Բաժիններ՝

«Ինտերնետը կարող է լայն հնարավորություններ տալ և երեխայի մոտ որոշակի ճաշակ ձևավորել»

«Սխալ կլինի ընդհանրապես ինտերնետից երեխային զրկել. դա պետք է լինի օրվա գրաֆիկի մի մասը: Ինտերնետ ասվածը չպետք է լինի միայն սոցիալկան ցանցեր մուտք գործելը: Ինտերնետի միջոցով աշխարհն իր համար ավելի փոքր է դառնում, երեխան կարողանում է լայն հնարվորություններ գտնել աշխարհը ճանաչելու, ընկալելու, ինչ-որ տեղ՝ նաև գեղեցիկի հետ շփվելու: Օրինակ, մենք Երևանում չենք կարող հիանալ Վերսալով կամ Իտալիայով. արդյունքում ստացվում է, որ ինտերնետը կարող է այդ հնարավորությունը տալ և երեխայի մոտ որոշակի ճաշակ ձևավորել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով երեխաների ներաշխարհի, դաստիարակության վրա ինտերնետի ազդեցության մասին՝ ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

Նա նշեց, որ երեխայի ինտերնետից օգտվելը պետք է լինի կանոնակարգված: Ծնողները չպետք է դիմեն պատժի, քանի որ այն կարող է հակառակ հոգեբանական ռեակցիան առաջացնել: Այս դեպքում երեխան կսկսի ծնողներից թաքուն մտնել ինտերնետ:

Փոխարենը՝ ծնողները պետք է կարողանան իրենց երեխայի հետ երկխոսության մեջ մտնել, քանի որ այդ ընթացքում նրանք կարող են կիսել նույն միտքը, կարող են վիճել, քննարկել, բայց արդյունքում կարող են գալ մեկ ընդհանուր եզրահանգման:

Եվ, ի վերջո, ըստ հոգեբանի, երկխոսության միջոցով ավելի հեշտ է հասնել նրան, որ երեխան ինքնուրույն գիտակցի այս կամ այն երևույթի վնասակար լինելը: Հոգեբանի դիտարկմամբ՝ երբ վաղ տարիքում է տեղի ունենում ծնողի և երեխային միջև դիալոգը, երեխան ավելի պատրաստակամորեն է ընդունում ծնողի դիտարկումները, քան՝ երբ ծնողը մոնոլոգի միջոցով է փորձում իր ասելիքը տեղ հասցնել:

168.am-ի հարցին, թե ինչպիսի՞ վարվելաձև պետք է կիրառեն ծնողները, որպեսզի պաշտպանեն իրենց երեխաներին ինտերնետի անցանկալի ներգործությունից, Աննա Բադալյանը պատասխանեց.

«Մարդը, անհատը դաստիարակվում է իրականության մեջ, շատ հաճախ ծնողները վարդագույն դաստիարակութան մեջ դաստիարակում են անհատ, որը կյանքի անցուդարձին, կյանքի վայրէջքներին պատրաստ չէ: Փափուկ տեսակ է դաստիարակվում, վարդագույն երազներով: Երբ երեխային ուղղակի կամ անուղղակի կերպով դաստիարակում ես, երբ նրան կարողանում ես որոշակի արժեքների մեջ դարձնել միջնորդ, որոշակի արժեքների գնահատող՝ դա կարելի է անել հեքիաթների միջոցով, որոնք ազդում են երեխայի ընկալմանը: Դրա համար հեքիաթը շատ կարևոր օրինակ է, որ կա բացասական հերոս, կա չար հերոս և կա բարին: Դա կարծես անուղղակիորեն օգնում է գիտակցությանը: Սրա հետ մեկտեղ պետք է լինի ծնողի համոզիչ բացատրությունը դրա վնասի մասին, որը պետք է լինի ոչ թե մոնոլոգ ծնողի կողմից, այլ երեխայի հետ պետք է քննարկվի: Եվ, երբ երեխան ինքն էլ է քննարկում, իր կարծիքը հայտնում է, հետո բացառում է ինչ-որ բան, մեկ այլ բան հաստատում է, արդյունքում ստացվում է, որ երեխան գիտակցում է խնդրի վատ լինելը»:

Շատ հաճախ երեխաները դաժան վարք են դրսևորում, որի պատճառը, պարզվում է՝ համակարգչային խաղերն են. «Քանի որ այդ ամենը ղեկավարողը դառնում է ինքը, վատ արարքի գործունեությունը զարգացնողը, լիդերը դառնում է ինքը: Սկսում է անընդհատ ղեկավարել: «Չի կարելի»-ների սահմանները կտրատվում են և երեխան դեպի առաջ է գնում, մտածում է՝ ուրեմն, չկա պատիժ, անպատժելիության զգացողություն: Արդյունքում ագրեսիվ վարքի տեր անհատ կարող է ձևավորվել: Բակում նա կարող է լինել ծեծի սիրահար: Երբ իր մեջ այդ ամենը կուտակվում է, բնական է, որ այդ կուտակված միտքը, էներգիան պետք է դուրս գա: Այս պարագայում ծնողի ամենալավ զինակիցը սպորտն է՝ լող, որոշակի սպորտաձևեր, որոնք կարող են իր այդ բացասական էներգետիկ դաշտը սպառել»:

Իսկ այն ծնողներին, որոնք նույնպես չափից շատ են օգտվում սոցիալական ցանցերից, ինչի հետևանքով էլ չեն կարողանում ժամանակ տրամադրել իրենց երեխաների հետ շփման համար, հոգեբանը պարզապես խորհուրդ տվեց նման դեպքում դիմել մասնագետի օգնությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս