Սեպտեմբերի 9-ին բողոքի երթ տեղի կունենա «ընդդեմ ՄՄ եւ ԵՏՄ Հայաստանի բռնակցման»
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13:15-ին, մայրաքաղաքում տեղի կունենա բողոքի երթ՝ «ընդդեմ ՄՄ եւ ԵՏՄ Հայաստանի բռնակցման»: Այս մասին տեղեկացնում է ակցիան իրազեկման նպատակով ստեղծված ֆեյսբուքյան էջը.
«Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ ի սկզբանե խախուտ և անհեռանկար «Մաքսային միություն» ռուսական նախագծին Հայաստանի անդամակցելը հերթական անգամ Հայաստանը դարձնում է միջոց ու գործիք ռուսական չարյաց կայսրության ձեռքին, և մեր երկիրը Ռուսաստանն օգտագործելու է իր կայսերական նկրտումներն ու ամբիցիաները բավարարելու համար։ Մաքսային միությունն այն շղարշն է, որի տակ ռուսական դիվանագիտությունը կլուծի իր համար շահավետ խնդիրներ»,-մասնավորապես ասվում է հայտարարության մեջ:
Ֆեյսբուքյան նախաձեռնությունը ակցիայի անցկացման օր ընտրել է սեպտեմբերի 9-ը, քանի որ, ըստ տեղեկությունների, սեպտեմբերի 8-9-ը նախատեսվում էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան: Կազմակերպիչներն առաջարկում են հավաքվել Ազատության հրապարակում և շարժվել դեպի կառավարության շենք՝ «ցույց տալով մեր անհնազանդությունն ընդդեմ չարիքի կայսրության»: