Բաժիններ՝

Ադրբեջանցիները փորձում են դիվերսանտներին քաղաքացիների հետ փոխանակել

tesankyun.am-ը գրում է. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է Ադրբեջանում գտնվող, 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը եւ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Շահբազ Գուլիեւի, Դիլգամ Ասկերովի , նաեւ՝ Հասան Հասանովի դիակի հետ:

АПА գործակալություն հաղորդմամբ այս մասին նշել է Ադրբեջանի փոխվարչապետ , Ադրբեջանի փախստականների եւ հարկադրված տեղափոխվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը: Այս մասին գրում է ադրբեջանական haqqin. Az կայքը: Ալի Հասանովն այդ նպատակով պարբերաբար հանդիպում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ:

Վերջիներս նրան են փոխանցել Հայաստանի պաշտպանության նախարարության պատասխանը, որ հայկական կողմը պատրաստ է ադրբեջանցիներին հանձնել միայն Հասան Հասանովի դին՝ Կարեն Պետրոսյանի դիակի եւ հայ ընտանիքի փոխարեն: Ադրբեջանական կողմը համաձայն չէ նման փոխանակությունը:

Հիշեցնենք, որ Քարավաճառի տարածք ներխուժած ադրբեջանցի զինված դիվերսանտներ Հասան Հասանովի, Դիլգամ Ասկերովի ու Շահբազ Գուլիեւի գործողությունների հետեւանքով զոհվել է 2 անձ, մեկը՝ վիրավորվել, Հասան Հասանովը սպանվել է: Ադրբեջանական կողմը շարունակում է Չինարիի խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնել,թեեւ ադրբեջանական տեսանյութերում երեւում է, որ Կարենը եղել է մարզական կոշիկներով, քաղաքացիական հագուստով, անզեն եւ խաղաղ զրուցել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակիչների հետ, մինչ ազերի զինվորականների կողմից գերվելը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ գերիների «փոխանակման» մասին հայտարարությանը. «Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։

Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ՝ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս