Բաժիններ՝

Ընդլայնել ճանաչման աշխարհագրությունը

Միանալով Կալիֆորնիայի օրենսդիր իշխանության կամքին՝ նույն նահանգի սենատը ևս միաձայն ճանաչեց Արցախի անկախությունը, ճանաչման շարքում դառնալով ԱՄՆ-ի հինգերորդ նահանգը:

Կալիֆորնիան ԱՄՆ-ի կարևորագույն նահանգներից է, և նրա կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը կընկալվի իբրև ամերիկյան քաղաքական կարևորագույն միջավայրերից մեկի որդեգրած դիրքորոշում:

Եթե մտաբերենք նաև Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի համապատասխան որոշումը, արդեն կսկսենք տեսնել քաղաքային և նահանգային մակարդակներում Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից սկսված ճանաչման երկրորդ գերակա ուղղությունը:

Արդեն իսկ կային նախադրյալներ, որ ճանաչումից հատուցում ռազմավարական կարևոր ուղու որդեգրումը սկսել էր վաշինգտոնյան կենտրոններում արդյունավորվել և կրոնական ու հոգևոր կառույցների պահանջատիրության առաջին քայլերը նկատվել:
Հիմա, նման ժամանակահատվածի ամերիկյան կարևորագույն նահանգներից մեկի այս միաձայն որոշումը անպայման կարևոր հանգրվան է նկատվում Արցախի Հանրապետության իրավական ճանաչման աշխատանքներում: և պատահական հակազդեցություն չէ այն գնահատականը, որ պաշտոնական Ստեփանակերտը թե՛ նախագահի մամուլի պատասխանատուի և թե՛ արտգործնախարարի մակարդակով արժանի գնահատական տվեց կատարվածի մասին:

Արցախի նախագահի մամուլի բանբերը հայտնել է, որ սա փաստում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում և հետագայում ևս պետք է ունենանք հաջողություններ. ըստ Դավիթ Բաբայանի՝ Ստեփանակերտը պիտի շարունակի աշխատել ճանաչման ուղղությամբ և ամեն ինչ պիտի արվի ընդլայնելու համար ճանաչման աշխարհագրությունը:

Մինչ արտգործնախարար Կարեն Միրզոյանը հայտնեց, որ Կալիֆորնիայի այս որոշումը հաստատում է Արցախի Հանրապետության միջազգային ընտանիքի մաս կազմելու անհրաժեշտությունը:
Պարզ է, որ պաշտոնական Ստեփանակերտը ոչ միայն քաջալերում է և ողջունում Հայ դատի հանձնախմբերի որդեգրած Արցախի ճանաչման աշխարհագրության ընդլայնման վարքագիծը, այլ նաև այն նկատում է նախահանգրվան` միջազգային ճանաչման:

Ադրբեջանի արտգործնախարարությունը զբաղված էր մտահոգություն հայտնելով եզդիների դեպի Արցախ տարհանման հավանականության կամ ավելի ճիշտ՝ այդ ուղղությամբ Ստեփանակերտի հայտարարած պատրաստակամության վերաբերյալ, երբ «պայթեց» ճանաչման լուրը: Մինչ այդ, սակայն թուրքական, ադրբեջանական և հրեական քաղաքական խմբավորումները համակարգել էին իրենց լոբբիստական սլաքները տապալելու համար բանաձևի ընդունումը:

Ադրբեջանի արտգործնախարարության բանբերը հայտնել էր, որ որևէ պետության նահանգ իրավունք չունի նման որոշումներ կայացնելու: Կամ Լոս Անջելոսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն էր տարածել, ուր անընդունելի էր նկատում Կալիֆորնիայի սենատի որոշումը: Հասկանալի է, որ որոշումը անընդունելի է Բաքվի համար: Բայց երբ դաս է տրվում մի պետության նահանգին, թե իրավունք ունի կամ չունի ընդունելու այս կամ այն բանաձևն ու որոշումը, այդ դեպքում դա կլինի անընընդունելի հենց այդ պետության և նահանգի կողմից։

Եվ այստեղ 23/0 հարաբերակցությունը, այսինքն` միաձայնությունը պարտադրում է իրողության պատկերի հետ հաշվի նստել, իհարկե, նախ Բաքվին և ապա՝ ամերիկյան դաշնակցային մակարդակի ղեկավարությանը: Մանավանդ որ այնտեղ կոչ կա նաև ամերիկյան Կոնգրեսին՝ սատարելու Արցախի միջազգային ճանաչմանը:
Հակառակ այլ քաղաքական խմբավորումների աջակցությանը՝ Ադրբեջանին չհաջողվեց որևե կետ արձանագրել այս պայքարում: Բոլոր նախադրյալները հուշում են, որ նահանգային մակարդակում Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու արշավը պիտի շարունակվի մեծ թափով: Ավստրալիական թե ամերիկյան նահանգները կարող են հաջորդել միմյանց: և այս ռազմավարությունը հուշում է, որ արագ առավելություններ ձեռք բերելով կարող է ընդարձակվել տարբեր աշխարհամասերի քաղաքային թե նահանգային մակարդակներում նորանոր ճանաչումների աշխարհագրությունը:

Կալիֆորնիայի այս վերջին որոշմանը մեջ Բաքվի ապահոված զրո արդյունքը տարբեր հանգամանքներ ունի: Նախ, անշուշտ Հայ դատի հանձնախմբի նպատակաուղղված և բարձր արհեստավարժություն ձեռք բերած աշխատանքը, նահանգի հայաշատությունը և հայկական գործոնի նկատառումը: Գուցե նաև Բաքվի որդեգրած ռազմատենչությունը, կացնահարումը, սահմանային ոտնձգությունները, խաղաղ գործընթացներն արգելակելու անվերջ փորձերը: Այս բոլորի արդյունքը` 23/0 հարաբերակցությամբ հայկական հաղթանակն է:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս