«Պետք է լինի հասարակական ճնշում, որ Կառավարությունը հասկանա` արևային տեխնոլոգիաների կիրառումն իրոք պահանջված է»
Վերջերս տեղի էր ունեցել «Արևային տեխնոլոգիաների լայն կիրառումը՝ որպես Հայաստանի տնտեսության զարգացման այլընտրանք» թեմայով կլոր սեղան-քննարկում, որի արդյունքներն ու գործողությունների ծրագիրն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեցին «Սպառողների աջակցման կենտրոն» հ/կ նախագահ Աշոտ Միրզոյանը և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:
Աշոտ Միրզոյանի խոսքով` արևային էներգետիկան Հայաստանում զարգանալու մեծ պոտենցիալ ունի, և էլեկտրաէներգիայի թանկացումն իրենց հնարավորություն կտա ավելի շուտ զարգացնել այն: Քննարկման ժամանակ մշակվել է 10 կետից բաղկացած գործողությունների ծրագիր.
1. Արևային տեխնոլոգիաների լայն կիրառումը՝ որպես Հայաստանի տնտեսության զարգացման այլընտրանք,
2. Օրենսդրական փոփոխությունների և լրացումների մշակում արևային էներգետիկայի զարգացումը խթանելու համար,
3. Արևային տեխնոլոգիաների զարգացման և նրանից օգուտների վերաբերյալ հանրության լայն իրազեկում, քարոզչության ընդլայնում,
4. Երրորդ տարիֆային ռեժիմի անհրաժեշտություն, որը կմեղմացնի էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը բնակչության վրա,
5. Մասսայական հելիոտիկացում,
6. Արևային տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունների համար հարկային արտոնյալ պայմանների սահմանում,
7. Բիզնես ծրագրերի մշակում,
8. Խորհրդատվություններ քաղաքական ուժերի և պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ,
9. Արևային տեխնոլոգիայով աշխատող սարքերի տեղական արտադրության կազմակերպում,
10. Այլընտրանքային էներգիայի աղբյուրների մշակման, արտադրության և կիրառման ուղղակի ֆինանսավորումը ՀՀ Կառավարության կողմից:
Թամարա Բաբայանի խոսքով` իրենց հիմնադրամը 2007-ից սկսած զբաղվում է այս ուղղությամբ.
«Սկզբում դրանք, Հայաստանի համար լինելով թանկ, դեռևս իրատեսական չէին, բայց այժմ մենք սկսել ենք այդ ուսումնասիրությունները` հասկանալու համար` ի՞նչ պոտենցիալ ունի Հայաստանը՝ ոչ միայն այստեղ ունենալու արևային էներգիայի կայան, այլև այստեղ արտադրելու այդ ամբողջ տեխնոլոգիաների գոնե այն մասը, որը հնարավոր է և ֆինանսապես ձեռնտու: Ի դեպ, բավականին նպաստավոր է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելը, այսինքն` շատ քիչ խոչընդոտներ կան: Նման տեխնոլոգիաների կիրառման սկիզբը դրել են եվրոպական երկրները` Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա և այլն: Այժմ ավելի շատ աֆրիկական երկրներում են կիրառում:
Օրինակ, երկրներ կան, որ ընդհանրապես չկա էլեկտրաէներգիա, և լավագույն դեպքում օգտագործում են դիզելային գեներատորներ: Կան նաև Ուկրաինայում, նույնիսկ Թուրքիայում, որտեղ շատ ակտիվ օգտագործում են այդ ռեսուրսները, և այլն: Հայաստանում ևս կան նման տեխնոլոգիաներ, խնդիրն այն է, որ շատ թանկ են, և մեր նպատակն է՝ այնպես անել, որ էժան լինի: Մեր խնդիրն է՝ խթանել դրանց օգտագործումը, բայց մենք չենք ուզում, որ անգրագետ օգտագործման պատճառով այն հեղինակազրկվի. չէ՞ որ այն հրաշալի տեխնոլոգիա է: Այն երկրներում, որտեղ զարգացել են նման տեխնոլոգիաները, բնականաբար, եղել է հասարակական ճնշում:
Այսինքն` մեզ մոտ ևս պետք է լինի հասարակական ճնշում, որ Կառավարությունը հասկանա` սա իրոք պահանջված է, պետք է ցույց տալ, որ հասարակությունը սպասում է լուծումների: Ասեմ, որ մենք, օրինակ, նախորդ տարի 12 հանրային շենքում արել ենք փորձարկում և ունեցել մինչև 54% խնայողություն: Արել ենք պատերի ջերմամեկուսացում, տանիքի ջերմամեկուսացում, ջեռուցման համակարգի արդիականացում: Նշեմ, որ Արարատյան դաշտն ամենավատն է արևային էլեկտրական տեխնոլոգիաների համար, լավագույնը Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերն են, այսինքն` բարձր լեռնային գոտիներում, որտեղ օդը մաքուր է, և ջերմաստիճանը` ցածր»:
Մեր այն հարցին, թե արևային տեխնոլոգիաները հիմնականում ի՞նչ նպատակներով կարող են օգտագործվել, Թամարա Բաբայանը պատասխանեց, որ կան արևային մեծածավալ էլեկտրակայաններ, որոնք միանում են ցանցին, և բոլոր մարդիկ հնարավորություն են ունենում օգտագործելու` առանց տարբերակելու` դա ինչ տեսակի էլեկտրաէներգիա է: Դրանք կարող են տեղակայվել նաև առանձին կազմակերպությունների վրա` տանիքներում, բակերում և այլն: Այդ տեխնոլոգիան, լինելով ավելի փոքրածավալ, ինչ-որ սարքերի բավարարելու առումով՝ մի փոքր ավելի թանկ է: Երկրորդը՝ ջրատաքացուցիչների և ջեռուցման համակարգերի օգտագործումն է, և երրորդը՝ կերակրի պատրաստումը արևային կայանների վրա:
Իսկ հարցին, թե ինչո՞վ է կարևորվում արևային տոխնոլոգիաների ներդրումը, Թամարա Բաբայանը պատասխանեց, որ, օրինակ, գազից մեր կախվածությունն ինչ-որ չափով կնվազի, կնպաստի տնտեսության զարգացմանը, մեր ապագայի ռազմավարական ծրագրերից մեկը կհանդիսանա: Նրա խոսքով` մենք չունենք այն ծավալները, որոնք երկրի մասշտաբով ազդեցություն կունենան. լուրջ ազդեցություն թողնողն արևային էներգիայի կիրառումն է, որովհետև այդ ռեսուրսն անսահմանափակ ունենք, երկրորդը երկրաջերմային էներգետիկան է, որի շուրջ շատ վաղուց արվել են հետազոտություններ: