«Իջևանատան» սեփականատիրոջը սպանության փորձի մեղադրանք է ներկայայցվել
tesankyun.am-ը գրում է. Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը օգոստոսի 2-ին տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «2014թ. ապրիլի 1-ին, Իջևան քաղաքի «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ Աշոտ Ա.-ի կողմից համալիրի սեփականատեր Անդրանիկ Խ.-ին սպանելու փորձ կատարելու և ապօրինաբար հրազեն պահելու համար, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Աշոտ Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց` կիրառվել է կալանավորումը:
Ամիսներ անց, քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Քրեական գործի հետագա քննությամբ պարզվել է, որ «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Անդրանիկ Խ.-ն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ «Սայգա» տեսակի կարաբինով կրակոցներ է արձակել նույն Աշոտ Ա.-ի և նրան ուղեկցող Արսեն Չ.-ի ուղղությամբ:
Փաստորեն, մեղադրյալ Աշոտ Ա.-ին վերագրվող հանցագործություններից բացի, բացահայտվել է նաև մեկ այլ անձի` Անդրանիկ Խ.-ի կողմից կատարված հանցագործությունը, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, մեղադրյալ Անդրանիկ Խ.-ն կալանավորված է:
Բազմակողմանի և օբյեկտիվ քննության մասին օրեսդրական պահանջի ճշգրիտ իրականացման նպատակով որոշվել է միացնել վերոնշյալ երկու քրեական գործերը և նախաքննությունը շարունակել մեկ վարույթում:
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության ղեկավար Լուսինե Մարգարյանին հարցրեցինք, թե ի՞նչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Իջեւան քաղաքի բնակիչ Անդրանիկ Խոջումյանին: Նա ասաց, որ նախաքննության շահերից ելնելով՝ այս փուլում իրենք զերծ են մնում հավելյալ տեղեկատվություն հաղորդելուց: Իրավապահ համակարգից տեղեկացանք,որ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասով(«Սպանության փորձը »): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամսով կալանավորումը: Իրավապահներից ստացած տեղեկություներով ՝այս քրեական գործը կընդլայնվի, նոր բացահայտումներ կլինեն:
Նշենք, որ Անդրանիկ Խոջումյանը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մտերիմներից է : 2011թ. դեկտեմբերի 16-ին Վարուժան Ներսիսյանի գլխավորությամբ Իջեւանի քաղաքապետարանը Իջեւանի Սպիտակ ջուր գետի ջրամբարի տարածքի անհատույց օգտագործման 40 տարով պայմանագիր է կնքել «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ-ի հետ, որի տնօրենը Անդրանիկ Խոջումյանի որդին է՝ Արծրուն Խոջումյանը: Իջեւանի քաղաքապետարանը դատական կարգով լուծել է այդ պայմանագրի դադարեցման հարցը եւ արհեստական լիճը վերադարձվել է Իջեւան համայնքին: