«Արցախյան վիկինգները և երրորդ հանրապետության քաղաքական վախճանը». Դավիթ Հակոբյանը՝ Սոչիի հանդիպման մասին
«Սոչիից հետո անհրաժեշտություն զգացվեց հրատապ ամփոփելու արցախյան վիկինգների քաղաքական դինաստիայի 20 տարվա անցած ուղին, Սոչին ուղղակի պարտադրեց դա՝ իր դիվանագիտական սնանկությամբ, աղքատությամբ, խեղկատակությամբ: Ես կարող եմ ամփոփել երկու բառով՝ արցախյան վիկինգները և երրորդ հանրապետության քաղաքական վախճանը»,- ասաց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Դ. Հակոբյանի՝ Սոչիի հանդիպումները ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունը՝ իշխանական օլիմպոսում նստած այրերը, ասելիք և անելիք այլևս չունեն. «Ինչքա՞ն կարելի է դատարկահաչությամբ խաբել սեփական ազգին՝ կեղծ, իմիտացիոն գործընթացներով, ինչքա՞ն կարելի է, այսպես կոչված, քրեական թափոնների լեզվով ասած, «срок отбыть» անել: Ավարտվում է նաև երկրորդ նախագահական շրջանը՝ 2 տարի հետո: Ո՛չ նոր տնտեսական դոկտրին, ո՛չ նոր դիվանագիտական դոկտրին, ո՛չ նոր ազգային անվտանգության դոկտրին. այդպես էլ ոչինչ չտվին վիկինգների առաջին և երկրորդ էշելոնները»:
Դ. Հակոբյանի խոսքով՝ այսօր Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է խաղաղություն ամեն գնով. «20 տարի շարունակ արցախյան վիկինգները, որոնց մենք վստահեցինք ղեկը (իբր ղարաբաղյան դիվանագիտությանը սրտացավ մոտենալու համար), ոչ մի դիվանագիտություն չտվեցին, և Սոչին դարձավ դրա վառ ապացույցը: Քանի՞ անգամ կարելի է նրանց ասել, որ Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բանակցություններն արցախյան հիմնահարցի շուրջ ապօրինի են: Հայաստանի երրորդ հանրապետությունն իրավունք չունի բանակացություններ վարելու՝ առանց նրանց ազգային ժողովի մանդատ ունենալու, եթե, իհարկե, այդ մանդատը տան: Այն էլ բանակցում է ոչ թե ինքնորոշման իրավունքները հաստատագրող ատյաններում (ՄԱԿ-ի կառույցներում), այլ Եվրոպայի անվտանգության կառույցներում՝ որպես տարածքային վեճ: Ո՞վ է թույլ տվել Հայաստանի Հանրապետությանը՝ իր Սահմանադրությամբ ամրագրված 18 հազար քառակուսի կիլոմետր տարածքների վրա ղումարբազություն խաղալ Մինսկի խմբում: Նազարբաևի խոսքը արդեն իսկ նշան էր, որ ժամանակն է Հայաստանի երրորդ հանրապետությունը դուրս գա բանակցային գործընթացից և իր տեղը՝ որպես գլխավոր բանակցող զիջի Արցախի Հայկական Հանրապետությանը»:
Նա նկատեց, որ Արցախի Հայկական Հանրապետությունն ինքն է կազմակերպում ռեֆերենդումը՝ ինքնորոշման ինչ կարգավիճակով շարունակել դիվանագիտությունը. «Այսինքն՝ 4 ինքնորոշման կարգավիճակ. Կա՛մ Հայաստանին միանալ մարզի կարգավիճակով, կա՛մ միանալ Հայաստանի Հանրապետությանը՝ որպես 2 միջազգային իրավունքի սուբյեկտների ֆեդերացիա, կա՛մ հայտարարել իրեն միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ, կա՛մ Գյուլիստանի պայմանագրով որպես Ռուսաստանի ներքին քաղաքական սուբյեկտ՝ ազգային անվտանգության առումով մտնել Ռուսաստանի ֆեդերատիվ պետության կազմի մեջ՝ որպես ինքնուրույն պետական միավոր: Այս 4 կետերից որը կընտրի Արցախի Հայկական Հանրապետությունը, այդպես էլ կլինի: Ու Սոչիում Պուտինը փաստորեն ասաց՝ «Կովկասյան տարածաշրջանում բարմանչին ես եմ՝ արջ ախպերը՝ «давайте жить дружно котята», ոչինչ ավելին»:
Ըստ Դ. Հակոբյանի՝ ի վերջո, Սոչիի հանդիպումը մեզ ապացուցեց, որ մեզ պարտադրված է դրսից մի 100-ամյա իսրաելա-պաղեստինյան կոնֆլիկտ. «Եւ այս կոնֆլիկտ լուծող որևէ մեկը չկա: Ես կարծում եմ՝ այս կոնֆլիկտից դուրս գալու միակ ելքը ռեֆերենդումն է 4 կետերից բաղկացած: Ո՞ր կետը Արցախի Հայկական Հանրապետությունը իր կամքը կտնօրինի, թող այդպես էլ լինի, բայց Հայաստանի Հանրապետությունը՝ ապօրինի բանակցությունները Արցախի Հայկական Հանրապետության փոխարեն պետք է արագ կանգնեցնի՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում, իսկ հանրապետության նախագահն արդեն 7 տարի է ազգային ժողով չի մտնում: Արցախի հարցը Ազգային ժողովում դնելու փոխարեն՝ մեկ ամիս շուտ արձակուրդ է ուղարկում: Դա հերթական աչքակապությունն էր, այդ հանդիպումը ո՛չ խաղաղություն կբերի, ո՛չ էլ այդ խաղաղության սերմերն ենք տեսնում»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ լարվածությունը սահմանում թուլացել է, Դ. Հակոբյանն այսպես արձագանքեց. «Դա ուղղակի 2-3 օրվա անդորր է, որն ավելի հուժկու կպայթի, որովհետև լավ է հասկացել Ադրբեջանը, որ այլևս Մինսկի խմբի շրջանակներում այսպես երկար ձգել չի լինի»:
Անի Քեշիշյան