ԱՄՆ-ն երբեք չի խնդրել, որ Ռուսաստանից նավթ չգնենք. Հնդկաստանի արտգործնախարար

Բարձր սակագներ սահմանելու մասին պաշտոնական հայտարարությունից առաջ ԱՄՆ-ն երբեք չի դիմել Հնդկաստանին՝ խնդրելով դադարեցնել ռուսական նավթի գնումը: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ ելույթ ունենալով «The Economic Times World Leaders Forum»–ում։ Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։

«Այդ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել նախքան նրանց դիրքորոշման հրապարակումը»,-ընդգծել է նա:
Նախարարը նշել է, որ 2022 թվականին նավթի համաշխարհային գների աճի ֆոնին ամերիկյան վարչակազմում այլ գնահատականներ էին հնչում։

«Այն ժամանակ մեզ ասում էին, որ եթե Հնդկաստանը շարունակի ռուսական նավթ գնել, դա ձեռնտու կլինի ԱՄՆ-ին, քանի որ կայունացնում է գները։ Հունվարից հետո ներկա վարչակազմի ներկայացուցիչների հետ ոչ մի խոսակցություն չի եղել, որտեղ կարող էր հնչել «Մի արեք դա» արտահայտությունը»,- հայտարարել է նախարարը։

Ջայշանկարը նշել է, որ ռուսական նավթի գնումները համապատասխանում են ինչպես Հնդկաստանի ազգային շահերին, այնպես էլ շուկաների գլոբալ կայունությանը:

«Այո՛, դա մեր շահերից է բխում, և մենք դա երբեք չենք թաքցրել։ Բայց դա բխում է նաև աշխարհի շահերից։ Երկրի դեմ տուրքերի սահմանումը մի բանի համար, որը նա արել է բացահայտ և շարունակում է անել ավելի փոքր ծավալներով, քան շատ ուրիշներ, մենք համարում ենք անարդար և չարդարացված»,-ընդգծել է նա։

Օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն 25 տոկոսով (մինչև 50 տոկոս) բարձրացրել է Հնդկաստանից ներկրման մաքսատուրքերը՝ դա պատճառաբանելով ռուսական նավթի և նավթամթերքի գնմամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ քննադատել էր Հնդկաստանին այն բանի համար, որ «ռազմական տեխնիկայի մեծ մասը Ռուսաստանից է գնում» և Չինաստանի հետ շարունակում է մնալ «ռուսական էներգառեսուրսների խոշորագույն գնորդը»: Նյու Դելիում այդ մեղադրանքներն անհիմն են անվանել։

Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը կարող է հրաժարվել Մոսկվայի առևտրային գործընկերների նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր սահմանելուց:

Տեսանյութեր

Լրահոս