Տրամադրվենք երկարատեւ պաշտպանության. «Առավոտ»
«Չնայած Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բավականին «խաղաղասեր» հայտարարություններին՝ պարզ է, որ այս կամ այն ինտենսիվությամբ հարեւանների սադրանքները Հայաստանի եւ Արցախի սահմաններին շարունակվելու են»-,գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով.
Եթե Ալիեւը նույնիսկ երդվեր, որ իրենց կողմից դիվերսիաներ կամ գնդակոծություններ չեն լինի, միեւնույն է՝ դրան ոչ ոք չէր հավատա: Մանավանդ, որ խաղաղության եւ փոխզիջումների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները բավականին յուրահատուկ են: Հետեւաբար պետք է ամեն րոպե պատրաստ լինել օգոստոսի սկզբի թեժ մարտերի կրկնությանը:
Դա չի նշանակում, որ բոլոր մնացած հարցերի մասին պետք է մոռանալ: Գիտեմ, որ հայերից շատերին այդ օրինակը դուր չի գալիս, բայց չեմ կարող չհիշեցնել, որ Իսրայելը նման վիճակում ապրում է տասնամյակներ, սակայն դա չի խանգարում, որ այդ երկրում գոյություն ունենան որոշակի ժողովրդավարական ինստիտուտներ (ինձ թվում է, դրանք ավելի կայացած են, քան Հայաստանում), զարգանան տնտեսությունը, գիտությունը, մշակույթը, տուրիզմը:
Ըստ այդմ՝ երբ մեր ընդդիմադիրները փորձեն մարդկանց փողոց դուրս բերել այս կամ այն օրակարգով, ոչ ոք իրավունք չունի ասելու՝ դրա ժամանակը չի, պատերազմի սպառնալիք կա: Այդ տրամաբանությամբ «դրա ժամանակը» կարող է չգալ մոտակա տասնամյակների ընթացքում: Կամ՝ երբ մարդիկ դժգոհություն հայտնեն իրենց սոցիալական վիճակից, պետք չի ասել՝ «բա ի՞նչ էիք ուզում, բա դուք գիտե՞ք, թե ինչ գումարներ են պաշտպանության վրա ծախսվում»:
Դա արդարացում չէ եւ, ի դեպ, երբեք այդպիսին չի եղել: Բայց, իհարկե, չավարտված պատերազմը պետք է միշտ մտքում ունենալ: Եվ այստեղ էլ, կարծում եմ, մեր հասարակությունը պետք է լինի պրոակտիվ, ոչ թե ռեակտիվ: Այսինքն` երբ սահմաններում իրավիճակը թեժանում է, մարդկանց տարբեր խմբեր անկեղծության այս կամ այն աստիճանում հայտարարում են, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ են գնալ առաջին գիծ կամ էլ պատրաստ են լինել մեր զինվորների կողքին:
Մնացած ժամանակահատվածներում պասիվանում են: Ճակատի առաջին գծում լինելու համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ, եւ մարդկանց այդ ձգտմանը պետք է պաշտոնական կարգավիճակ տալ: Դրա համար բազմաթիվ երկրներում կան պահեստազորայինների, Ազգային գվարդիայի եւ այլ նմանատիպ գործող ինստիտուտներ: Երբ նման կառույցները կայանան, պարզ կդառնա, թե ով է իսկապես պատրաստ գնալ ռազմաճակատ, իսկ ով՝ պարզապես կուրծք է ծեծում եւ զբաղված է ինքնագովազդով:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։