Ղարաբաղյան հակամարտության ներկայիս լարվածությունը ձեռնտու է Մոսկվային. Սաբինա Ֆրեյզեր. 1in.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ Մոսկվան միջազգային հանրությանը ցույց է տալիս Հարավային Կովկասում պատերազմ կամ խաղաղություն հաստատելու իր կարողությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ղարաբաղյան հակամարտության և Կովկասի հարցերով փորձագետ, ամերիկյան հեղինակավոր Atlantic Council հետազոտական հաստատության ավագ գիտաշխատող Սաբին Ֆրեյզերը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մոլեգնող լարվածությանը, ռուսական միջնորդական ջանքերին ու պատերազմի վերսկսման հնարավորությանը:

Նա նշել է, որ հուլիսի 31-ից էթնիկ ադրբեջանցիների ու հայերի միջև բախումների հետևանքով ամենաքիչը 18 սպանված զինվորների փաստն աշխարհին հիշեցնում է, որ Արևելյան Ուկրաինան նախկին ԽՍՀՄ տարածքի միակ հակամարտությունը չէ։ 1994 թ. հաստատված հրադադարից հետո ամենաթեժ բախումը ԼՂ հակամարտության գոտում ցույց է տալիս, որ լայնամասշտաբ պատերազմն իրապես հնարավոր է, բայցև ապահովում է Ռուսաստանին հնարավորությամբ քայլ իրականացնել և առանցքային միջնորդի դերակատարություն ստանձնել:

Այսպիսով, ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները օգոստոսի 8-9-ը հրավիրվել են Սոչի բանակցությունների համար, որտեղ Մոսկվան գուցե հաջողի կողմերից հրադադարի իրենց հանձնառությունները վերահաստատելու հարցում: Նա մասնավորապես ընդգծեց, որ վերջին բախումները քննադատվեցին միջազգային հանրության կողմից՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, ԵՄ-ի, ԵԱԿ Մինսկի խմբի կողմից, բայց ՌԴ ղեկավարությունն ամենաարագն արձագանքեց:

«Յուրաքանչյուր տարի հայ-ադրբեջանական սահմանին կամ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սպանվում են շուրջ 30 խաղաղ քաղաքացիներ կամ զինծառայողներ: Բայց սպանությունները ավելի հաճախ դիպուկահարի կրակոցի կամ ականի պայթյունի հետևանքով էին լինում: Սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուղարկել են դիվերսիոն խմբեր դեպի խրամատներ, ինչը շատ ավելի նման է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կիրառվող մեթոդներին:

ՀՀ ԱԳ նախարարը մեղադրեց պաշտոնական Բաքվին հերթական արկածախնդրության մեջ, որը նպատակ ունի թուլացնելու բանակցային գործընթացը: Միևնույն ժամանակ, կողմերի միջև բանակցությունները, որոնք համակարգվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, չեն գրանցում որևէ առաջընթաց՝ սկսած դեռևս 2009 թվականից: Հիասթափված լինելով առաջընթացի բացակայությունից, ծանրաբեռնված 600 հազար տեղահանվածներով և իր տարածքի 14% օկուպացիայով՝ Ադրբեջանը նախորդ տարվանից հայտարարում է, որ բանակցությունները հիմնականում սառեցված են: Ուկրաինական իրադարձություններն էլ ավելի են խորացնում անհուսության զգացումը»,- մեկնաբանել է Սաբինա Ֆրեյզերը՝ շարունակելով, որ Ղրիմում Ռուսաստանի գործողությունը նշանավորում է երկու հիմնարար սկզբունք, որի շուրջ գուցե և Ադրբեջանը, և Հայաստանը համաձայնություն գան՝ ուժի չկիրառում և տարածքային ամբողջականություն։ Թեև Ադրբեջանը ՄԱԿ-ի ԳԱ-ում դեմ քվեարկեց Ռուսաստանին Ղրիմի հարցով, ակնկալում էր, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ամուր կկանգնեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին, որից հետո կկարողանան Արևմուտքին հիշեցնել, որ 1993 թվականից ՄԱԿ ԱԽ-ում կա ԼՂ-ին վերաբերող 4 բանաձև, որոնք պետք է իրագործվեն:

Բայց հիմա, վերլուծաբանի համոզմամբ, Բաքվում շատերն ամենաքիչը հիասթափված են ԵՄ-ի ու ԱՄՆ-ի անգործությամբ և դա դիտարկում են որպես հերթական օրինակն այն բանի, որ Արևմուտքը չի կարողանում ապահովել, երաշխավորել տարածքային ամբողջականության սկզբունքը, որը նրանք պահանջում են պահպանել: Ֆրեյզերի դիտարկումներով՝ Ղրիմում Բուդապեշտյան մեմորանդումի խախտումն ավելի քիչ հավանական է դարձնում, որ Հայաստանը կընդունի նմանատիպ երաշխիքներ օկուպացված տարածքների հետ փոխանակման տարբերակով, մյուս կողմից Ղրիմն Ադրբեջանին ցույց տվեց, թե կորցրած տարածքները ետ վերադարձնելու համար ինչպես կարող է սկսել արագ ռազմական գործողություն միջազգային հանրության սահմանափակ դիմադրությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս