Ազատամարտիկ. «Ես մտածում էի՝ այդ 5000 դրամը ուղարկել նախագահին»
«Ազատամարտիկների 90 տոկոսը գտնվում են սոցիալապես ծանր վիճակում: Երկրի գերագույն գլխավոր հրամանատարը փոխարենը լուծի ազատամարտիկների, իր մարտական ընկերների հարցը՝ արհամարական տոնով ասում է՝ նվնվացողները: Երբ որ իրենց աշխատավարձերն են քանի անգամ բարձրացրել, իսկ մերը՝ ընդամենը 5000 դրամով»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Հայկ Եղիազարյանը:
Իսկ ազատամարտիկ Սարգիս Զաքարյանը նշեց, որ ամենամսյա պատվովճարով ազատամարտիկներն անգամ իրենց կոմունալ վճարենրը չեն կարողանում կատարել.
«Նախկինում 26. 600 դրամ էր, հիմա դարձել է 31.000: Երբ տնտեսական վիճակը այդքան ծանր է, թանկացել է գազը, լույսը… Այդ 5000 դրամը ազատամարտիկին ի՞նչ է տալիս»:
«Ես պարզապես մտածում էի՝ այդ 5000 դրամը ուղարկել նախագահին, քանի որ իրենք (իշխանությունները:- հեղ.) շատ նեղ վիճակի մեջ են, որ շատ չնվնվան»,- հայտարարեց Հայկ Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ սահմանին տիրող վերջին դեպքերից հետո ինքն պատրաստ էր նորից գնալ սահման՝ ունենալով բազում առողջական խնդիրներ. «Ո՞րն է բարոյական կողմը: Անցյալ տարի խոստացան, որ կբարձրացնեն՝ չբարձրացրեցին: Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալեցին (որը բարձրաձայնում էր ազատամարտիկների հարցերը), որպեսզի հարցը լռեցնեն, տեսանք Շանթ Հարությունյանի և ընկերների ձերբակալությունը: Մինչև նրանց ազատ չարձակեն, իշխանությունների հետ ոչ մի հարցի շուրջ համագործակցության մասին խոսք լինել չի կարող»:
Սակայն ազատամարտիկներին առավելապես հուզում է այն, որ այսօր Հայաստանի իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում և բացի այդ՝ չեն կարողանում լուծել երկրի ներսում առկա խնդիրները.
«Թուրքերը առիթից օգտվելով, որ Հայաստանում մարդ չկա, կազմակերպում են ամեն ինչ, որպեսզի ստուգեն մեր ժողովրդի հոգեբանական վիճակը: Պատմությունը մեզ՝ հայերիս, միշտ ապացուցել է, որ մենք վատթարագույն ժամանակ ենք համախմբվում և մեր հաղթանակը տրվում է այդ ժամանակ: Մենք հաղթանակող ժողովուրդ ենք. չպետք է այս վիճակում ապրենք: Սա միայն ազատամարտիկներին չի վերաբերում, այլ ամբողջ ժողովրդին: Մենք մեր երկրի համար միշտ էլ պատրաստ ենք սահմանը պահել: Թող սթափվեն, անցյալը դնենք մի կողմ, նորից մաքուր էջից սկսենք:
Աշխատանք գտնելը շատ դժվար է ազատամարտիկի համար, մանավանդ՝ եթե նա ունի հաշմանդամություն: Ինքս դիմել եմ պահակային ծառայության, բայց արդյունքի չեմ հասել: Կուզենայի, որ դրա համար էլ գոնե մտածեին»,- նշեց Սարգիս Զաքարյանը:
Ազատամարտիկը նաև պատմեց, որ պատերազմի ժամանակ գիտեին, թե ինչի համար են կռվում: Նրանք պայքարում էին բանակ ունենալու համար. «Այսօր ունենք բանակ, որը շատ կայուն է, երբեք չի կարելի թերագնահատել մեր տղաներին: 18 տարեկանը այնպիսի տարիք է, որ նա այլևս երեխա կոչվելու իրավունք չունի: Ինքս պատերազմի ժամանակ 18 տարեկան եմ եղել: Սահմանին վերջին դեպքերը ապացուցեցին, որ մեր տղաները քաջ են, պահպանում են մեր սահմանները, և մեր սահմանները անառիկ են»: