«Ղարաբաղում արտագաղթը շոշափելի չէ, և եթե կա արտագաղթ, ապա կա նաև ներգաղթ». ԼՂՀ ԿԳ նախարար. tert.am
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավիկ Ասրյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արցախում վերջին 5 տարիների ընթացքում նկատվում է առաջին դասարանցիների թվի աճ. եթե նախկինում առաջին դասարանցիները թիվը 1700-1800-ի սահմաններում էր, հիմա այդ թիվը գերազանցում է 2000-ը, իսկ այս տարի հավանաբար կլինի 2400 աշակերտ։
«Որ համայնքում կա դպրոցահասակ երեխա, մենք այնտեղ ունենք դպրոց, ոչ մի երեխա ուսումից դուրս չի մնում»,-ասաց նա։ ԿԳ նախարարն անդրադարձավ նաև դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությանը և նշեց, որ այն պատշաճ մակարդակով է իրականացվում.
«Յուրաքանչյուր դպրոց ունի կցված զորամաս, և կազմակերպվում են փոխադարձ այցելություններ, հանդիպումներ։ Տարածաշրջանում միայն Արցախում է ամռան ընթացքում գործում մեկամսյա ռազմամարզական ճամբար, որտեղ ընդգրկվում են տասնմեկերորդ դասարանի բոլոր պատանիները»։
-Որո՞նք են այսօր Արցախի կրթական խնդիրները։
-ԼՂ կրթության համակարգը ՀՀ կրթության համակարգի հետ գտնվում է նույն տարածքում, և այն բարեփոխումները, որոնք իրականացվում են Հայաստանում, իրականացվում են նաև ԼՂՀ-ում։ ԼՂՀ-ն, նախկինում լինելով որպես ինքնավար միավոր, կարողացել է պահպանել հայկական դպրոցը, կրթօջախները, մայրենին և հիմա շարունակում է այդ գործընթացը՝ արդեն որպես անկախ պետություն։ ՀՀ-ի հետ սերտորեն համագործակցության մեջ գտնվելով՝ Արցախի կրթական համակարգն աստիճանաբար զարգանում է։
Պետական քաղաքականության հիմքում դրված է նախադպրոցական հիմնարկների ցանցի վերականգնումը։ Այսօր արդեն ունենք 44 մանկապարտեզ, որոնցից 30-ը պետական են, մյուսները՝ Հայ օգնության միության, Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո են գործում, և ունենք մեկ մասնավոր մանկապարտեզ։ Անցած տարի Ստեփանակերտում բացվեցին նախադպրոցական խմբեր՝ ուղղված մանկապարտեզների բեռնաթափմանը, քանի որ Ստեփանակերտում այդ խնդիրը դեռ լուծված չէ։ Պահանջարկը մեծ է, սակայն տեղերը քիչ են։ Նախադպրոցական խմբերում մենք ընդգրկեցինք հինգ տարեկան երեխաներին, որոնք այս տարի կընդունվեն առաջին դասարաններ։
-Իսկ աշակերտների թվի ի՞նչ միտում կա։
-Արցախում վերջին հինգ տարիների ընթացքում նկատվում է առաջին դասարանցիների ընդունելության աճ, եթե նախկինում առաջին դասարանցիները թիվը 1700-1800-ի սահմաններում էր, հիմա այդ թիվը գերազանցում է երկու հազարը։ Այս տարի հավանաբար կլինի 2400 աշակերտ։
-Իսկ Ղարաբաղում արտագաղթի կանխման և ներգաղթին ուղղված ի՞նչ աշխատանքներ են իրականացվում։
-Ղարաբաղում արտագաղթը շոշափելի չէ, և եթե կա արտագաղթ, ապա կա նաև ներգաղթ, և մեկը մյուսին լրացնում է։ Յուրաքանչյուր տարի բնակչության թվի աճ է գրանցվում։ Առաջին հերթին ես դա վերագրում եմ, որ յուրաքանչյուր արցախցի մտածում է, որ իրենց զավակների ազատագրված հողին տեր պետք է կանգնի, հասարակական մղում և պարտավորություն կա ընդհանուր ժողովրդի առաջ, որ եթե մենք չապրենք Ղարաբաղում, ո՞վ պետք է ապրի։ Իշխանությունները բավականին քայլեր են ձեռնարկում գյուղի և տարբեր ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ և տարեցտարի աշխատատեղեր են ավելանում։ Չեմ կարող ասել, որ ամբողջությամբ այդ հարցերը լուծված են, սակայն տարեցտարի ժողովրդի կենսամակարդակը աճում է։ Սոցիալական բազմաթիվ ծրագրեր կան, որոնք նպաստում են ծնելիության աճին և մարդկանց կյանքը ինչ-որ չափով բարելավում են։
-Սահմանամերձ գյուղերի դպրոցները ի՞նչ վիճակում են։
-Որ համայնքում կա դպրոցահասակ երեխա, մենք այնտեղ ունենք դպրոց։ Դա հատկապես վերաբնակեցված շրջաններին է վերաբերում։ Մասնավորապես Քաշաթաղի շրջանում ունենք հիսուն դպրոց, մի շարք բնակավայրերից երեխաները մեքենաներով տեղափոխվում են դպրոցներ, այսինքն` ոչ մի երեխա ուսումից դուրս չի մնում։ Չնայած դրան, մենք մասնագետների համալրման խնդր ունենք և վերջին տարիներին կառավարությունը մանկավարժներին այդ վայրեր գործուղելու որոշում ընդունեց, ըստ որի՝ այն մանկավարժները, ովքեր սահմանամերձ գյուղեր կգնան աշխատելու, նրանք հիսուն տոկոս հավելավճար և բնակարանավարձ կստանան։ Չենք կարող ասել, որ հարյուր տոկոսով մենք այդ խնդիրը լուծել ենք, սակայն բոլոր դեպքերում դպրոցները գործում են, տարեցտարի մանկավարժական կազմի, վերանորոգման, նոր դպրոցների կառուցման ծրագրեր են իրականացվում։
-Վերաբնակեցման ուղղությամբ աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում։
-Բուն Ղարաբաղի ներսում վերաբնակեցման անհրաժեշտություն չի առաջանում, մենք ունենք գյուղեր, որոնք բնակչության թվի, տնտեսության զարգացման տեսակետով արդեն կայացած գյուղեր են, սակայն ունենք գյուղեր, որ փոքրաթիվ են։ Ներգաղթի խնդիրները Հայաստանի և սփյուռքի ներգաղթի միջոցով պետք է իրականացնել։ Կան առանձնահատուկ ծրագրեր, որոնք վերաբերում են հենց այդ շրջանների տնտեսության և ենթակառուցվածքների զարգացմանը։
-Ի՞նչ կասեք Արաքսի ափի զարգացման ծրագրի մասին։
-Փաստորեն Արաքսի ափի հողերն օժտված են բերրիությամբ և ճիշտ մշակման դեպքում կարող են Արցախի որոշ մասի պարենային խնդիրները լուծել։ Այս քայլերն արդեն որպես պետական ծրագրեր իրականացվում են։ Առաջին բնակավայրերը ստեղծված են և այդպես էլ անվանվում է ՝ Արաքսավան և այնտեղ բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում։ Նախագահի մասնակցությամբ երիտասարդների հետ հանդիպումներ են եղել, և նրանք պատրաստակամություն են հայտնել որոշակի աշխատանքներում իրենց օգտակար ներդրումն ունենալ։
Մանրամասներն՝ այստեղ