
Դատական դեպարտամենտի համակարգում հափշտակությունների վերաբերյալ նոր գործ է հարուցվել՝ հաշվապահների դեմ. «Փաստինֆո»

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և դատական կարգադրիչների ծառայության և տարածքային ստորաբաժանումների մի շարք ղեկավար պաշտոնատար անձանց դեմ գործն արդեն դատարանում է:
Սակայն, «Փաստինֆո»-ի տվյալներով` վերջերս հարուցվել է մեկ այլ քրեական գործ՝ դատական դեպարտամենտում կատարված հափշտակությունների կապակցությամբ, քանի որ պարզվել է, որ այստեղ գործել է հափշտակության մեկ այլ մեխանիզմ եւս՝ հաշվապահների ակտիվ մասնակցությամբ։
Ըստ մեր տեղեկությունների` որոշ հաշվապահներ կարծել են, որ իրենց աշխատավարձը ցածր է եւ իրենք իրենց աշխատավարձ են սահմանել ու իրենց հաշվեհամարներին փոխանցել ավել աշխատավարձ։
Այս նոր քրեական գործը հարուցվել է «ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կենտրոնական մարմնի մի խումբ աշխատակիցների կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որի շրջանակներում արդեն մեղադրանք է առաջադրվել 4 հոգու։
Ըստ մեղադրանքի` «ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի աշխատակիցներ հանդիսացած անձինք տևական ժամանակ, յուրաքանչյուր ամիս հաշվարկել և աշխատավարձի ցուցակներում ներառել են աշխատավարձի ավել գումարներ, ապա նշված ցուցակները փոխանցելով գանձապետարան՝ իրենց բանկային հաշվեհամարներին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի գումար, որը նույն ժամանակահատվածում բանկային քարտերի միջոցով կանխիկացվել և շարունակաբար յուրացման եղանակով հափշտակվել է նրանց կողմից:
Մանրամասներն՝ այստեղ