Բաժիններ՝

Ինչպես է քաղաքը տեղափոխվում 2 մղոնով՝ հանքավայրի շահագործման պատճառով

Այս տարվա գարնանը շվեդական Կիրունա փոքրիկ քաղաքում մի ուշագրավ և աննախադեպ ծրագիր մեկնարկեց։ Քաղաքը սկսեց բառիս բուն իմաստով տեղափոխվել։
Բանն այն է, որ քաղաքի մոտ գտնվող երկաթի հարուստ հանքավայրը ընդարձակվում է և պատկերավոր ասած, պատրաստվում է կուլ տալ քաղաքը։ Սակայն դա տեղի է ունենում ոչ թե ագրեսիվ կերպով, այլ համաձայնեցված ու քաղաքակիրթ ձևով։

Ինչպես գրում է BBC-ն, քաղաքի 20 հազար բնակիչների համար կառուցվում է լրիվ նոր քաղաք՝ ներկայիս բնակավայրից 2 մղոն դեպի արևելք։ Կառուցվում է՝ հաշվի առնելով հին քաղաքի բոլոր առանձնահատկություններն ու բնորոշ գծերը։

Անգամ հին եկեղեցին, որը 2001թ. ճանաչվել է Շվեդիայի ամենագեղեցիկ շինությունը, քար առ քար տեղափոխվելու է նոր քաղաք։

Kiruna-yekexeci

Կարդացեք նաև

Ամբողջ գործընթացը նախատեսվում է ավարտել 20 տարում։

Ամեն ինչ սկսվել է 2004 թվականին, երբ Luossavaara-Kiirunavaara AB հանքարդյունաբերական ընկերությունը նամակով տեղեկացրեց քաղաքային իշխանություններին, որ իրենք պատրաստում են ավելի խորը փորել քաղաքի հարևանությամբ գտնվող բլուրի տակ։ Իսկ դա կարող էր թուլացնել շենքերի հիմքերը։ Նրանք առաջարկում էին նոր քաղաք կառուցել՝ հնի փոխարեն։

Kiruna-mine

Քաղաքի բնակիչները այս լուրը հիվանդագին չընդունեցին։ Հակառակը՝ այն ինչ-որ տեղ սպասված էր։ Լինելով, այսպես ասած, ենթահանքային քաղաքի բնակիչներ՝ նրանք երկար ժամանակ կաշկանդված էին տարբեր հարցերում՝ տուն գնելու, բիզնես դնելու, անգամ՝ երեխաներ ունենալու հարցում։ Նրանք միշտ սպասում էին, որ հանքը կծածկի քաղաքը, միայն չգիտեին՝ թե երբ դա տեղի կունենա։

Բողոքելու կամ ընդվզելու փոխարեն, Կիրունայի բնակիչները հանքարդյունաբերական ընկերության հետ միասին ձեռնամուխ են եղել իրենց նոր քաղաքի նախագծման գործին։

Այս պատմությունը կարդալիս՝ հետաքրքիր զգացողություններ են առաջանում, երբ զուգահեռներ ես անցկացնում հայաստանյան իրականության հետ, որտեղ բնապահպանները անողոք պայքար են մղում հանքերի դեմ։

kiruna-qartez

Առաջին հայացքից` զարմանալի է։ Ստացվում է, որ ռեսուրսներով աղքատ, հանքարդյունաբերությունից մեծապես կախված Հայաստանում ավելի շատ են անհանգստանում շրջակա միջավայրի համար, քան Շվեդիայում, որը համարվում է ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկրներից մեկը։

Իրականում, ամեն ինչ թաքնված է վստահության մեջ։ Շվեդները վստահում են թե պետությանը, թե  հանքարդյունաբերական ընկերությանը։ Չեն մտածում, որ իրենց կխաբեն։ Հասկանում են, որ տնտեսապես հանք ունենալը անհրաժեշտ է։ Կառչած չեն կարծրատիպերից և կանխակալ վերաբերմունք չունեն հանքարդյունաբերության նկատմամբ։

Ու կրկին անգամ համոզվում ես, որ ամեն ինչի հիմքը վստահությունն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս