
Հնդկաստանում բացվում է «Ալ-Քաիդայի» մասնաճյուղ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զահավիրին հայտարարել է ահաբեկչական կազմակերպության հնդկական թևի ստեղծման մասին: Զահավիրին ընդգծել է, որ Հնդկաստանի մուսուլմանները գտնվում են ճնշման տակ, ինչի համար էլ պետք է պայքար սկսեն՝ պարզելով ջիհադի դրոշը:
Ջավահիրին կարծում է, որ դա կոգևորի նաև Բանգլադեշի ու Մյանմարի մուսուլմաններին, որոնք կհետևեն նրանց օրինակին: Հնդկաստանում, ուր բնակվում է գրեթե 175 միլիոն մուսուլման, Զավահիրիի այս հայտարարությունն ընդունել են ամենայն լրջությամբ:
Հնդկաստանի բոլոր նահանգներում տագնապ է հայտարարվել, իսկ երկրի զինված ուժերն ու ոստիկանությունը բերվել են բարձր պատրաստության: Հնդկական հետախուզության տվյալներով՝ իսլամականներն ակտիվ աշխատանքներ են տանում երկրի երիտասարդ մուսուլմանների շրջանում: