Ձախողված մեգագործարքների հետևանքները
Անգլիայի թագուհի Վիկտորիան ասում էր. «Մեզ չի հետաքրքրում անգամ պարտվելու հավանականությունը»: Սակայն կորպորատիվ աշխարհում կայսրություններ կառուցողները շատ հաճախ նաև պարտվում են:
Օգօստոսի 5-ին միլիարդատեր Ռուպերտ Մերդոկը ետ վերցրեց 21 Century Fox-ի կողմից Time Warner-ը 70 միլիարդ դոլարով գնելու առաջարկը: Եթե այդ գործարքը տեղի ունենար, ապա 2 ընկերությունների միաձուլումից կառաջանար աշխարհի ամենամեծ մեդիա ընկերությունը: Նույն օրը` մի քանի ժամ անց, ճապոնական Softbank խմբավորումը, որին է պատկանում ամերիկյան հեռահաղորդակցական Sprint ընկերությունը, հրաժարվեց 30 միլիարդ դոլարով գնել իր մրցակից T-Mobile US-ը:
2014 թվականին ձախողվել են ևս երկու մեգագործարքներ` AstraZeneca ընկերության կլանումը ամերիկյան դեղագործական ոլորտի հսկա Pfizer-ի կողմից և երկու գովազդային ընկերությունների` ֆրանսիական Publicis-ի և ամերիկյան Omnicom-ի միաձուլումը:
Այսպիսով, սկսած տարվա սկզբից տարբեր պատճառներով ձախողվել են մոտավորապես 390 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ գործարքներ: Վիճակագրությունը նույնպես հաստատում է, որ առկա է ընկերությունների միաձուլումների և կլանումների հանդեպ սուր հետաքրքրություն: Որպես կանոն, նման գործարքների 10-20 տոկոսը ավարտվում են անհաջողությամբ, և այս տարին նույնպես բացառություն չէր:
Գործարքները հիմնականում ձախողվում են երկու պատճառներով. կարգավորողները մերժում են նախաձեռնողներին, վախենալով, որ տվյալ ոլորտում մրցակցությունը կթուլանա։ Եվ երկրորդ, ներդրողները կանխատեսում են, որ գնողի ֆինանսական վիճակը առաջիկայում վատանալու է, գրում է բրիտանական թերթ The Economist-ը:
Որպես կանոն, ձախողված գործարքներից հետո ընկերությունները իրենց պահում են այնպես, կարծես ոչինչ չի պատահել: Մերդոկի խոսքերով, 21 Century Fox-ի ապագան երբեք այսքան փայլուն չի եղել: Իսկ Softbank-ի ղեկավար Մասաեսի Սոնը ասել է, որ իրենք այժմ աշխատում են Softbank-ը ամենահաջողակ հեռահաղորդակցական ընկերությունը դարձնելու ուղղությամբ:
Սակայն իրականում չկայացած գործարքները լուրջ հետևանքներ են ունենում մասնակցող երկու կողմերի համար: Կլանման ենթակա ընկերությունները հավակնոտ ֆինանսական կանխատեսումներ են անում, որպես պաշտպանություն, սակայն այդ կանխատեսումները սովորաբար չեն իրականանում։ Օրինակ, AstraZeneca-ն հայտարարում է մինչև 2023թ.-ը վաճառքի ծավալները կրկնապատկելու մասին, սակայն այսօր ունի աճի զրոյական ցուցանիշներ։
Մերդոկի հրաժարվելուց անմիջապես հետո Time Warner-ի բաժնետոմսերը արժեզրվեցին 13 տոկոսով: Այժմ ընկերությունը պլանավորում է գնել սեփական բաժնետոմսերը` 5 միլիարդ դոլարի չափով:
Պարտվում է նաև պոտենցիալ գնորդը։ Չկայացած գործարքը լուրջ հարված է հասցնում գնորդ ընկերության ղեկավարության հեղինակությանը։ Օգոստոսի 6-ին Sprint-ը հայտարարեց գլխավոր տնօրեն Դանիել Հեսսի մոտալուտ ազատման մասին։
Վերջերս տապալված գործարքների զոհերից են General Electric ընկերության գղավար Ջեք Ուելչն է (2001թ. չգնեց Honeywell-ը) և BNP Billiton-ի ղեկավար Մարիուս Կլոպպերսը (2008թ. 115 միլիարդ դոլարով չգնեց Rio Tinto-ն)։
Չկայացած գործարքի երկու կողմերի համար էլ ամենակարևորը տվյալ պահին գործառնական կայունությունը ի ցույց դնելն է: Եթե ընկերության շահույթը աճում է, ապա հաճախորդները, աշխատակիցներն ու ներդրողները պատրաստ են ներել գործնականում ամեն ինչ։
2010 թվականին բրիտանական Prudential ապահովագրական ընկերությունը չկարողացավ ձեռք բերել AIA-ը՝ բաժնետերերի անհամաձայնության պատճառով։ Այդ ժամանակից ի վեր Prudential-ի ղեկավար Թիջեյն Թիհամը ապացուցեր իր արդյունավետությունը՝ կրկնապատկելով ընկերության շահույթը։ Սակայն դա ավելի շուտ բացառություն է, քան կանոն։
Այսպիսով, չկայացած գործարքների մասակիցներին, ըստ ամենայնի, լուրջ դժվարություններ են սպասվում։ Վերջին եռամսյակում Pfizer-ի շահույթը 25%-ով կրճատվել է։ Sprint ընկերությունը վնասով փակեց անցած տարին և շարունակում է հաճախորդներ կորցնել: Ամերիկյան մեդիաարտադրության գիգանտի տնօրեն Մարիս Լևին արդեն իսկ հայտարարել է, որ ընկերությունը բարդ վիճակում է:
Գլխավոր տնօրենների համար, իհարկե, ընկերության ամենօրյա կառավարումը ավելի բարդ և ոչ այնքան գայթակղիչ է, որքան այլ ընկերություններ կլանելու կամ նման այլ գործարքները: Բայց կարող ենք վստահ ասել, որ եթե նա ձախողի գործարքը կամ չկարողանա չահույթ ապահովել, ապա բաժնետերերը, ինչպես Վիկտորիա թագուհին, կարտահայտեն իրենց դժգոհությունը:
Թարգմանությունը՝ Ք. Ջալաթյանի