Իշխանությունն ու ընդդիմությունը Հայաստանը տանում են Արևմուտքի պատժամիջոցների տակ ճռռալու ճանապարհով. Արամ Սարգսյան

Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ

– Լարվածությունը հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մեծանում է, ավելանում է զոհերի քանակն ինչպես՝ զինվորականների, այնպես էլ՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ համակերպվել ստատուս-քվոյի հետ: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներից անցնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

– Ինձ պապս դեռ մանուկ հասակից սովորեցնում էր, որ տղամարդը կռվից չպետք է վախենա, բայց պետք է աշխատի կռիվ չանել: Ես միշտ եղել եմ այն գաղափարի հետևորդը, որ պետք է ամեն ինչ անել հանուն խաղաղության, որովհետև անկախ նրանից՝ զոհերը մե՞ր, թե՞ ադրբեջանական կողմից են, նրանք 18-20 տարեկան տղաներ են, որոնց կյանքը դեռ առջևում էր: Եվ քաղաքական գործիչների մեծամտության կամ լեզու չգտնելու պատճառով զոհվում են այդ տղաները, որն անթույլատրելի է:  Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հավանականությանը, ապա պետք է ասեմ, որ ի պատիվ մեր տղաների, ովքեր 1994թ. կարողացան Ադրբեջանին պարտադրել խաղաղություն պայմանագիր կնքել, նրանք կարողացան հայկական կողմի համար այնպիսի բարենպաստ դիրքեր ապահովել, որ ռազմական բարձր գիտելիք ունեցող իմ ընկերները վստահեցնում են, որ եթե նույնիսկ Ադրբեջանը զինամթերքի առումով մի քանի անգամ գերազանցություն ունենա Հայաստանի նկատմամբ, միևնույն է, մեր դիրքային առավելությունը թույլ է տալիս ռազմական առավելության հասնել Ադրբեջանի նկատմամբ:

Ադրբեջանի ոչ հավասարակշիռ նախագահը պատերազմի կամ նախահարձակ լինելու չի գնում հենց միայն այն  պատճառով, որ հասկանում է, որ իր երկիրը հաղթելու ոչ մի հնարավորություն չունի: Թե չէ, եթե Ադրբեջանը իսկապես «բլից կրիգի» հնարավորություն ունենար, ապա հաստատ կդիմեր դրան, և աշխարհը նրան չէր  մեղադրի պատերազմ սկսելու համար, ոչ մեկը չէր մեղադրի տարածքներ գրավելու մեջ: Բայց Ալիևն ինքը գիտի, որ պատերազմի գնալու դեպքում կկորցնի ոչ միայն տարածքներ, այլև պարտությունն իր ավտորիտար իշխանությունը կորցնելու պատճառ կդառնա:

– Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի համար ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է, և մեր խնդիրը ժամանակ ձգելն է:

– Ես ասում եմ, որ խաղաղության հաստատումը պետք է լինի մեր գերնպատակը, բայց այդ խաղաղությունը չի կարող թելադրված լինել Ադրբեջանի կողմից, չի կարող թելադրված լինել պատերազմի սպառնալիքի տակ: Հայաստանը պետք է գնա արժանապատիվ խաղաղության: Հայ-ադրբեջանական պատերազմի հաղթող կողմը Հայաստանն է, և չի կարող այնպես լինել, որ պարտվող կողմը թելադրի խաղաղության իր պայմանները:

– Ի՞նչ է նշանակում՝ արժանապատիվ խաղաղություն: Կարո՞ղ եք ասել խաղաղության Ձեր բանաձևը:

– Ես չեմ ուզում թաքցնել, որ իմ համար քննարկման ենթակա են բոլոր այն տարբերակները, որոնք եղել են մինչև հիմա. Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային լուծումից՝ մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած մադրիդյան սկզբունքները, որոնք կարելի է ընդունել բանակցությունների հիմք: Միակ մերժելի տարբերակը, որը ես համարում եմ դավաճանական, Ռոբերտ Քոչարյանի առաջարկած Մեղրիի միջանցքի փոխանակման ծրագիրն էր, որը, բարեբախտաբար, այլևս չի էլ քննարկվում: Կա երկու միջազգային սկզբունք. ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, որը համարվում է գերակա իրավունք, և կա պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, որ պետությունների սահմանները չպետք է փոփոխման կամ վերաձևման ենթակա լինեն, և պետություններն իրենց տարածքում ապրող այլ ժողովուրդների համար պետք է ապահովեն իրավունքների և ազատությունների պաշտպանության այնպիսի մակարդակ, որ նրանց համար մեծ տարբերություն չլինի, թե նրանք որ երկրում կամ սահմաններում  են ապրում:

Այս երկու սկզբունքների համադրությունը հեշտ գործ չի, և պետք է, որ երկու կողմն էլ պատրաստ լինեն իրական փոխզիջման: Խաղաղության համար պետք է ինչ-որ գին վճարել, որպեսզի Ադրբեջանը համարի, որ ինքն էլ ինչ-որ ձեռքբերում ունեցավ, որ ինքն էլ շահեց այդ խաղաղության հաստատման արդյունքում: Այլապես պետք է շարունակվի ներկա վիճակը և պատերազմի անվերջ սպառնալիքը, որի վերսկսման դեպքում՝ կամ մենք պետք է հասնենք Բաքու և իրենց խաղաղության պայմանագիր պարտադրենք, կամ իրենք հասնեն Երևան: Բայց այդ ժամանակներն անցել են, և ոչ թե այն պատճառով, որ մենք չենք կարող հասնել Բաքու, կամ իրենք՝ Երևան, այլ աշխարհն էլ դա թույլ չի տա: Ուղղակի պետք է, որ Հայաստանի իշխանությունն ունենա բավարար լեգիտիմություն և իր թիկունքում ունենալով հասարակության աջակցությունը՝ կարողանա հասնել արժանապատիվ խաղաղության հաստատման: Ես չեմ տիրապետում բանակցային գործընթացի նրբություններին, բայց համոզված եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները բավարար կամք դրսևորելու դեպքում կարող են հասնել այնպիսի լուծման, որը երկարատև խաղաղություն և բարգավաճում կապահովի երկու ժողովուրդների և պետությունների համար:

– ԱՄՆ-ը և Եվրամիությունը սանկցաներ են կիրառում ռուսական մի շարք ձեռնարկությունների և հաստատությունների նկատմամբ, որոնց մի մասը գործում է նաև Հայաստանում, այդ թվում՝ «ՎՏԲ»-ն և «Գազպրոմբանկը», «Ռոսնեֆտը»: Ըստ Ձեզ՝ Հայաստանը և՞ս պետք է միանա այդ պատժամիջոցներին, թե՞ պետք է արհամարհի դրանք:

– Երբ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, ապա ես ուզում եմ հասկանալ, թե որքանո՞վ է այն արդարացի: Այս դեպքում ևս ես հարցը դնում եմ այսպես. Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն արդարացի՞ են, թե՞ ոչ. և այս դեպքում ես համարում եմ, որ Արևմուտքի կիրառած պատժամիջոցները միանգամայն արդարացված են, որովհետև չի կարելի տանկերը վերցնել և մտնել Վրաստան, Աբխազիան և Օսեթիայի անկախությունը ճանաչելով, իրականում դրանք սեփականը համարել, չի կարելի զորք մտցնել Ղրիմ կամ Ուկրաինայի անջատողականներին զենք մատակարարել: Ռուսաստանն ուզում է ձևավորել, աշխարհաքաղաքական բևեռ չունենալով՝ նման հնարավորություններ, առավել ևս, ինքը հնարավորություն չունի դառնալ արևմտյան աշխարհաքաղաքական բևեռին հակակշիռ կամ այլընտրանք:

Արևմտյան աշխարհաքաղաքական բևեռն ունի արժեքային հստակ համակարգ.  իշխանություններն ընտրվում են, դատական համակարգն անկախ է, կա սոցիալական ապահովության հստակ համակարգ, զարգացած առողջապահություն: Մենք ուզում ենք, որ մեր հիվանդները բուժվեն արևմտյան կլինիկաներում, երեխաները սովորեն եվրոպական ուսումնական հաստատություններում, հանգստանանք արևմտյան երկրներում: Դրա այլընտրանքը ո՞րն է. Նազարբաևի և Լուկաշենկոյի ցմահ պաշտոնավարո՞ւմը, թե՞ ռուսական իշխանությունների բազմամիլիարդանոց կարողության կուտակումը՝ ի հաշիվ պետական հարստության յուրացման:

Քանի որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և իրենց ընդդիմություն կամ ոչ իշխանական ուժ հայտարարողները համարում են, որ Եվրասիական միությանն այլընտրանք չկա, ուրեմն նրանք Հայաստանը տանում են այդ պատժամիջոցների տակ ճռռալու ճանապարհով: Ի տարբերություն նրանց՝ ես համարում եմ, որ Հայաստանն իր անվտանգությունը, իր զարգացումը պետք է կապի արևմտյան համակարգի հետ, պետք է անի քայլեր, որոնք ելնում են մեր պետության շահերից, չնայելով նրան, թե ինչպես դրան կարձագանքի Ռուսաստանը:

Օրինակ, Արևմուտքի և Իրանի միջև եղած լարվածությունը թուլանում է, և Հայաստանը պետք է օգտվի այդ հնարավորությունից. ամբողջ թափով պետք է կառուցել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, ոը մեծացնում է Հայաստանի տարածաշրջանային նշանակությունը, պետք է կառուցել Իրան-Հայաստան երկաթգիծը, որի  մասին, արդեն 10 տարի է, խոսվում է, բայց ոչինչ չի արվում, պետք է կառուցել Արաքս գետի վրայի հիդրոէլեկտրակայանը, պետք է մտածել Իրանից Եվրոպա գնացող գազամուղը Հայաստանի տարածքով անցկացնելու մասին. և այսպես շարունակ: Իսկ ո՞վ է խանգարում այս ծրագրերի իրականացմանը. Միանշանակ՝ Ռուսաստանը: Եվ այս հարցը տալուց և պատասխանը ստանալուց հետո պետք է մտածել՝ Ռուսաստանը մեր բարեկա՞մն է, թե՞ հակառակորդը: Ռուսաստանը վերցրել է Հայաստանի ամենակարևոր և եկամտաբեր ձեռնարկությունները և դրանք օգտագործելու է մինչև դրանց հնարավորությունների վերջին սահմանը, իսկ հետո դրանք դեն է շպրտելու: Ռուսաստանը ներդրումներ չի կատարելու Հայաստանում ո՛չ նոր ատոմակայան, ո՛չ  երկաթգիծ կառուցելու մեջ կամ այլ նախագծերում. նրան Հայաստանի զարգացումը չի հետաքրքրում: Ռուսաստանին  պետք է հնարավորինս քամել Հայաստանը, ինչը և անում է:

– Կարծում եք, որ Հայաստանի իշխանությունը կանտեսի՞ արևմտյան պատժամիջոցները և դրանց հնարավոր հետևանքները:

– Ոչ միայն իշխանությունը, այլև քառյակը գործում են միևնույն դաշտում՝ Ռուսաստանի շահերը սպասարկելու դաշտում, Հայաստանի ապագան տեսնելով Եվրասիական միությանն անդամակցելու դաշտում: Բայց Հայաստանի բնակչության մի ստվար զանգված արդեն հասկանում է այդ ճանապարհի վտանգավորությունը: Ժամանակի ընթացքում այդ զանգվածը մեծանալու է և հաջորդ ընտրությունների ժամանակ, լինեն դրանք հերթակա՞ն, թե՞ արտահերթ, պայքարը լինելու է այն ուժերի միջև, որոնք Հայաստանը տեսնում են Եվրոպական ընտանիքի հետ ինտեգրման մեջ, և նրանց, ովքեր Հայաստանը տանում են դեպի Եվրասիական միություն: Թե չէ՝ այսօրվա ընդդիմությունը հայտարարում է, որ իրենք Ռուսաստանի համար ավելի վստահելի են, որ եթե իրենք լինեին իշխանության, ապա Հայաստանը վաղուց կլիներ Եվրասիական միության անդամ:

Այս ուժերի և իշխանության մեջ գաղափարական տարբերություն չկա: Քառյակն ու ՕԵԿ-ը նույն բանն են ասում. եթե մենք լինեինք, մենք ավելի լավ կբանակցեինք ռուսների հետ, մեզ ռուսներն  ավելի են վստահում: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինես՝ Ռուսաստանի համար ավելի վստահելի լինելու համար. դրա համար պետք է լինես գործակալի մակարդակի, պետք է ամբողջովին մի կողմ դնես քո երկրի շահը և հետևես Մոսկվայից եկող հրահանգներին. պետք է ռուսաց լեզուն լինի պետական, ուրեմն պետք է լինի, պետք է մեր էներգետիկ հզորությունները հանձնել Ռուսաստանին, ուրեմն պետք է հանձնել, պետք է հանքարդյունաբերությունը տալ իրենց, խնդրեմ, հեռահաղորդակցությունը՝ ռուսներին, խնդրեմ: Եվ դա արվում է, իբրև թե, հանուն Հայաստանի անվտանգության պաշտպանության, մինչդեռ այդ ամենի արդյունքում Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը բոլոր մակարդակներում:

– Արդյոք Հայաստանում կա՞ն քաղաքական ուժեր, որոնք կարող են ձևավորել հակառակ բևեռը:

– Մենք ասում ենք մեր տեսակետը, մեր կուսակցությունն ասում է, որ ինքը Հայաստանի ապագան տեսնում է ոչ այնտեղ, ուր այժմ տանում են մեր երկիրը: Հայաստանում կան մեզ նման մտածող այլ կուսակցություններ և անհատներ ևս, և թեև մեր միջև էլ կան որոշ տարաձայնություններ, բայց այն նպատակը, որ կա, ավելի կարևոր է, քան մեզ բաժանող մանր խնդիրները: Էլի եմ ուզում կրկնել, որ հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններում մեր գաղափարակիր ուժերը հանդես են գալու միասնաբար և միասնական թիմով: Եվ  ճիշտ կաբինետ ցուցադրելու դեպքում, ճիշտ առաջնորդ ընտրելու դեպքում հասնելու են իրական հաջողության: Եվ եթե իրապես ձևավորվի նման թիմ, ապա այն անպայման կունենա արտաքին քաղաքական աջակցություն, ինչպես որ իշխանությունը և նրա գաղափարակիր քառյակն ու ՕԵԿ-ն ունեն արտաքին քաղաքական աջակցություն:

Տեսանյութեր

Լրահոս