
Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտել է Իրաքի եզդիների հանդեպ շարունակվող բռնությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցության գիր է հղել համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսիմ Բեգին, որը վերջինիս փոխանցվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջոցով:
«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցություններն ենք հղում Ձեզ այս օրերին Իրաքում եզդի ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցող զանգվածային կոտորածների կապակցությամբ: Մենք խորապես անհանգստացած ենք Իրաքի հյուսիսային շրջաններում իրականացվող անմարդկային բռնությունների և դրանց հետևանքով բազմաթիվ զոհերի առնչությամբ», – ասված է Վեհափառ Հայրապետի գրության մեջ:
Խստորեն դատապարտելով եզդի ժողովրդի դեմ իրագործվող ջարդերն ու բռնությունները` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ բազմադարյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը կտոկա և կհաղթահարի իր առջև ծառացած այս փորձությունը: Նորին Սրբությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանն ու կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որպեսզի վերահաստատվի խաղաղությունը Իրաքում և Իրաքի աստվածասեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ կյանքը հայրենի օջախներում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ