«Թուրքիայի դիվանագիտության գագաթնակետն է լինելու 2015թ. ապրիլի 24-ին Էրդողանի այցը Ծիծեռնակաբերդ, որին Հայաստանը պատրաստ չէ». Սարգիս Հացպանյան

Տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն այսօր  հրավիրված մամուլի ասուլիսին   խոսեց  Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների  և Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների մասին:

«1923թ.-ից ի վեր գոյություն ունեցող պետական միավոր Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցան ուղղակի հանրաքվեի տեսքով նախագահական ընտրություններ: Մինչ այս` խորհրդարանում էր ընտրվում երկրի նախագահը: Այս ընտրություններում 51.8 տոկոսով նախագահ ընտրվեց Ռեջեբ Թայիբ Էրդողանը` գործող վարչապետը, որը քաղաքական դաշտ է մտել 90 –ականներին:  1994թ. առաջին անգամ ժողովրդի քվեներով ընտրվել է Կոստանդնուպոլսի քաղաքապետ: 2001թ. հիմնել է իր կուսակցությունը` «Արդարություն և զարգացում», որը հիմնադրումից ի վեր գրեթե միանձնյա իշխանության կարգավիճակում է գտնվում: Այս կուսակցությունը մասնակցել է 9 ընտրությունների և բոլորից  էլ հաղթանակած է դուրս եկել: Կուսակցությունը իսլամական թեքում ունեցող կազմակերպություն է: Էրդողանը չի թաքցնում իր իսլամական կոշտ կողմնորոշումը և կարծում է, որ Թուրքիան պետք է Միջին Արևելքի իսլամական դրոշակակիրը հանդիսանա, ու  պատահական չէ, որ ընտրություններից հետո միջազգային մամուլում նրան անվանեցին «նորընտիր սուլթան»: Եթե քեմալիզմը չափից դուրս զինվորական, բռնապետական լինելով հանդերձ, դեպի Եվրոպա ձգտող ուղղություն ուներ, ապա սա ավելի շատ Միջին Արևելք`   Ասիա, Իրան ուղղվածությամբ է հանդես գալիս, այսինքն` Էրդողանն ուզում է, որ  իսլամական աշխարհին թելադրող քաղաքական միավոր դառնա Թուրքիան»,- ներկայացրեց բանախոսը:

Փորձագետի կարծիքով` Թուրքիայի ընտրությունները թափանցիկ են, և արդյունքները մասնակիցներից որևէ մեկի կողմից չեն  վիճարկվում. «Վերջին ընտրություններում մի քանի տեղում  վերահաշվարկ արվեց,  և արդյունքները նույնն էին, ինչ հայտարարված էր: Թուրքիայում քարոզարշավի ժամանակ է լինում «ընտրակաշառք» կոչվածը, երբ ժողովրդին տարբեր տեսակի խոստումներով շահագրգռում են, բայց  գումար բաժանել ու նմանատիպ բաներ այնտեղ չկան: Սա Թուրքիայի ժողովրդի ընտրությունն էր: Հետաքրքիրն այն էր, որ մոտ` 52 տոկոս ընտրող, 48 տոկոս չընտրող է եղել, այսինքն`  մի քանի տոկոսի տարբերություն է եղել ընդամենը: Ընտրությունների մասնակիցների թիվն առաջին անգամ է եղել է մոտ 74 տոկոս, ընդհանրապես` 85 և ավելի է լինում: Սրա պատճառն այն էր, որ ձախակողմյան ուժերը բոյկոտի էին կոչել ժողովրդին` ասելով, որ այս երեք թեկնածուներից ոչ-ոք արժանի չէ նախագահ լինել»:

Փորձագետը տարօրինակ համարեց, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը օգոստոսի 27-ին արտակարգ համագումար է հրավիրել. «Սա անսպասելի էր, քաղաքական շրջանակները քննարկում են, որովհետև գործող նախագահը մինչև օգոստոսի 28-ը պետք է մնա պաշտոնում: Թուրքիայի ապագա վարչապետը նշանակվելու է օգոստոսի 27-ին, իսկ այդ կուսակցության նախագահ ով դառնա, նա էլ կլինի ապագա վարչապետը: Այսինքն` Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման վերջին 24 ժամվա ընթացքում որոշվելու է Թուրքիայի ապագա 5 տարիների քաղաքական  ուղղվածությունը, և շատերը  կարծում են , որ հենց Աբդուլլահ Գյուլն է դառնալու կուսակցության նախագահ և վարչապետ: Բայց ես, և որոշ քաղաքական վերլուծաբաններ սա իրատեսական չենք համարում: Աբդուլլահ Գյուլի դերը սիմվոլիկ ձևով կմնա կուսակցության մեջ, բայց նա երեկ հայտարարել է, որ նախագահի պաշտոնի ավարտից անմիջապես հետո վերադառնալու իր հարազատ կուսակցություն և պատրաստ է անել այն, ինչ կվստահվի իրեն: Իսկ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ամենամոտ մարդկանցից մեկը` Բառլասը, որը ԶԼՄ-ում հայտնի հոդվածագիրներից է , երեկ ասաց, որ ավելի լավ կլինի Աբդուլլահ Գյուլը գնա «Ժողովրդահանրապետական» կամ «Ազգային շարժում» կուսակցություններ, այսինքն` ընդդիմադիր թև, քան վերադառնա իրեն ծնունդ տվող կուսակցությունը: Սա նշանակում է, որ այդքան էլ ցանկալի չէ Աբդուլլահ Գյուլի վերադարձը իր կուսակցություն` քաղաքական կարիերայի առումով: Հավանական թեկնածուները երկուսն են. այժմյան Ազգային ժողովի նախագահ հանդես եկող անձը և արտգործնախարարի պաշտոնը նախկինում զբաղեցրած Ալի Բաբաջանը, որն այդ կուսակցության ամենաերիտասարդ կադրն է` բազմիմաց ու բազմակողմանի զարգացած տնտեսագետ: Օգոստոսի 27-ին վարչապետի անունը հստակ կլինի և դա կլինի այն մարդը, որը Էրդողանից հետո ղեկավարելու է այդ կուսակցությունը»:

Ս. Հացպանյանը կարևորեց Էրդողանի վերջին «պատշգամբային» հայտարարություններից երկուսը.  «Առաջինը, որ ինքը լինելու է Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակի նախագահը, ինչը նշանակում է, որ երկրորդ նախագահի ընտրություններում ևս հաղթելու է: Երկրորդը` քրդաբնակ շրջանների` Էրդողանով տարված մարդկանց համար, երկիրը մեկ ժողովուրդ, մեկ դրոշ, մեկ ազգություն, մեկ պետություն է ներկայացնում: Չորս հատ մեկ, որը Էրդողանի կողմից անսպասելի էր, այսինքն Թուրքիան դառնալու է միաձայն իշխանություն և առաջիկա տասը տարիների ընթացքում խաղալու է բոլորովին այլ դաշտում: Քրդական հարցը չի կարելի փակված համարել, բայց քննարկելու բան գրեթե չի թողնում: Երեկ շատ թերթեր գրում էին, որ Թուրքիան դառնում է Ռուսաստանի Դաշնության և Պուտինի կարգավիճակ ունեցող երկիր, այս պրոցեսն անվանում են «պուտինիզացիա», և ասում են, որ Էրդողանը դառնալու է երկրորդ Պուտինը տարածաշրջանում` խաղալով աշխարհա-քաղաքական ուժերի հետ առանձին: Դրա համար էլ արևմտյան մամուլն իրեն «սուլթան» է կոչել: Սա համապատասխանում է իրականությանը, որովհետև Էրդողանն իր քաղաքականությունն է թելադրելու, որը լինելու է կոշտ»:

Լրագրողների այն հարցին, թե Էրդողանի իշխանությունը ինչ ազդեցություն կունենա Հայկական հարցի վրա, նա պատասխանեց.

«Ընտրություններից մեկ օր առաջ «Ակոս» շաբաթաթերթում մի հոդված լույս տեսավ` «Թուրքիայի 11 նախագահները և Հայկական հարցը» վերնագրով, որտեղ Մուսթաֆա Քեմալից սկսած մինչև 2013թ, Հայկական հարցի մասին նախագահների ասածները կար: Բոլորում, բացի Աբդուլլահ Գյուլի հայտարարությունից, կա հայատյացություն: Հոդվածագրի հարցադրումն էր` արդյոք սա կշարունակվի՞ այսօր: Էրդողանը, նման հաղթանակից հետո, Հայկական հարցում երեևի թե կոշտ դիրքորոշում կորդեգրի: Բայց քանի որ 2015-ից մեզ  մի քանի ամիս է բաժանում, իսկ Թուրքիայի Հանրապետությունը շատ լավ գիտի, որ Ցեղասպանության հարյուրամյակն է հիշատակվելու, պատրաստել է երկու դոսիե: Դոսիեներից մեկը` զինվորոկան և բանակային կոշտ դիրքորոշում արտահայտող ուժային նախարարություններին է ուղղված, երկրորդը` Հայաստանի Հանրապետությանն ու հայությանը: Այստեղ կան չափից դուրս «հայանպաստ» գործողություններ, օրինակ` մյուս տարի մի խոշոր հայկական եկեղեցի` ամբողջապես վերանորոգված կանցնի հայկական պատրիարքությանը, մի քանի տեղամասերի անվանակոչումները հայկական դարձնելու ակտ են պատրաստում, Հայաստանը Թուրքիայից  տարանջատող  ավտոմայրուղին ցանկանում են կոչել Հրանտ Դինքի անունով` ցանկանալով, իբրև թե խաղաղության դուռ բացել դեպի Հայաստան: Սրանք քննարկվելիք հարցեր են, որ իրենք կազմակերպում են: Բայց իմ կարծիքով` Թուրքիայի դիվանագիտության գագաթնակետն է լինելու 2015թ. ապրիլի 24-ին Էրդողանի այցը Ծիծեռնակաբերդ: Այս քայլն անելու համար նա ունի մի քանի պատճառներ: Նախ` ամբողջ աշխարհը կխոսի Թուրքիայից և ոչ թե Հայաստանից ու Հայոց ցեղասպանությունից, Էրդողանը կմտնի պատմություն, իբրև խաղաղության աղավնի, այսինքն` նրանք ունեն միայն թուրքամետ ծրագրեր: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չէ այս քայլին: Սերժ Սարգսյանը, որպեսզի հետ չմնա այս քայլից , և Էրդողանի ժամանումը իբրև Հայաստանի կողմից արված հրավեր ներկայացնելու համար կրկնում է նրան հրավիրելու կոչը և վաղը ևս կկրկնի, որովհետև չգիտի, երբ էրդողանն իջնի էստեղ` ինքը ինչ է անելու, չունի որևէ հակաքայլ: Ուզում եմ, որ լրատվամիջոցները այս հարցը բարձրացնեն, որ իշխանությունները պատրաստվեն սրան»:

Ռազմիկ Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս