Արարատը Զիհադի մարտիկների ճիրաններում և նոր՝ եզիդի-քրդերի ցեղասպանությունը: Քաղաքակրթության ծնունդն ու մահը նույն լեռան գագաթին

Եզիդի-քրդական սուրբ լեռան` Սինջարի գագաթին ապաստանած եզիդիները կանգնած նայում են մահվան աչքերին: Հնագույն այս էթնոսն առաջին անգամ իր բազմահազարամյա պատմության ընթացքում կանգնած է լիակատար, այո’ լիակատար ոչնչացման առջև:

Հնագույն Միջագետքում` ներկայիս Իրաքում և Սիրիայում` մարդկության քաղաքակրթության այս օրրանում` որտեղ ծնվել է առաջին պետականությունը` շումերների Ուռ և Ուռուկ քաղաք-պետությունները, որտեղ ապրել և անհետացել են ժամանակի տիրակալները` ասորեստանցիներն ու բաբելացիները և որտեղ երկու վեհապանծ գետերը սկիզբ են դրել երկրագործությանն ու հասարակական հարաբերություններին` կյանքը աստիճանաբար, սակայն հետևողականորեն կանգ է առնում: Կյանքը կանգ է առնում, իսկ ժամանակը վերադառնում է այնտեղ, որտեղ այն երբեք էլ չի եղել` դժնդակ մի հարթություն` ինչ-որ նախնադարում, որ մահ է շնչում և որտեղ հրեշներն աշխարհի չորս ծայրերից` իրենց տիրապետությունն են հաստատում: Իսլամական խալիֆաթը, որ ամենավայրագն ու ամենաանհանդուրժողն է երբևէ գոյություն ունեցած բոլոր բարբարոսներից` իր երկար ու սև մորուքներով ծածկում է մարդկային քաղաքակրթության վեցհազարամյա պատմության ամենակարևոր շերտը` հնագույն Միջագետքը:

Այսօր մահն ու ցեղասպանությունը սպառնում են եզդիներին: Եզդիները, որ թեև իրենց համարում են էթնիկ առանձին միավոր` նույն քրդերն են, որ հավատարիմ մնալով երբևէ իրենց դավանած զրադաշտությանը` վերափոխեցին այն Զրադաշտի, Հիսուսի և Մուհամեդի կրոնների մի խառնուրդի` պահպանելով անգամ իրենց նախազրադաշտական հեթանոսական հավատքի ամենատարբեր տարրեր: Դարեր շարունակ միջագետքի սուննիները եզդիներին համարում էին սատանայապաշտներ, սակայն հանդուրժում էին նրանց: Նախ դա պայմանավորված էր տարածքի բարդ էթնիկ գործվածքով և ապա` միայն քսաներորդ դարի կեսերից` Սաուդիան Արաբիայի թագավորության նախաձեռնությամբ վերածնված վահաբիստական ծայրահեղական իսլամի իշխանության բացակայությամբ: Սադամ Հուսեյնի տիրապետության տարիներին քրդերը, որ սուննի մահմեդականություն էին ընդունել և խորթացել եզիդիներից` ենթարկվում էին ծանր ճնշումների, սակայն շարունակում էին ապրել և մաքառել: Ինչ վերաբերում է եզիդիներին, ապա նրանք մեկն էին այն ազգային փոքրամասնություններից, որ վայելում էին երկրի կյանքի հարաբերական անվտանգությունը և որպես կրոնական համայնք պաշտպանված էին: 2003թ.-ի ներխուժումից հետո զսպիչ բոլոր կապաններն արձակվեցին և սաուդա-քաթարական տանդեմն այստեղ ևս սկսեց սերմանել իսլամի ամենաանհանդուրժող ուղղության` վահաբիզմի սերմերը: Այսօր` ներխուժումից տասնմեկ տարի անց` այդ սերմեը պտուղներ են տալիս և Իրաքը` որպես պետություն այլևս գոյություն չունի: Եզիդիները ջիհադի բանակի ամենաթարմ թիրախն են և` ամենաատելի:

Քչերը գիտեն և այդ քչերը որպես կանոն միֆական շովինիզմով չթաթախված այն հայ իրական պատմաբաններն են, որ գիտեն և պնդում են, որ Սինջարը նույն ինքը Արարատն է: Ավելի շուտ` պատմական Արարադ-ը: Մեծ Հայքի հարավում գտնվող Կորդուք (Քրդստան, որտեղ անհիշելի ժամանակներից բնակվել են քրդերը) գավառի ամենաբարձր կետն է Սինջար կամ Արարադ լեռը, որ մինչ Արևելյան Հայաստանում գտնվող Մասիսի Արարատ վերակոչվելն ու դրա հետ միասին բիբլիական լեգենդը որդեգրելը` գիտական գրականությանն ու հայկական աղբյուրներին հայտնի էր որպես <Արարատ> լեռ: Միջագետքի այս ամենաբարձր կետը վեր է հառնում երկու վսեմ գետերի` Տիգրիսի և Եփրատի հեղեման գծի կենտրոնից և դարեր շարունակ հայկական և քրդական լեգենդներում հանդես է եկել որպես սրբազան լեռ: Ըստ հայ խոշոր պատմաշխարհագրագետներ Թադևոս Հակոբյանի և Բաբկեն Հարությունյանի` հենց այստեղ է միջագետքի մեծ ջրհեղեղի ժամանակ կանգ առել Նոյի տապանը: Նախ` լեռան բարձրությունը համապատասխանում է այն խելամիտ բարձրությանը, որ կարող էր դուրս մնալ նախապատմական շրջանում <աշխարհ> համարվող միջագետքի մեծ հեղեղումից և ապա` քաղաքակրթությունը կարող էր ծագել միայն այստեղ` որտեղ դրա համար ժամանակին առկա էին բնակլիմայական լավագույն պայմաններ: Դրանով է նաև բացատրվում այս տարածաշրջանում էթնո-կրոնական ամենախիտ գործվածքը, որ, թերևս, հատուկ է միայն Լևանտին:

Փախչելով վահաբի իսլամի ամենակործան ջրհեղեղից` այժմ իրենց տապանը Արարատի գագաթին են դրել քառասուն հազար եզիդիներ, որոնց սպառնում է ամենակուլ սև ջրհեղեը: Ուղիղ հարյուր տարի առաջ` ընդամենը երեք հարյուր մղոն դեպի արևելք ընկած մեկ այլ լեռան գագաթին` այսօրվա եզիդիների բախտակիցները` կիլիկեցի հայերը դրեցին իրենց տապանը և հայացքն ուղղելով ծովին` պաշտպանություն սկսեցին: Պաշտպանությունն այդ տևեց քառասուն օր և Մուսայի հերոսական մարտիկներն իրենց ընտանիքների հետ ապաստան գտան դավաճան, սակայն այնուամենայնիվ մի կերպ օգնության հասած ֆրանսիական նավերի վրա: Ուղիղ հարյուր տարի անց` քառասուն հազար եզդիներ կարող են միայն նախանձել Մուսալեռի հերոսամարտի մասնակիցներին: Հայերը զենք ունեին, ոգի և օգնության էին սպասում ծովից: Նրանց լեռը ամուր էր, սակայն և այնքան փխրուն, որ իր գիրկն ընդուներ զոհվածներին: Բիբլիական Արարատի եզդի տապանավորները չունեն զենք, զրկված են ջրից և սննդից և միակ ծովը, որ բացվում է իրենց առջև` ջիհադի մարտիկների սև դրոշներն են, որ շուտով կծածանվեն սրբազան լեռան գագաթին: Սինջար-Արարատի փախստականներն իրենց դժոխքի երրորդ օրն արդեն ծարավից ու սովից մահացածներին թաղում են չոր լեռան քարերի տակ, վերջին հրաժեշտի հաղորդագրություններ են ուղարկում իրենց հարազատներին և աղոթում են Աստծուն: Եվ թվում է` աշխարհի սպանիչ անտարբերության մեջ միակ փրկությունը միայն աստվածային նախախնամությամբ կարող է լինել:

Եզիդիները, թվում է` իրենց կռիվը տանուլ են տալիս: Մուսալեռը փառահեղ էջ է հայոց պատմության մեջ, սակայն նաև ողբերգական և ի վերջո նահանջի էջ: Մեր նոր մուսալեռն ավարայր է լինելու և ավարայրն այդ բիբլիական է լինելու: Մենք հիրավի ապրում ենք բիբլիական ժամանակներում:

Պատմությունը միշտ կրկնվում է: Կրկնվում է անընդհատ, կրկնվում է անշեղորեն: Եվ հաճախ` կրկնվում է աներևակայելի նմանությամբ: Հարյուր տարի առաջ հայերն էին, այսօր` քրդերը, եզիդիները, քաղդեացիներն ու ասորիները, շիաներն ու ալևիները և իհարկե, դարձյալ հայերը: Պատմությունը կրկնվում է և կրկնվում է անպատկերացնելի նմանությամբ: Եվ պատմության մեջ վերապրում են միայն նրանք, ովքեր դասեր են քաղում այդ պատմությունից: Եվ պատմության ամենամեծ դասը հենց դրանում է կայանում:

ՀԱՅԿ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Քաղաքագիտության դոկտոր,
Նյու Յորք

 

Տեսանյութեր

Լրահոս