Սահմանամերձ համայնքների աջակցության հարցերի քննարկման նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվում. Փոխվարչապետ
Վարչապետի հանձնարարությամբ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից արդեն ձևավորվում է աշխատանքային խումբ՝ սահմանամերձ համայնքներին աջակացության նպատակով բոլոր գաղափարներն ու առաջարկությունները գույքագրելու և հարցերի լուծման հետ կապված մոտեցումները Կառավարություն ներկայացնելու համար: Այս մասին հաղորդում է tert.am –ը՝ հղում կատարելով Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին տված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հարցազրույցին:
Փոխվարչապետը նշել է, որ Կառավարությունն արդեն որոշ քայլեր ձեռնարկել էր, մասնավորապես` հողի հարկի և ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման մասով, որոնք, իհարկե, բավարար չեն բնակիչներին հուզող խնդիրները լուծված համարելու համար: «Այս պահին Կառավարությունում արդեն քննարկվում է, և դրա մասին արդեն վարչապետը հայտարարել է, որ մշակվում են օրենսդրական հիմքեր՝ սահմանամերձ համայնքներում գործարարությամբ զբաղվելու ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու առումով, մասնավորապես` խոսքն այդ տարածքներում գործարարությամբ զբաղվող անհատներին կամ սուբյեկտներին որոշ հարկատեսակներից ազատելու մասին է»,-նշել է Ա. Գևորգյանը:
«Բացի այդ` առաջիկայում Ազգային ժողովի մեր գործընկերների հետ միասին մի քանի, մասնավորապես` կրթության ոլորտում աջակցության, առողջապահության ոլորտում առավել մատչելի հնարավորությունների ստեղծման, կոմունալ-կենցաղային ծառայությունների և այլ ուղղություններով առաջարկություններ կմշակենք»,- ավելացրել է փոխվարչապետը:
Նա ընդգծել է, որ սահմանամերձ համայնքների առօրյա խնդիրները մշտապես եղել են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ համայնքներում խնդիրները նա բաժանել է երեք խմբի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։