Բերդի բնակչի մոտ թմրամիջոցներ եւ փամփուշտներ են հայտնաբերել
tesankyun.am-ը գրում է. «Կանեփ-կակաչ-2014» գործողության շրջանակներում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ վարչության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Տավուշի բաժնի ծառայողների համատեղ գործողության արդյունքում օգոստոսի 11-ին իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության Տավուշի բաժին բերման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված, Բերդ քաղաքում բնակվող, 1980թ. ծնված Ա. Մ.-ն:
Նախկինում չդատված, ոչ մի տեղ չաշխատող Ա. Մ.-ի մեքենայի զննության ժամանակ հետեւի աջ ոտնատեղի ռետինե ծածկոցի վրայից հայտնաբերվել է կանեփանման բույսի ցողուն՝ 4 գրամ քաշով: Ա. Մ.-ի անձնական զննությամբ նրա կիսավարտիքի աջ գրպանից հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի 4 փամփուշտ, իսկ ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Մ.-ն խոստովանել է, որ հետագայում օգտագործելու նպատակով կանեփանման բույսի թփերից պոկել է որոշակի զանգված եւ ավտոմեքենայի պատուհանից նետել դուրս: Նրա նշած վայրում հայտնաբերվել է 9 հատ, մոտ 800 գրամ կշռով, դեղին պոլիէթիլինային տոպրակի մեջ՝ 190 գրամ եւ սպիտակ անձեռոցիկի մեջ փաթաթված, 20 գրամ կշռով կանեփանման կանաչ զանգված: Փամփուշտները եւ կանեփանման զանգվածն ուղարկվել են փորձաքննության: Ըստ փորձագետի եզրակացության՝68 գրամ ընդհանուր քաշով բուսական զանգվածը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ 300 գրամ ընդհանուր քաշով բուսական զանգվածը՝ կանեփ տեսակի թմրամիջոց: Ըստ փորձագետի եզրակացության՝ հայտնաբերված փամփուշտները հանդիսանում են ռազմամթերք: Այս քրեական գործով քննությունը շարունակվում է:
Ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկացանք, որ բացի իրավակարգի պաշտպանության ամենօրյա աշխատանքներից, բաժնի աշխատակիցները սահմանապահ զինծառայողների հետ համագործակցելով՝ իրականացնում են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի պաշտպանունակության եւ հասարակական անվտանգության ամրապնդման միջոցառումներ: