
Ինչու են Ասիայում փայտիկներով ուտում

Պատմաբանների կարծիքով՝ չինացիները փայտիկներ սկսել են օգտագործել 4-5 հազար տարի առաջ: Ինչպես գրում է koko.by կայքը, այդ ժամանակ փայտիկներն օգտագործվում էին միայն մթերքի պատրաստման ընթացքում: Փայտիկներն ուտելու համար սկսել են օգտագործվել մեր թվարկության 400-500 թվականներից սկսած: Դա, ամենայն հավանականությամբ, կապված էր բնակչության թվի արագ աճի հետ. մթերքը բոլորի համար չէր հերիքում, և բնակիչներն այն կտրտելով բաժանում էին փոքր մասերի, որպեսզի այն արագ եփվեր և հնարավոր լիներ բաժանել մեծ թվով մարդկանց: Այդ մանր կտորները հեշտ էր բռնել փայտիկներով, որոնց պատրաստումը շատ հեշտ էր և ոչ ծախսատար: Այդ է պատճառը, որ նորամուծությունն արագորեն տարածվեց ողջ երկրում:
Մի քանի հարյուրամյակների ընթացքում փայտիկները տարածում գտան հարևան երկրներում՝ Ճապոնիայում, Կորեայում, Վիետնամում: Չինական դինաստիաների թագավորության ընթացքում արիստոկրատական ընտանիքներն արծաթե փայտիկներով էին սնվում՝ հույս ունենալով այդ կերպ խուսափել թունավորումից: Նրանք կարծում էին, որ թունավոր նյութերի հետ շփման ընթացքում արծաթը սևանում է: