Բաժիններ՝

«Էս ի~նչ աղա երկիր է, վարկը իրանք վերցնում են ու իրանք իրանց ներում, իսկ ժողովուրդը խեղդվում է»

2011 թվականից ՀՀ կառավարությունը սկսեց գյուղացիական տնտեսությունների համար սուբսիդավորել վարկերը: Ծրագրի շրջանակներում վարկը տրամադրվում է 14% տարեկան տոկոսադրույքով, որից 4%-ը, իսկ ավելի աղքատ, բարձր լեռնային կամ սահմանամերձ գյուղերում` 6%-ը, գյուղացու փոխարեն բանկին վճարում է պետությունը: Թվում էր, թե նախկին 24%-ի փոխարեն նման համեմատաբար ցածր տոկոսադրույքներով վարկերը պետք է «արտոնյալ» համարվեին և բավականին թեթևացնեին գյուղացու հոգսերը, բայց իրականում այս տարիների ընթացքում դրությունը շատ չի փոխվել:

Սյունիքի մարզի գյուղերում 168.am-ի այցելության ընթացքում պարզվեց, որ պետության կողմից սուբսիդավորվող վարկերի մասին տեղաբնակները միայն լսել են: Իսկ դրանցից օգտվել անգամ չեն էլ երազում:

vardanidzorci«Վարկը բաժանում են, հետո երաշտ է լինում ու, հանկարծ, ներում են բոլորին: Էս ի~նչ աղա երկիր է: Դու մի ասա՝ վարկը իրանք են հենց վերցնում ու իրանք իրանց ներում: Իսկ ժողովուրդը խեղդվում է, հայ ազգին «սկցրել» են էդ վարկերով»,- ասում է Մեղրիի շրջանի Վարդանիձոր համայնքի բնակիչ Օլեգ Հակոբյանն ու վրդովված շարունակում. «Ես ու կինս ամսական 55 հազար ենք ստանում երկուսով, բայց 100 հազարի վարկ ենք տալիս: Ինչ ունեմ, ամբողջը գրավ ա դրած՝ տուն, ոսկի: Մենք ստիպված ենք 19-20% վարկ վերցնել, մի անգամ էլ 24%-ով ենք վերցրել: Ի~նչ սուբսիդավորված վարկ… Չկա տենց բան, ստեղ չի հասնում տենց վարկ»:

Օ.Հակոբյանի խոսքով՝ գյուղացին այսօր չի կարողանում ցածր տոկոսով վարկ վերցնել, «Ֆինքա», «Քարդ», մյուս վարկավորող կազմակերպություններն ու բանկերը բոլորը բարձր տոկոսներով են վարկ հատկացնում: Իսկ էժան վարկերի բացակայությունը Հակոբյանը յուրովի է բացատրում. «Մեղրիի շրջանը չեն սիրում, որովհետև ընտրությունների ժամանակ ոչ մի անգամ իրանց ձայն չենք տվել, Լևոն Տեր-Պետրոսյանին, Կարեն Դեմիրճյանին ենք ձայն տվել: Դրա համար էլ չեն սիրում մեզ»:

lehvazՍուբսիդավորվող վարկերի անհասանելությունից բողոքում է նաև Լեհվազ համայնքի ֆերմեր Արայիկ Թումանյանը, ով մոտ 80 կով է պահում և կաթնամթերք արտադրում. «Ես չեմ իմանում` ում են տալիս այդ վարկերը: Դրանք անհասանելի են մեզ: Էդ վարկը Երևանում կորում է: Ո՞վ է տեսել էդ վարկը հասնի գյուղ: Չկա գեթ մի մարդ, որ էդ վարկից օգտվել է մեզ մոտ: Բացարձակ նման բան չկա: Էստեղ աշխատում են «ՔԱՐԴ ագրոկրեդիտ սերվիսը», «Ֆինքան»: Ես «Յունիբանկից» եմ 12%-ով վերցրել, բայց դոլարային է»:

Նրա խոսքով՝ դոլարային վարկը շատ դժվարությամբ է կարողանում մարել, կաթի առատ ժամանակ դեռ հնարավոր էր, իսկ հիմա խոտը չորացել է, կաթը՝ պակասել, ստիպված անասուններին է մորթում, այն էլ՝ շուկա չկա, որտեղ կկարողանա միսը վաճառել: Ըստ ֆերմերի՝ մսավաճառները գյուղացիներից միսը շան մսի գնով են վերցնում՝ 2000 դրամով, իսկ վերավաճառում են 3200 դրամով:

«Վարկավորման բարձր տոկոսները ուղղակի քամում են գյուղացուն և նման կերպ հնարավոր չէ գյուղատնտեսություն զարգացնել»,- ասում է Ա. Թումանյանը:

2011 թ. ապրիլից Սյունիքում 3467 տնտեսվարողի տրվել է 3 մլրդ 761 մլն վարկ, իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ 265 տնտեսվարող ստացել է 343 մլն դրամ վարկ (ընդհանուր 7.5 մլրդ դրամից), սուբսիդիան կազմել է 33.1 մլն դրամ:

hhhhՀՀ ԳՆ գյուղատնտեսական զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչ Ծպնեցյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ ցրտահարության պատճառով սուբսիդավորվող վարկերի բաշխվածությունը կենտրոնացվել է Արարատյան դաշտավայրի համայնքների վրա: Ըստ նրա՝ այս տարի Սյունիքին հատկացված էժան վարկավորումը շատ քիչ է, համեմատած մյուս տարիների հետ, սեպտեմբերից սկսվում է ծրագրի երկորդ փուլը, և բաշխվածությունն ավելի համաչափ կլինի: սյունիքին հասել է 343 մլն դրամը:

«Խոշորները չեն կարող ստանալ այս վարկերից: Ծրագրով նախատեսված է յուրաքանչյուրին հատկացնել մինչև 3 մլն դրամ, իսկ Սյունիքիում միջինում 1.3 մլն դրամ են ստացել, 2 տարի ժամկետով: Դա խոշորն ի՞նչ պետք է անի: Դա փոքրերի համար է նախատեսված ու պայմանները պահպանվում են»,- հավաստիացնում է ԳՆ պաշտոնյան ու հավելում, որ սա նպատակային վարկ է, գյուղատնտեսական ֆինանսավորման կառույցն էլ պարբերաբար մոնիթորինգ է իրականացնում և միայն եզակի դեպքեր են եղել, որ ոչ նպատակային է օգտագործվել վարկը, բայց դրանք կասեցվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս