Ս. Սուրենյանց. Ամիսներ առաջ Հայաստանում տեղի է ունեցել քրեաօլիգարխիկ հեղաշրջում

Անկախության հռչակագրից 24 տարի հետո մենք շատ ավելի զուրկ ենք անկախությունից, քան 24 տարի առաջ: Անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը Հայաստանին դրեց պարտադրված ընտրության առաջ: Ինձ համար շատ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը կատարել է պարտադրված որոշում՝ պայմանավորված տարածաշրջանի միլիտարիզացիայով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ հայտարարելով նաև իր կողմից ստեղծվող «Նոր ազատական» կուսակցության մասին.

«Ես կուսակցության ստեղծման հնարավորության մասին հայտարարել եմ դեռևս խորհրդարանական ընտրություններից հետո, բայց միշտ հույս եմ ուենցել, որ ազատական դաշտում հնարավոր կլինի համախմբում և անընդհատ հապաղել եմ կուսակցության ձևավորման մասին հայտարարությունների մեջ: Ի վերջո, մի օր հասկացա, որ այդ կոնսոլիդացիան տեղի չի ունենալու, և որոշեցի հայտարարել նոր կուսակցության ստեղծման մասին»:

Ս. Սուրենյանցը քաղաքականություն վերադառնելու 3 տարբերակ ուներ. «Մեկը՝ վերադառնալ իմ հարազատ՝ «Հանրապետություն» կուսակցություն: Մարդկային շատ ջերմ հարաբերություններ ունեմ մարդկանց հետ, որոնց հետ շատ երկար ճանապարհ եմ անցել, բայց այնուամենայնիվ անցած 3-4 տարիներին տեղի է ունեցել որոշակի քաղաքական օտարում: Մյուս տարբերակը՝ անդամագրվելն էր որևէ կուսակցության, բայց ես Հայաստանում չգտա որևէ ազատական կուսակցություն, որին նպատակահարմար կգտնեմ անդամագրվել: 3-րդ տարբերակն էլ այն էր, ինչ փոորձեցի անել»:

Կա նաև մեկ այլ գործոն, որը ստիպեց Ս. Սուրենյանցին արագացնել նոր կուսակցության ստեղծումը. «Իմ կարծիքով՝ ամիսներ առաջ Հայաստանում տեղի է ունեցել քրեաօլիգարխիկ հեղաշրջում: Այսինքն՝ բոլորը կառավարության փոփոխության մեջ արտառոց որևէ բան չեն տեսնում, կամ այլ կարգի գնահատականներ են տալիս: Հիմա վարչապետ է դարձել մարդ, որն ուղղակիորեն արտահայտում է քրեաօլիգարիխայի շահերը»,- նշեց նա:

Հարցին, թե ինչո՞վ են տարբերվելու իրստեղծած նոր կուսակցության ծրագրերը գործող կուսակցությունների ծրագրերից, Ս. Սուրենյանցը պատասխանեց. «Իմ գիտակցական կյանքում ես միշտ եղել եմ ազատական արժեքների կրող: Դժաբախտաբար, Հայաստանում ազատականությունն ամենավարկաբեկված հոսանքներից մեկն է, ոչ թե նրա համար, որ ազատականությունը վատն է, այլ օբյեկտիվորեն ընկալելի չի եղել, որովհետև ազատականությունը միշտ ասոցացվում է ցավոտ բարեփոխումների հետ և Հայաստանում քաղաքական ուժերը (եթե նույնիսկ ազատական արժեհամակարգի կրող են), աշխատում են ձերբազատվել, կամ ուղղակիորեն չասոցացվել: Սա փորձ է ձևավորել կուսակցություն, որը հիմնված է 2 արժեքի վրա: Պատահաբար չէ՝ ասուլիսը հրավիրված օգոստոսի 23-ին, և պատահաբար չէ, որ հիմնադիր համագումարը տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ին: Սա կուսակցություն է, որը ներկայացնում է 2 հայտ՝ լիբերալիզմ, և հիմքում ունենալու է անկախության պաշտպանության գաղափարը»:

 

Տեսանյութեր

Լրահոս