Եթե լարվածությունը շարունակվի, ապա Պուտինի համար Սոչիի հանդիպումը կարելի է տապալված համարել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում Սոչիի նախագահական եռակողմ հանդիպումից հետո տեղեկատվությունը բավական սուղ է:
Հանդիպման բովանդակության մասին չկա գրեթե ոչինչ, մասնակիցների արարողակարգային ելույթներից և հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, որն էլ, ըստ էության, առանձնապես հարուստ չէ տեղեկատվությամբ, և միակ հստակ ու կոնկրետ հանգամանքը այն է, որ պայմանավորվածություն կա մշակել միջադեպերի հետաքննության մեխանիզմ:
Կարող ենք վստահաբար ասել, որ նման մեխանիզմ չի մշակվելու, և մենք գործ ունենք ընդամենը հայտարարության հետ, որպեսզի գոնե մի կոնկրետ հանգամանք հանդիպման շրջանակում արձանագրված լինի: Իհարկե, կոնկրետ կարող է լինել նաև սահմանում միջադեպերի դադարեցումը, լարվածության նվազումը: Ընդհանրապես, հասարակական ընկալումներում սա պետք է լիներ հանդիպման բուն արդյունքը:
Այսինքն՝ հասարակությունները սպասում էին հրադադարի վերականգնմանը, որպեսզի նոր զոհեր չլինեն: Այս կապակցությամբ ոչ մի հայտարարություն չի հնչել, որ նախագահները պայմանավորվել են հարգել հրադադարը: Սակայն մեծ է հավանականությունը, որ լարվածության անկում կլինի, քանի որ սա արդեն ուղղակիորեն կապված է հանդիպման, իսկ դա էլ իր հերթին նշանակում է Պուտինի դեմքի հետ: Եթե լարվածությունը շարունակվի ինչպես միշտ, ապա Պուտինի համար հանդիպումը կարելի է տապալված համարել:
Իսկ եթե նկատի առնենք և այն, որ այս հանդիպումը ՌԴ նախագահի համար շատ կարևոր է ընդհանուր աշխարհաքաղաքական կոնտեքստում սեփական քաղաքական-դիվանագիտական կենսունակության և ազդեցիկության ապացույց որպես, ապա սահմանային լարվածության նվազումը այն նվազագույն արդյունքն է, որը Պուտինի համար շատ կարևոր պետք է լիներ Սոչիի հանդիպման ընթացքում: Որոշակի դատողություններ այս կապակցությամբ կարող ենք անել նաև Սերժ Սարգսյանի հետհանդիպումային հարցազրույցից, որ նա տվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:
Սա ընդհանուր առմամբ ինքնավստահ տոնայնությամբ հարցազրույց էր: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը հարցազրույց կտար ու կասեր, թե ամեն ինչ որքան վատ է: Սակայն նա կարող էր այդ հարցազրույցը չտալ, ինչը կնշանակեր, որ Սոչիում իրադարձությունները նրա համար այնքան էլ ցանկալի հունով չեն ընթացել:
Կարող է նաև հարցազրույցն ունենալ, այսպես ասած, շղարշի էֆեկտ տեսականում, սակայն գործնականում սա քիչ հավանական է, քանի որ միևնույն է՝ իրադարձությունները շատ արագ են ծավալվում, և «քամիները» շղարշներն արագ են թռցնում, բացում: Այնպես որ, ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանի «ինքնավստահությունը» որոշակիորեն հիմնավոր է, առավել ևս եթե նկատի ունենանք հանդիպման մեկնարկին Պուտինի հայտարարությունը, թե ուրախ է, որ Ալիևը համարում է, որ խաղաղ կարգավորում է անհրաժեշտ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։