«Պատժամիջոցները շուտով խփելու են Հայաստանին». Տնտեսագետ
Տնտեսագետների կարծիքով՝ արևմտյան գերտերություների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին 168.am-ը զրուցեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:
– Պրն Մեսրոբյան, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն կանդրադառնա՞ն արդյոք Հայաստանի տնտեսության վրա:
-Անդրադառնալու են, քանի որ Հայաստանի ռազմավարական օբյեկտների զգալի մասը ռուսական տնտեսվարող սուբյեկտների սեփականությունն են: Եվ բնական է, որ պատժամիջոցները շուտով խփելու են Հայաստանին:
– Կոնկրետ ո՞ր ոլորտների վրա կազդեն այդ պատժամիջոցները:
-Բոլոր այն ոլորտների, որոնց նկատմամբ եղել են պատժամիջոցներ՝ այդ թվում նաև՝ էներգակիրների մասով: Կարող է շեշտակի փոփոխություններ չլինեն՝ կախված՝ ինչպես է զարգանալու իրավիճակը, բայց որ ազդեցություն կլինի, դա միանշանակ է:
– Պատժամիջոցների տակ ընկած ռուսական ընկերությունների թվում են «Գազպրոմբանկ»-ը ու ՎՏԲ-ն են: Նշված երկու բանկերին են պատկանում հայաստանյան «Առէկսիմբանկ»-ը եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկը: Ինչպե՞ս կազդեն այդ պատժամիջոցները վերոնշյալ բանկերի հայաստանյան մասնաճյուղերի վրա:
– Ռուսաստանն, իմ կարծիքով, ամեն ինչ կանի, որ բանկային ոլորտում լարվածություն չլինի, ոչ միայն Ռուսաստանում, այլև այդ բանկերի դուստր բանկերի հարցով այլ երկրներում: Շատ պարզ պատճառով. պատմությունը ցույց է տալիս, որ պետությունները շատ հեշտ ունենում են ֆասադի հետ խնդիրներ՝ հենց բանկային համակարգի անկայունության պայմաններում: Բանկային համակարգը պետության կայունության սյուներից մեկն է, հետևաբար, չեմ բացառում, որ անգամ Ռուսաստանի բյուջեից կարող է օժանդակություն լինի այդ բանկերին: Դա ոչ միայն Ռուսաստանի համար է վտանգավոր, այլ ընդհանրապես, ցանկացած պետությունում բանկային համակարգի կտրուկ վատթարացումը ուղղակի կարող է աղետալի լինել:
Օրինակ, 1994թ. Ալբանիայի «Խնայբանկի» ճգնաժամը բերեց նրան, որ Ալբանիայում հեղափոխություն տեղի ունեցավ: 1998թ. Արգենտինայում բանկային համակարգի ճգնաժամը բերեց նախագահի հրաժարականին և ուրիշ քաղաքական վայրիվերումների: Դրա համար բանկային համակարգը միշտ ունի առանձին օրենսդրական դաշտ:
– Այսինքն՝ այդ պատժամիջոցները Ռուսաստանի բանկային համակարգի վրա չե՞ն ազդի:
– Ծայրահեղ դեպքում, բացառված չէ, որ Ռուսաստանի բյուջեից օժանդակություն լինի: Սա այն հարցն է, որտեղ 2 մոտեցում չի կարող լինել: Բանկային համակարգը միշտ առանձին համակարգ է դիտարկվում, ոչ թե երկրից առանձին, այլ վերահսկողական, կարգավորման իմաստով, որովհետև այն բանակի նման կառույց է՝ իր ազդեցության իմաստով: Եթե պետության բանակը թույլ է, պետության անվտանգությունը խաթարվում է: Եթե պետության բանկային համակարգը կտրուկ տատանվում է, պետության անվտանգությունը տատանվում է:
– Նախատեսվում էր, որ «Ռոսնեֆթ» ընկերությունը մոտ 400 մլն դոլար կներդնի հայկական «Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկման համար, իսկ այժմ այդ ընկության նկատմամբ նույնպես պատժամիջոցներ են սահմանված: Ինչպե՞ս դա կանդրադառնա այդ 400 մլն դոլարի ներդրման գործընթացի վրա:
– Եկեք այդ հարցերը բաժանենք, որովհետև «Ռոսնեֆթ»-ի կողմից այդ հնարավոր քայլերի մասին տեղեկություններն արդեն մինչ այդ պատժամիջոցները ցույց էին տալիս, որ «Ռոսնեֆթ»-ն առանձնապես չի տոգորված «Նաիրիտի» մեջ ներդրում անել: Այսինքն՝ այդ բանակցությունները շատ վաղուց են սկսվել և անգամ մինչև այդ պատժամիջոցները դրանք անհաջող էին: Այսինքն՝ ոչ մի դեպքում չէին լինի, դրա համար այդ 2-ը պետք չէ կապել իրար հետ:
– ԱՄՆ դեսպանատունը հայտարարությամբ հանդես եկավ՝ զգուշացնելով հայաստանյան ընկերություններին՝ խուսափել ռուսական այն ընկերությունների հետ համագործակցությունից, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանված: Արդյո՞ք հայաստանյան ընկերությունները պետք է համար ուշադրության դարձնեն այս նախազգուշացմանը:
– Նախ, ցանկացած դեսպանատան հայտարարություն Հայաստանում` զգուշացնող, կամ չակերտավոր խորհուրդ տվող, գոնե ինձ համար անընդունելի է, որովհետև Հայաստանն առանձին սուբյեկտ է, ու դա ցույց է տալիս, որ Հայաստանը որպես սուբյեկտ չի ընկալվում խոշոր խաղացողների կողմից: Սա մեր մեղքն է: Ընդհանրապես, նման հայտարարությունները շատ անընդունելի են, և մեր Արտաքին գործերի նախարարությունը, ցանկացած ոտնձգության մեր անկախության հարցում, պետք է շատ կոշտ պատասխան տար, բայց ամենաանհաջող կառույցներից մեկը Հայաստանում Արտգործնախարարությունն է:
– Այնուամենայնիվ, ինչքանո՞վ է նպատակահարմար հայաստանյան ընկերությունների համար շարունակել համագործակցությունը՝ այդ ռուսական ընկերությունների հետ:
– Համագործակցությունը սանկցիաներով չի առաջանում կամ վերջանում: Այդպես սև ու սպիտակ չի կարելի նայել երևույթին: Անհրաժեշտ է ուղղակի համագործակցել՝ հաշվի առնելով լրացուցիչ ռիսկերը, որովհետև ֆինանսական ոլորտում համար 1 խնդիրը ռիսկերի կառավարումն է: Դա հենց այսօր չառաջացավ: Ռիսկերը միշտ էլ կան:
Ռիսկերը միշտ պետք է գնահատել: Օրինակ, Ռուսաստանի դեմ սանկցիաների հաշվով պետք է ռիսկերը վերանայվեն և գործեն համապաձայն այդ վերանայված ռիսկերի: Միշտ էլ, երբ քաղաքականությունը մտնում է տնտեսության մեջ, առաջանում են լրացուցիչ ռիսկեր: Նման ռիսկեր շատ կան, և հմուտ կառավարիչները հենց դրանով են հմուտ, որ հաշվի առնելով փոփոխվող ռիսկերը՝ կարողանում են, այնումամենայնիվ, զարգացնել իրենց բիզնեսը, իրենց բանկերը, իրենց համագործակցությունը, որովհետև չի կարելի նման հարցերում սև ու սպիտակ խոսել:
Ես ԶԼՄ-ներին խորհուրդ կտամ (առավել ևս բանկերի մասով) երբեք անվանական վախի մթնոլորտ չմտցնել, որովհետև մենք պետք է հիշենք, որ անգամ այդ բանկերը, նրանք Հայաստանի բանկային համակարգի կազմում են, ու ԶԼՄ-ներն էլ կարող են լավ տատանում տալ բանկային համակարգին, ու այդ ժամանակ մենք կունենանք պետական այն ռիսկերը, որի մասին ես նոր ասեցի:
Անի Քեշիշյան