նկարներ: Ինչպես այն ժամանակ չէինք սիրում նկարվել, ձևականորեն գնալ սահմանին կանգնելը մեր բանը չէր:
Պատրաստ էինք գնալ, ուր որ Պաշտպանության նախարարությունից մեզ կասեին: Այս օրերին թուրքը չհասկացավ, որ ինքն ակամայից մեզ համախմբեց, մեր մեջ ոգին արթնացրեց, մի բան, որ, դժբախտաբար, գրեթե մեռնում էր: Իհարկե, թանկ վճարեցինք դրա դիմաց, խոնարհվում եմ մեր հերոսների առաջ: Կեղծ բարեգործությունները չեմ ընդունում. սահմանին կանգնած իմ մեկ զինվորն ինձ համար տասնապատիկ ավելի մեծ արժեք ունի, քան այս կամ այն սեփականատիրոջ «բիրդան աղա» դարձած տղաները:
– Անկախ դժգոհություններից, խնդիրներից, ազատամարտիկները պատրաստ էին գնալ կռվելո՞ւ:
– Անկախ ամեն ինչից, նույնիսկ մեր աքորեցի Պաճոն, որ վիրահատել են և աջ ոտքը ծնկից վերև կտրել, ինքն իր մասին հումոր անելով՝ ասաց` ինձ էլ պիտի տանեք: Ասի` Պաճո, էս հալին: Ասաց` ինձ կտանեք մի տեղ կդնեք, ուզեմ-չուզեմ, չեմ կարող փախչել, մի հատ գնդացիր էլ կդնեք, կիմանաք` գոնե այդ անկյունը պաշտպանված է: Շատերն ինձնից նեղանում էին, չէին հավատում, իրենց ներկայությամբ էի զանգում Երևան: Մի մասը նույնիսկ ըմբոստացան, իրենք գնացին, տեսնեն` իրո՞ք ճիշտ եմ ասում, թե՞ իրենց խնայում եմ:
Ոչ միայն Ալավերդիում, այլև ամբողջ հանրապետությունով մեկ բոլոր ազատամարտիկները մեկ մարդու պես ոտքի կանգնեցին: Թեև ամենաանարդարն այսօր մենք վերաբերվել ենք նրանց: Արդեն ոչ թե՝ որպես նախկին ազատամարտիկ, այլ՝ որպես հայ մարդ, այս պետությունն ու պետականությունը սիրող մարդ եմ խոսում: Մեր ազատամարտիկները, որ պետք է ամենալավը, չեմ ուզում ասել` վայելեին, բայց գոնե ըստ արժանվույն պիտի ապրեին, այսօր կյանքի լուսանցքից դուրս են շպրտված: