Ռուբեն Մեհրաբյան. «Սա այն արդյունքը չէ, որի համար արժեր այս եռակող հանդիպումը կազմակերպել»
«Երեք նախագահների հայտարարությունները ցույց են տալիս ուղղակիորեն, բառացիորեն հետևյալը. և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը հակված են չեզոքացնելու Մինսկի խմբի ֆորմատը այն դեպքում, երբ Հայաստանը շահագրգռված է, որ ոչ միայն այդ ֆորմատը պահպանվի, այլև Մինսկի խմբի համանախագահների այդ համաձայնեցված առաջարկությունների և քաղաքական կոմպրոմիսի հիմա վրա լուծվի հարցը միայն և բացառապես խաղաղ ճանապարհով, որի մասին էլ ասաց Սերժ Սարգսյանը»,- այսօր այս տեսակետը հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նկատեց, որ Ս. Սարգսյանի հայտարարության ֆոնին Վ. Պուտինն ասաց, որ իրենք հարգում են իրենց գործընկերներին (Արևմուտքին), որոնք մասնակցում են այս միջնորդությանը, սակայն իրենք ունեն շատ ավելի սերտ, խորը նախապատմություն Հայաստանի և Ադրբեջանի հետ, դրա համար էլ այսպես հանդիպել են, որպեսզի անկեղծ խոսեն մեկը մյուսի հետ. «Եվ ուշադրություն դարձրեք, որ այդ հանդիպմանը ներկա չէին Մինսկի խմբի համանախագահներից և ոչ ոք»,- նկատեց Ռ.Մեհրաբյանը:
Ռ.Մեհրաբյանի խոսքով, Իլհամ Ալիևն էլ հղում կատարեց ՄԱԿ-ի 1993 թվականի բանաձևերին՝ մեղադրելով Հայաստանին, որ Հայաստանը չի կատարել այդ անվտանգության խորհրդի բանաձևերից և ոչ մեկը. «Ու այստեղ կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը տեղին հակադարձեց նրան, որ «այդ ժամանակ դուք նշեք, թե այդ որոշումներից ձեր մասով դուք ի՞նչն եք կատարել, այն դեպքում, որ Հայաստանն օգտագործեց իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վրա, և հասան նրան, որ կրակը դադարեցվեց 1994 թվականի մայիսին»: Այդ մասով Հայաստանը, իր մասով իր անելիքը կատարել է, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին»:
Ըստ Ռ.Մեհրաբյանի՝ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում և այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում, իրար հետ կապ ունեն այնպես, ինչպես հաղորդակցվող անոթները. «Ռուսաստանը, փաստորեն, սանձազերծելով տեռորիստական պատերազմ Արևելյան Ուկրաինայում, այսօր բախվեց նախ ուկրաինական հասարակության և բանակի կոշտ հակազդեցությանը, ինչպես նաև Արևմուտքի համերաշխ աջակցությանը Ուկրաինայի պետականությանը: Ճիշտն ասած, Ռուսաստանն ինքը չէր հավատում, որ դա կարող էր այդպես լինել, ու այսօր մենք տեսնում ենք, որ ռուսական քաղաքականությունը Ուկրաինայում մատնված է ուղղակի կրախի: Ու, բնականաբար, ռուսները փորձում են նաև այլ տարածաշրջաններում, որտեղ ազդեցություն ունեն (իսկ դրա մեջ անկասկած մտնում է նաև Հարավային Կովկասը), հագնել խաղաղարարի պատմուճանը և ներկայանալ աշխարհին որպես խաղաղարար, որպես, այնումանենայնիվ, պետքական գործընկեր, որից կախված է շատ բան, ինչ վերաբերվում է տարածաշրջանային և, ինչու չէ, նաև միջազգային անվտանգությանը: Իսկ Ղարաբաղի հարցը մենք տեսնում ենք, որ ներկայումս դարձել է այդպիսի հարց: Այսինքն՝ եթե Ղարաբաղի հարցում տեղի ունենան անկառավարելի պրոցեսներ և պատերազմական գործողություններ, ապա օրերի ընթացքում այստեղ կարող են ներգրավվել այլ ուժեր»:
Ըստ Ռ.Մեհրաբյանի՝ որպես բանակցությունների արդյունք միակ դրական բանը, որ լսեցինք, այն է, որ երկու կողմերն էլ հայտարարեցին, որ կողմ են խաղաղ կարգավորման. «Բայց ես չեմ կարծում, որ այս արդյունքը, այն արդյունքն է, որի համար արժեր այս եռակող հանդիպումը կազմակերպել»:
Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի սահմանային իրավիճակը՝ Սոչիում կայացած հանդիպումներից հետո, Ռ. Մեհրաբյանըպատասխանեց. «Ես հիմքեր չեմ տեսնում, որ Ադրբեջանի քաղաքականությունը տեսանելի ապագայում կփոփոխվի, և այդ հիմքերը կբացակայեն այնքան ժամանակ, քանի դեռ Արևմուտքն էլ ավելի ակտիվորեն չի խառնվում Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանը: Այդ ժամանակ մենք գուցե կունենանք ինչ-որ արտաքին ֆոնի բարենպաստ փոփոխություն, որը կբերի շահերի ինչ-որ չափով տրանսֆորմացիայի»:
Անի Քեշիշյան