«80 շառլատան լիբերալ ավազակախմբերից, քաղաքականացված ոհմակներից պետք է անցում կատարել իսկական քաղաքական համակարգի». Դավիթ Հակոբյան
«Ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների ինչ-որ մի խեղկատակություն հանձնաժողով՝ ո՛չ հրավիրել են ինձ, ո՛չ այնտեղ մարդ եմ տեսնում: Ղեկավարը Հարությունյան Գագիկն է, որը մի ժամանակ կոմունիստների սազն էր նվագում, հետո դարձավ ՀՀՇ-ի սազանդարը, հիմա էլ նոր սահմանադրական բարեփոխումներ է անում՝ իբր թե: Արդյոք մեզ անհրաժեշտ են այդ սահմանադրական բարեփոխումները»,- այսօր այս տեսակետը հայտնեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա՝ Սահմանադրության մեջ կա 3 փոփոխության անհրաժեշտություն. «Առաջինը նոր տնտեսական բլոկի ձևավորումն է Սահմանադրության մեջ, որը մենք չունենք 2005 թվականից: Երկրորդը սկզբունքորեն նոր տիպի քաղաքական համակարգի ձևավորումն է, այսինքն՝ կուսակցությունների մասին ռեֆորմն է, որով Սահմանադրությունը այդ բարեփոխման անհրաժեշտությունը զգում է: Եւ այդ նոր քաղաքական համակարգի ձևավորումից (այսինքն՝ կուսակցությունների մասին նոր օրենքից) հետո, նոր ընտրական համակարգի ձևավորման խնդիրն է: Այս 3 խնդիրներն ունեն սկզբունքորեն նորը ստեղծելու խնդրո առարկա»:
Դ. Հակոբյանը Գագիկ Հարությունյանի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե ինչ է պետք տնտեսական բլոկի համար. «Այստեղ անհրաժեշտ է արտադրության միջոցների, արտադրողական ուժերի, սեփականության ձևերի, կոնվերգենցիայի փոխակերպումների վրա խարսխված տնտեսական բլոկ: Այսինքն՝ Սահմանադրության տնտեսական պլատֆորմը պետք է հնարավորություն ձևավորի, ստեղծի պետության մեքենայի համար սեփականության ձևերի դինամիկ փոփոխություն՝ ըստ անհրաժեշտության: Այսինքն՝ ե՞րբ ապաազգայնացել արատադրության միջոցները, և ե՞րբ ազգայնացնել: Մեզ մոտ միայն տոտալ լիբերալիզմ է գնում: Պետական արտադրության միջոցներ չեն լինելու, կորպորատիվը՝ պետություն-մասնավոր, չի լինելու, միայն տոտալ մասնավոր: Տնտեսական բլոկը նրա համար է, որ դինամիկ հնարավորություն ընձեռնի արտադրության միջոցների սեփականության ձևերի դինամիկ կոնվերգենցիոն պրոցես, փոխակերպման պրոցես: Այսինքն՝ սույբեկտն իրեն հայտարարում է սնանկ, ուրեմն ազգայնացվում է, ներարկումներ չկա ՛ոչ ժողովրդի գրպանից, ո՛չ էլ պետության գրպանից: Պետական սուբյեկտն է սնանկանում, ազգայնացվում է: Այս դինամիկան պետք է ապահովի տնտեսական բլոկը»:
Խոսելով իր նշած հաջորդ խնդրի մասին՝ Դ. Հակոբյանն ասաց. «Ասում են՝ մենք անցնում ենք վարչապետական ինստիտուտի՝ անգլիական պառլամենտարիզմի ինստիտուտի: Դրա համար հարկավոր է կուսակցությունների մասին օրենքի խորը փոփոխություններ: Այսինքն՝ սկզբունքորեն նոր օրենք կուսակցությունների մասին, որ կուսակցությունների վերագրանցումը լինի ըստ գաղափարական հենքի, և 80 շառլատան լիբերալ ավազակախմբերից, քաղաքականացված ոհմակներից անցում կատարել իսկական քաղաքական համակարգի: Երկու-երեք կուսակցություն՝ ձախ-լիբերալ սոցիալիստական, աջ-լիբերալ բուրժուական դեմոկրատիա: Ահա նոր այս դեպքում կարելի է մտածել պառլամենտարիզմի ինստիտուտին անցնելու մասին: Բայց, արդյո՞ք այս պահին, պատմական այս էտապում ժողովրդին զրկել ներքևից ղեկավար ընտրելու իրավունքից և նախագահական ընտրությունները վերածել քաղաքապետարանի ընտրությունների, իբր թե մի քաղաքական ոհմակ մեծամասնություն կգրավի և իր մեջից վարչապետ կընտրի: Այսօր անհրաժեշտ է ուժեղ նախագահական ինստիտուտ»:
Ըստ Դ. Հակոբյանի՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի երրորդ խնդիրը նա է, որ քաղաքական համակարգը ձևավորելուց հետո, անցում կատարեն սկզբունքորեն նոր՝ 21-րդ դարի ընտրական համակարգի:
Անի Քեշիշյան