Բրոնիսլավ Կոմորովսկի. Մեր աչքի առաջ ռազմական միջոցներ են օգտագործվում մեր հարևանի նկատմամբ

2014թ. սեպտեմբերի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը հիշատակելու համար Լեհաստանի և Գերմանիայի նախագահներ Բրոնիսլավ Կոմորովսկին և Յոակիմ Գաուկը հանդիպեցին Վեստերպլատտեում, որտեղ էլ հենց 75 տարի առաջ հնչել են Երկրորդ աշխարհամարտի առաջին կրակոցները:
1939 թ. սեպտեմբերի 1-ին Լեհաստան գերմանական զորքերի ներխուժմամբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը` մարդկության պատմության ընթացքում ամենաշատ կյանքեր խլած ռազմական հակամարտությունը:

Իր ելույթում Լեհաստանի նախագահը նշել է պատմական փորձառության կարևորությունը մեր օրերում, երբ Եվրոպական միությունից դեպի արևելքում նոր սպառնալիքներ են ի հայտ եկել: «Մեր աչքի առաջ ռազմական միջոցներ են օգտագործվում մեր հարևանի նկատմամբ: Միջազգային իրավունքն ու քաղաքակիրթ աշխարհի նորմերը խախտվում են գիտակցաբար և ցինիկաբար»,- նշել է Բրոնիսլավ Կոմորովսկին:

Գերմանիայի նախագահ Յոակիմ Գաուկն իր հերթին հիշատակեց այն ողջ սարսափն ու դաժանությունը, որ ստիպված են եղել կրել տարբեր ժողովուրդներ Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Նրա խոսքով`այսօր էլ Եվրոպան մեծ մարտահրավերների առաջ է կանգնած, ուստիև այն պետք է միացյալ մնա: «Միայն միասին կարող ենք հաջողության հասնել ժողովրդավարական և խաղաղ Եվրոպայի կառուցման հարցում: Եվ միայն միասին կարող ենք այն պաշտպանել»,- ամփոփել է Յոակիմ Գաուկը: Նա նաև շեշտել է, որ չի կարելի հանդուրժել միջազգային իրավունքի փոխարինումը ուժի իրավունքով:

«Մենք ամուր կանգնած ենք բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում են միջազգային իրավունքը, բռնակցում են այլ պետություններին պատկանող տարածքներ կազմ ռազմական աջակցություն են ցուցաբերում այլ պետություններում անջատականություն ստեղծելու համար»,- նշել է Գաուկը:

Երկու երկրների ղեկավարները նաև անդրադարձ են կատարել լեհ-գերմանական հաշտեցման գործընթացին` ընգծելով երկու ժողովուրդների կամքը հաղթահարելու պատմական խնդիրները`հանուն միասնական եվրոպական ապագայի:

Լեհաստանի դեսպանություն

Տեսանյութեր

Լրահոս