
Կառավարությունը ժամկետները երկարաձգել է

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Բիգա» հայ-հոլանդական ՀՁ ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թ. օգոստոսի 14-ը: Ընկերությունը մասնագիտացած է շամպինիոն տեսակի սնկի, ելակի և ազնվամորու արտադրությամբ: ՀՀ կառավարությունը գտնում է, որ այս որոշման ընդունմամբ կբացառվի ընկերության ֆինանսական վիճակի վատթարացումը և հաջողությամբ կիրականացվի նախատեսված ծրագիրը:
Կառավարությունը մինչև 2015 թվականը երկարաձգել է նաև Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարման վերջնաժամկետը, ինչը կապված է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու հետ:
Նիստում մոտ մեկ տարով հետաձգվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի կետերից մեկի կատարման ժամկետը, ինչը թելադրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման թվի աճը կրճատելու նպատակով առավել գործուն և նպատակային կարգավորում բովանդակող օրենսդրական նախագծերի փաթեթի մշակման անհրաժեշտությամբ: