Ատլանտյան օվկիանոսը կարճ ժամանակով կասեցրել է գլոբալ տաքացումը. գիտնականներ
Science պարբերականի փոխանցմամբ՝ 21-րդ դարի առաջին տասնամյակում գլոբալ տաքացման դանդաղումն ավելի շուտ բացատրվում է Ատլանտյան և Հարավային Սառուցյալ օվկիանոսներում, քան՝ Խաղաղ օվկիանոսում կատարվող իրադարձություններով, ինչպես որ համարվում էր ավելի վաղ:
Այս մասին են վկայել չինացի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները: Գիտնականներ Սյանյաո Չենը և Կա Կիտ Տունը հետազոտել են օվկիանոսագրային չափիչ սարքերից ստացված տվյալները: Այդ սարքերն ունակ են վերուվար անել ջրում և հետևել, թե ինչպես է ջերմությունը տեղաշարժվում Համաշխարհային օվկիանոսում:
Պարզվել է, որ դարասկզբին աղիության աճի պատճառով ջերմության ավելցուկը ջրի մակերևույթից իջել է ավելի մեծ խորության վրա՝ մինչև մեկուկես կիլոմետր: Եվ դա պատահական չէ. Ատլանտյան ու Հարավային Սառուցյալ օվկիանոսների աղիությունը պարբերաբար փոխվում է 25-30 տարի ցիկլերով:
Գիտնականները կարծում են, որ նախկին «թեժ» փուլն ավարտվել է և վրա է հասել «զով» փուլը: Ցիկլը սկսվում է այն ժամանակ, երբ ավելի աղի (և խիտ) ջուրը Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում սկսում է «ճնշել» խորջրյա ջրերը, որպեսզի ջերմությունն արագ տեղափոխվի օվկիանոսի «խորք»:
2000-ական թվականներին մակերևութային ջրերի ռեկորդային աղիությունը համընկել է ստորին շերտերում ջերմաստիճանի տաքացմանը: Գիտնականները կարծում են, որ սառը 1974-1975 թվականները, երբ Երկրում անգամ վախենում էին սառցե նոր դարաշրջանից, համընկել են օվկիանոսի սառեցման նախորդ ցիկլին: Իսկ 1970-1990-ական թվականների արագ տաքացումը մոտ 50 տոկոսով կապված է գլոբալ տաքացման, իսկ մյուս 50 տոկոսով՝ ատլանտյան բնական ցիկլի հետ:
Եթե այս վարկածը ճիշտ է, ապա համեմատաբար զով ժամանակաշրջանը կպահպանվի ևս 10-15 տարի, իսկ հետո կսկսվի գլոբալ հզոր տաքացում: Սակայն մոլորակի մակերևույթի մյուս գործընթացները սպառնում են խախտել բնական ցիկլը: Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հալվող սառույցների քաղցրահամ ջուրը լցվում է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատված և փոխում է նրա աղիությունը: